Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբան Արման Թամրազյանը վստահ է, որ Կարեն Գասպարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու և լրացնելու մասին որոշումը հիմնավորված և պատճառաբանված չէ

Օգոստոս 21,2019 16:56

Անցյալ տարվա Վարդավառի տոնն ավելի քան աղմկահարույց էր: Շատերը կհիշեն, թե ինչպես մեծ աղմուկ բարձրացավ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբայր Կարեն Գասպարյանի անվան շուրջ՝ կապված այդ օրը նրա մեքենան 13-ամյա աղջնակի կողմից ջրելու դեպքի հետ:

Այդ չարաբաստիկ օրը Կոտայքի մարզի Կոտայք գյուղում Կ. Գասպարյանն իր տիկնոջ ու դստեր հետ իրենց նոր մեքենայով անցնելիս ջրոցի խաղացող երեխաներին խնդրել է չջրել իրենց, երեխաները ձեռքով նշան են տվել, թե կարող են անցնել, չեն ջրի, սակայն երեխաներից մեկը՝ 13-ամյա Սոնան, ձեռքին եղած տարայով կողքի առվից ջուր է վերցրել և ջրել, ինչը բարկացրել է պարոն Գասպարյանին, քանի որ նոր գնված մեքենայի ներկածածկույթին են բախվել ջրի մեջ եղած ավազահատիկները: Նա կանգնեցրել է մեքենան, հանդիմանել անչափահասին և տան պատշգամբում գտնվող նրա հորը, ինչից հետո վերջինս իջել է բակ և հարձակվել Կ․Գասպարյանի վրա, սակայն հավաքված անձինք թույլ չեն տվել նրան մոտենալ Կ․Գասպարյանին։

Կ․Գասպարյանն ընտանիքի հետ մեկնել է իր ամառանոց, որտեղ էլ հաշտվելու համար գնացել են երեխայի հայրը և նրա հարազատները։

Այս մասին ԶԼՄ-ները բազմիցս գրել են՝ հրապարակելով նաև համապատասխան տեսանյութեր: Իսկ քրեական գործի մասին «Տեսակետ» մամուլի ակումբում ասուլիս էր հրավիրել Կ. Գասպարյանի փաստաբան Արման Թամրազյանը, որն էլ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց. «Ասուլիս հրավիրելու նպատակը վարույթն իրականացնող մարմնի ապօրինի գործողություններն ու որոշումներն են: Իրավական ճանապարհով պայքարը այս փուլում մտել է փակուղի, ուստի պաշտպանական կողմը գտնում է, որ հասարակությունը պիտի տեղեկացված լինի»:

Պարոն Թամրազյանը նախ նշեց, որ դեպքից օրեր անց՝ 2018 թ. հուլիսի 11-ին, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասով և 137-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի համար առիթ է հանդիսացել Կոտայքի մարզի Կոտայք գյուղի բնակիչ Ավետիք Սարգսյանի հաղորդումն այն մասին, որ 08․07․2018 թ. իրենց տան դիմաց անչափահաս դստեր կողմից քաղաքացի Կարեն Գասպարյանի ավտոմեքենան ջրելու կապակցությամբ վերջինիս և իր միջև ծագել է վիճաբանություն, որի ընթացքում հնչեցրել են փոխադարձ հայհոյանքներ։ Այնուհետև Կարեն Գասպարյանի որդին՝ Սերգեյ Գասպարյանը, որը ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայող է, իրեն կանչել է Կոտայք գյուղում գտնվող ամառանոց, որտեղ Կարեն Գասպարյանն իրենից պահանջել է ծնկաչոք ներողություն խնդրել տված հայհոյանքի համար՝ սպառնալով, որ հակառակ դեպքում ավտոմեքենայում գտնվող զենքով կսպանի իրեն։ Վախենալով հնչեցված սպառնալիքներից՝ նա ծնկի է իջել և ներողություն խնդրել, որի ընթացքում Սերգեյ Գասպարյանը բռունցքով հարվածել է իր դեմքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։

Այս հաղորդումից հետո Կ. Գասպարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացվել։

