Ի պատասխան 21.08.2019թ․ մամուլում հայտնված տեղեկատվությանը, Սահմանադրական դատարանի աշխատակազմը տեղեկացնում է.
1. «Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» միավորված գործով, «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանի՝ ութ դատավորի կողմից միաձայնությամբ ընդունված և հրապարակված ՍԴԱՈ-81, ՍԴԱՈ-82 աշխատակարգային որոշումների հիման վրա խորհրդատվական կարծիք ստանալու համար Մարդու իրավունքների եվրոպական դատարան և «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողով (Վենետիկի հանձնաժողով) ներկայացված դիմումները կազմվել են բացառապես Սահմանադրական դատարանի իրավասու անձանց կողմից։ Հակառակի մասին պնդումներ պարունակող լուրերն ապատեղեկատվություն են։
2. Սահմանված կարգին համապատասխան՝ դիմումները նշված մարմիններ ներկայացվել են անգլերեն լեզվով, իսկ գործի նյութերում առկա են դիմումների հայերեն և անգլերեն օրինակները։
3. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի կարգավորումների համաձայն՝ բացառությամբ որոշակի դեպքերի, գործի նյութերը կամ դրանց վերաբերյալ տեղեկատվությունը կարող են տրամադրվել միայն օրենքով սահմանված անձանց կամ մարմիններին (կողմին, փորձագետին և այլն)՝ օրենքով նախատեսված դեպքերում։
Կարդացեք նաև
Սահմանադրական դատարանի աշխատակազմ