Հիշյալ որոշման նկարագրական-պատճառաբանական մասի համաձայն՝ «2018 թ. հուլիսի 8-ին Կարեն Գասպարյանի և Կոտայքի մարզի Կոտայք գյուղի բնակիչ Ավետիք Սարգսյանի միջև վիճաբանություն է տեղի ունեցել Ավետիք Սարգսյանի դստեր՝ անչափահաս Սոնա Սարգսյանի կողմից Կարեն Գասպարյանին պատկանող ավտոմեքենան Վարդավառի տոնի կապակցությամբ դույլով առվից վերցված ջրով ջրելու հարցի շուրջ։ Վիճաբանության ընթացքում Կարեն Գասպարյանն ու Ավետիք Սարգսյանը հնչեցրել են փոխադարձ հայհոյանքներ, սակայն հարևանների միջամտությամբ վեճը ծեծկռտուքի չի վերաճել։ Վիճաբանության շուրջ պարզաբանումներ կատարելու և հաշտվելու պատրվակով նույն օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, Կարեն Գասպարյանը Ավետիք Սարգսյանի եղբոր՝ իր ծանոթ Արսեն Սարգսյանի միջոցով Ավետիք Սարգսյանին հրավիրել է Կոտայք գյուղում գտնվող իր ամառանոց, որտեղ որդու՝ Սերգեյ Գասպարյանի, վերջինիս ընկերների, ամառանոցի պահակի և այլոց ներկայությամբ Ավետիք Սարգսյանից պահանջել է ծնկաչոք ներողություն խնդրել իրեն հայհոյելու համար, սակայն վերջինս հրաժարվել է կատարել այդ պահանջը։ Ա․Սարգսյանից իրեն հայհոյելու համար վրեժ լուծելու նպատակով Կարեն Գասպարյանը նրան վախեցնելու, տագնապի և սեփական անվտանգության համար անհանգստության զգացում առաջացնելու հանցավոր դիտավորությամբ, իր փառասիրության մոլուցքին հագուրդ տալու նպատակով իր ավտոմեքենայում գտնվող հրազենով Ավետիք Սարգսյանին սպանելու սպառնալիքներ է հնչեցրել։ Հնչեցված սպառնալիքների իրական լինելու ընկալումից ընկճված՝ Ավետիք Սարգսյանը տեղի է տվել Կարեն Գասպարյանի նվաստացնող պահանջին և, ծնկի գալով, ներողություն խնդրել նրանից»։

Ամբողջ խնդիրն այն է, որ այս տարվա հուլիսի 10-ին ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական վարչության ավագ քննիչի կողմից որոշում է կայացվել Կ. Գասպարյանին նոր մեղադրանք առաջադրելու մասին: Ա. Թամրազյանը պարզաբանեց, որ որոշման մեջ քննիչը իբրև հիմնավորում նշել է հետևյալը. «Նախաքննության ընթացքում կատարված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ Կարեն Գասպարյանի կողմից կատարված վերոհիշյալ հանրորեն վտանգավոր արարքը համապատասխանում է ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներին, այսինքն՝ Կարեն Գասպարյանը, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որը զուգորդվել է անչափահասի նկատմամբ բռնություն գործադրելով»:

Նույն օրը որոշում է կայացվել Կ. Գասպարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Նրան, ըստ փաստաբանի, մեղսագրվել է հետևյալ արարքը.

«2018 թ. հուլիսի 8-ին անչափահաս Սոնա Սարգսյանը և իր հասակակից մի խումբ երեխաներ Կոտայքի մարզի Կոտայք գյուղի 3-րդ փողոցում ու դրան հարակից հատվածում Վարդավառի տոնին ընդունելի կանոններին համապատասխան իրենց ձեռքին եղած տարաներով ջրել են միմյանց, որի ընթացքում Կարեն Գասպարյանն ավտոմեքենայով երթևեկել է հիշյալ փողոցով, որտեղի բնակչուհի անչափահաս Սոնան իր ձեռքին եղած ջրի տարայով ջրել է երթևեկության ընթացքի մեջ գտնվող Գասպարյանի ավտոմեքենան:

Կարեն Գասպարյանը համայնքի մյուս բնակիչների և երթևեկության մասնակիցների նկատմամբ իր անձի առավելությունը ցուցադրելու նպատակով, ակնհայտ արհամարհանք դրսևորելով մարդկային համակեցության ընդունված ու Վարդավառի տոնի խորհրդով պայմանավորված վարքագծի կանոնների նկատմամբ, ցուցադրական կերպով ավտոմեքենան կանգնեցրել է ճանապարհի միջնամասում՝ դրանով խոչընդոտներ ստեղծելով երթևեկող ավտոմեքենաների համար, իջել ղեկից և ուղղակի դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ խուլիգանական դրդումներով աղմկել է՝ Սոնա Սարգսյանին անվանելով «լակոտ, անդաստիարակ», այնուհետև, ներքին բավականություն չստանալով սեփական գործողություններից, բռնություն է գործադրել վերջինիս նկատմամբ՝ աջ ձեռքով բռնելով պարանոցի հատվածից և սեղմելով գետնին:

Սոնայի հայրը՝ Ավետիք Սարգսյանը, տան պատշգամբից ականատես լինելով Կարեն Գասպարյանի հիշյալ գործողություններին, նրա հակաօրինական ու հակաբարոյական վարքագիծը դադարեցնելու նպատակով վերջինիցս պահանջել է անհապաղ թողնել զավակին և հեռանալ: Չհանդուրժելով իրեն կարգի հրավիրելու և վերը նկարագրված հակաօրինական ու հակաբարոյական վարքագիծը դադարեցնելուն ուղղված հորդորը, ընդգծելով իր հանցավոր վերաբերմունքը՝ Կարեն Գասպարյանը հայհոյանքներ է հնչեցրել Ավետիք Սարգսյանի հասցեին, ապա փորձել բռնություն գործադրել արդեն երեխային հասած նաև Ավետիք Սարգսյանի նկատմամբ, սակայն իր իսկ վերը նկարագրված գործողությունների արդյունքում հավաքված ներկաների միջամտությամբ վեճը դադարել է:

Չբավարարվելով արդեն իսկ կատարվածով և շարունակելով խուլիգանական դրդումներով ու մղումներով պայմանավորված իր հանցավոր վարքագիծը՝ Կարեն Գասպարյանն իբր հաշտվելու համար, սակայն իրականում՝ իր փառասիրության մոլուցքին հագուրդ տալու, սեփական «ես»-ի առավելությունը հասարակության մյուս անդամների մոտ ընդգծելու մոլուցքից դրդված և Ավետիք Սարգսյանին հասարակության մյուս անդամների ներկայությամբ նվաստացնելու դիտավորությամբ վերջինիս նույն օրը հրավիրել է Կոտայքի մարզի Կոտայք գյուղում գտնվող իր ամառանոց, որտեղ իր որդու՝ Սերգեյ Գասպարյանի, վերջինիս ընկերների, ամառանոցի պահակի, Ավետիք Սարգսյանի եղբորորդու և հարևանի ներկայությամբ Ավետիք Սարգսյանից պահանջել է ծնկաչոք ներողություն խնդրել իրեն հակադրվելու համար՝ շեշտելով, որ ինքը դրանից բավականություն է ստանում:

Ավետիք Սարգսյանը, Կարեն Գասպարյանին պատկանող սեփական տարածքում գտնվելու և վերջինիս ու նրա թվաքանակով գերակշռող կողմնակիցների կողմից հնարավոր բռնության ենթարկվելու վախից դրդված, տեղի է տվել Կարեն Գասպարյանի նվաստացնող պահանջին և, ծնկի գալով, ներողություն խնդրել նրանից:

Այսպիսով, Կարեն Սերգեյի Գասպարյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 2-րդ մասով»:

Փաստաբան Արման Թամրազյանը վստահ է, որ Կարեն Գասպարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու և լրացնելու մասին որոշումը հիմնավորված և պատճառաբանված չէ։ «Վարույթն իրականացնող մարմինը որևէ կերպ չի հիմնավորել, թե նախկինում ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով Կ․Գասպարյանին առաջադրված մեղադրանքում նկարագրված արարքը ինչպե՛ս է իրականում համապատասխանել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքին, այն դեպքում, երբ հիշյալ հանցակազմերն էապես տարբերվում են միմյանցից»,-նշեց բանախոսը և հավելեց. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարույթն իրականացնող մարմնին պաշտպանական կողմը քրեական գործի նախաքննության ընթացքում միջնորդություն է ներկայացրել Կարեն Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ՝ մանրամասն կերպով նշելով, թե նրան մեղսագրված արարքի հանցակազմի որ հատկանիշներն են բացակայում, իսկ վարույթն իրականացնող մարմինը միջնորդությունը մերժել է, ապա պետք է ենթադրել, որ վարույթն իրականացնող մարմինը պաշտպանի միջնորդությունը մերժելուց հետո ձեռք է բերել նոր ապացույցներ, որոնք բացառել են Կ․ Գասպարյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հանցակազմի առկայությունը»։

Նրա համար անհասկանալի է, թե 137-րդ հոդվածն ինչպես է փոփոխվել 258-րդով, որն ունի «Խուլիգանություն» վերտառությունը: Ըստ Թամրազյանի՝ վարույթն իրականացնող մարմինը Կ․ Գասպարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու և լրացնելու մասին որոշումը որևէ կերպ չի պատճառաբանել և պաշտպանական կողմի համար անհասկանալի է, թե Կ․ Գասպարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում հիշյալ հոդվածի հանցակազմի ո՛ր հատկանիշներն են բացակայել, որը հիմք է տվել քննիչին դատողություններ անել, որ նա չի կատարել մեղսագրված արարքը, այլ կատարել է այլ արարք՝ խուլիգանություն։

«ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը մերժելու մասին որոշում կայացնելուց մի քանի ամիս անց, առանց որևէ նոր փաստական հանգամանք ձեռք բերելու, Կ․Գասպարյանի արարքը վերաորակելով՝ վարույթն իրականացնող մարմինը հաստատել է, որ միջնորդությունը մերժել է անհիմն և կամայականորեն: Հիշյալ որոշման պատճառաբանված չլինելու արդյունքում պաշտպանական կողմը հայտնվել է անորոշության մեջ, քանի որ որևէ կերպ հնարավոր չէ ենթադրել, թե վարույթն իրականացնող մարմինը քրեական գործում եղած ո՛ր փաստական տվյալն ինչպե՛ս է գնահատել և ի՛նչ իրավական հիմնավորմամբ է վերաորակել Կ․Գասպարյանին առաջադրված մեղադրանքը և նրան նոր մեղադրանք առաջադրել»,-ասաց փաստաբանը։ Նա վստահ է, որ քննիչը դիտավորյալ որևէ կերպ չի պատճառաբանել մեղադրանքը փոփոխելու մասին որոշումը, քանի որ եթե պատճառաբանված որոշում կայացներ, պետք է հստակ արձանագրեր, թե ինչու՛ է բացակայում սպանության սպառնալիքի հանցակազմը, որը նրան թույլ չէր տա նոր մեղադրանքում ինչ-որ կերպ նկարագրել Կ․Գասպարյանի ամառանոցի բակում տեղի ունեցած իրադարձությունները՝ որպես խուլիգանության դրսևորում։

«Վարույթն իրականացնող մարմինն ի սկզբանե Կ․Գասպարյանի նկատմամբ դրսևորել է կանխակալ մոտեցում և խտրական վերաբերմունք, Կ․Գասպարյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով՝ հիշյալ հանցակազմի բացակայության մասին վկայող փաստերի առկայության դեպքում, տևական ժամանակ՝ շուրջ մեկ տարի, նրան քրեական հետապնդման ենթարկելով հիշյալ հոդվածով չի կարողացել հիմնավորել մեղադրանքը, գիտակցել է մեղադրանքի ապօրինությունը և անհիմն լինելը, սակայն Կ․Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցրել, այլ նրա մեղադրանքը փոփոխել է»,-նշեց Ա. Թամրազյանը։ Նա կարծում է, որ Կ․ Գասպարյանի նկատմամբ խտրական վերաբերմունք դրսևորելու միակ պատճառը վերջինիս հարազատական կապերն են, մասնավորապես այն, որ նա մինչ հեղափոխությունը ՀՀ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցրած Վ․Գասպարյանի եղբայրն է։

«Կ․ Գասպարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքն ակնհայտ ապօրինի է և անհիմն, քննիչը նման որոշում է կայացրել քրեական գործում ունենալով հիշյալ մեղադրանքը բացառող բազմաթիվ ապացույցներ և փաստական տվյալներ»,-նշեց բանախոսը՝ զավեշտալի համարելով Կ․Գասպարյանին առաջադրված մեղադրանքի որոշման մեջ տրված ձևակերպումները և հավաստիացնելով, որ մեղադրանք առաջադրելու միակ նախապայմանը քննիչի վառ երևակայությունն է։

«Այս մասին է վկայում նաև վերոնշյալ տարածքում եղած և միջադեպը ֆիքսած տեսախցիկի տեսագրությունը: Մեղադրանքի որոշման մեջ նշված է, որ Կ․Գասպարյանը բռնություն է գործադրել անչափահաս երեխայի նկատմամբ՝ ձեռքով բռնելով պարանոցի հատվածից և սեղմելով դեպքի ներքև՝ գետնին։ Հիշյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, և քննիչը որոշման մեջ հերթական անգամ մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ։ Հիշյալ հատվածում տեղադրված տեսախցիկի տեսագրության ուսումնասիրությամբ հստակ երևում է, որ երբ Կ․Գասպարյանը մոտենում է իր մեքենայի վրա ջուր լցրած երեխային, վերջինս գտնվում է նույն առվի մոտ, կռացած վիճակում, դույլը ձեռքին փորձում է առվից կրկին ջուր լցնել իր ձեռքի դույլի մեջ։ Կ․Գասպարյանը, նրան մոտենալով, ինքն էլ է մի փոքր կռանում դեպի երեխան, սակայն երեխայի կռացած դիրքը այդ ընթացքում որևէ փոփոխության չի ենթարկվում։ Կադրում հստակ երևում է երեխայի գլուխը, որը գոնե աննշան չափով ցած չի իջնում, իսկ երբ Կ․Գասպարյանն ուղղվում է, երեխան ավելի է կռանում և առվից դույլով ջուր է վերցնում։ Հիշյալ տեսագրությունը հստակ վկայում է այն մասին, որ Կ․Գասպարյանը երեխայի պարանոցի հատվածից չի բռնել և նրան չի սեղմել դեպի ներքև, հակառակ պարագայում երեխան կռացած դիրքից է՛լ ավելի կկռանար, իսկ դրանից հետո ոչ թե իր ձեռքի դույլը կրկին առվի ջրով կլցներ, այլ կդրսևորեր բռնության ենթարկված անչափահաս երեխային բնորոշ այլ վարքագիծ»,-վստահեցրեց պարոն Թամրազյանը: Հատկանշական է, որ հենց նույն երեխան դեպքից անմիջապես հետո, պատասխանելով լրագրողի հարցերին, հայտնել էր, որ Կարեն Գասպարյանը, բռնելով իր մազերից, իր գլուխը փորձել է մտցնել առուն։ Այսինքն՝ հերթական անգամ պաշտպանական կողմը համոզվել է, որ Կարեն Գասպարյանի դեմ ներկայացվել են շինծու և հորինված փաստեր։

Փաստաբանն անդրադարձավ նաև մեղադրանքի այն հատվածին, որտեղ նշվում է, որ «Կ. Գասպարյանը համայնքի մյուս բնակիչների և երթևեկության մասնակիցների նկատմամբ իր անձի առավելությունը ցուցադրելու նպատակով ակնհայտ արհամարհանք է դրսևորել մարդկային համակեցության ընդունված ու Վարդավառի խորհրդով պայմանավորված վարքագծի կանոնների հանդեպ»: «Այսինքն՝ ըստ մեղադրանքի որոշման՝ գոյություն ունեն Վարդավառի տոնի համար սահմանված համապատասխան կանոններ, և երեխաների կողմից իրենց ձեռքին եղած տարաներով միմյանց ջրելը եղել է ընդունելի կանոններին համապատասխան, իսկ Գասպարյանը արհամարհանք է դրսևորել այդ կանոնների նկատմամբ։ Պաշտպանական կողմի համար անհրաժեշտություն է առաջացել քննիչից պարզաբանում պահանջելու առաջադրված մեղադրանքի վերաբերյալ, քանի որ պաշտպանական կողմը չի կարողացել որևէ աղբյուրից գտնել Վարդավառի կանոնները և պարզել, թե իրականում երեխաների կողմից միմյանց ջրելը եղե՞լ է արդյոք ընդունելի կանոններին համապատասխան, թե՞ տեղի են ունեցել կանոնների պահանջների խախտումներ, կամ այդ վարքագիծը ընդգրկվա՞ծ է եղել ոչ ընդունելի կանոնների մեջ, կամ թե կանոններով թույլատրվա՞ծ է արդյոք Վարդավառին ջրել բոլորին՝ առանց ջրվողի համաձայնության, կամ ջրելու դեպքում թույլատրվա՞ծ է արդյոք օգտագործել առվի ցեխոտ և ավազահատիկներով ջուրը, թե՞ պետք է օգտագործել բացառապես մաքուր ջուր, ի՞նչ պատասխանատվություն է նախատեսված տոնի կանոնները խախտողների համար, կանոնների խախտմամբ ջրված անձինք իրավունք ունե՞ն արդյոք հանդիմանել իրենց ջրողներին, թե՞ ոչ, եթե իրավունք ունեն հանդիմանելու, ապա ինչպե՞ս, այդ ընթացքում իրավասու՞ են աղմուկ բարձրացնելու, թե՞ ոչ, եթե առանց անձի համաձայնության առվի ջրով ջրել են անձի նոր մեքենան, ապա այդ անձը իրավունք ունի՞ արտահայտելու իր դժգոհությունը, թե՞ ոչ և այլն»,-ասաց Թամրազյանը:

Հաջորդ հանգամանքը, ըստ փաստաբանի, վերաբերում է մեղադրանքի որոշման մեջ նշված մարդկային համակեցության կանոններին. «Անհրաժեշտություն է առաջացել քննիչից պարզաբանում ստանալ որոշման մեջ նշված մարդկային համակեցության կանոնների վերաբերյալ և պարզել, թե մարդակային համակեցության ո՛ր կանոններն են անձին արգելում պահպանել իր սեփականությունը հանդիսացող նոր գույքը, ո՛ր կանոններն են անձին արգելում իր զայրույթն արտահայտել իր գույքը ենթադրյալ վնասողի նկատմամբ, նախատել նրան և խոսել բարձր ձայնով, համակեցության ո՛ր կանոնն է արգելում անձին իրեն հայհոյող անձին պատասխանել հայհոյանքով»։

Ա. Թամրազյանն անդրադարձավ նաև մեղադրանքի որոշման մեջ նշված այն հանգամանքին, որ «Ավետիք Սարգսյանը, տան պատշգամբից ականատես լինելով Կարեն Գասպարյանի հիշյալ գործողություններին, նրա հակաօրինական ու հակաբարոյական վարքագիծը դադարեցնելու նպատակով վերջինիցս պահանջել է անհապաղ թողնել զավակին և հեռանալ»: «Այստեղ պետք է փաստել, որ հիշյալ հանգամանքը չի համապատասխանում իրականությանը և հերքվել է քրեական գործում եղած փաստական տվյալներով: Մասնավորապես՝ Ա․Սարգսյանի տան բակում եղած տեսախցիկի տեսագրությամբ պարզվել է, որ երբ Ավետիք Սարգսյանը պատշգամբով քայլելով մոտեցել է, և Կարեն Գասպարյանը սկսել է նրա հետ խոսել՝ դեպի Ա․Սարգսյանը պարզելով իր ձեռքերը, Ա․Սարգսյանի դուստրը, արդեն իսկ առվից ջուր վերցնելով, ուղղվել է և մի կողմ քաշվել, հետևաբար և իր դստերը թողնելու վերաբերյալ պահանջի մասին մեղադրանքի որոշման մեջ նշելը վկայում է մեղադրանքի որոշման մեջ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ մտցնելու մասին»,-ասաց Թամրազյանը։

Պաշտպան Ա․Թամրազյանը հավելեց, որ վարույթն իրականացնող մարմինը պաշտպանական կողմին նախազգուշացրել է չհրապարակել նախաքննության տվյալները, այդ պատճառով հրապարակում է միայն այն տեղեկությունները, որոնք ստացվել են հենց Կարեն Գասպարյանից կամ տեղ են գտել համացանցում, իսկ գործում առկա այն ապացույցները, որոնց պաշտպանական կողմը սահմանված կարգով ծանոթացել է, չեն հրապարակվում։ Նախազգուշացման պատճառն այն է, որ քրեական գործում կան հստակ տեղեկություններ կեղծ ապացույցներ ստեղծելու վերաբերյալ, իսկ վարույթն իրականացնող մարմինը չի ցանկանում, որ հանրությունը տեղեկացված լինի, թե իրականում ի՛նչ կեղծիքներ են կատարվել, ու՛մ կողմից և ի՛նչ նպատակով։ Այնուամենայնիվ, պաշտպանը հույս հայտնեց, որ քրեական գործը ի վերջո կավարտվի, վարույթն իրականացնող մարմինը կդադարեցնի իր անգործությունը, և մեկ տարուց ավելի անհիմն ձգվող նախաքննությունը ավարտելու պահից պաշտպանական կողմը կհրապարակի գործի ամբողջ տվյալները։

Պարոն Թամրազյանը վստահ է, որ տեսագրության մեջ եղած փաստերը չեն համապատասխանում մեղադրանքի որոշման մեջ եղած փաստերին, քննիչն ակնհայտ ապօրինի մեղադրանք է առաջադրել: «Մեր պահանջը Կ. Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելն է»,-եզրափակեց փաստաբանը:

«Տեսակետ» մամուլի ակումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031