Լրահոս
Օրվա լրահոսը

«Սարոն այս ամենին արժանի չէր». փոթորիկ Կալենցների ընտանիքում

Օգոստոս 21,2019 14:45

Երբ 2017թ. հոկտեմբերի 27-ին սրտի կաթվածից մահացավ արվեստագետ, դասավանդող, «Կալենց» տուն թանգարանի հիմնադիր Սարո Կալենցը, դրանից հետո ընտանիքում եւ թանգարանում ամեն ինչ այլ հունով ընթացավ:

Aravot.am-ի հետ զրույցում Սարո Կալենցի որդին՝ Հարության Գալենցը, որն ապրում, ստեղծագործում, դասավանդում է Բեռլինում, հայտնեց, որ հոր մահից հետո կապ է հաստատել ԱՄՆ բնակվող հորեղբոր՝ Արմեն Կալենցի, Հայաստանում բնակվող հոր կնոջ՝ Լարիսա Կատասանովայի հետ եւ վերադարձել Երևան՝ կազմակերպելու հոր թաղման արարողությունը: Նրա տեղեկացմամբ, 2009թ. Լարիսա Կատասանովան ժամանակավոր էր նշանակվել «Գալենց» հիմնադրամի տնօրեն: «Քանի որ տուն- թանգարանը չունի գրանցամատյան՝ թանգարանին պատկանող առարկաների վերաբերյալ իմ կողմից դիմում է ներկայացվել նոտարին՝ սահմանված ժամկետում տուն թանգարանում գույքագրում կատարելու նպատակով: 2017թ. նոյեմբերի 23-ին Կատասանովան արգելում է նոտարի մուտքը տուն-թանգարան, խուսափելով գույքագրման աշխատանքներից»,-ասում է Հարություն Կալենցը, որը դիմել էր դատարան՝ Կատասանովային պարտավորեցնելու չխոչընդոտել գույքագրման աշխատանքները:

Սարո Կալենցի որդու ասելով, դատական նիստերի ընթացքում Կատասանովայի կողմից ներկայացվում է նվիրատվության պայմանագիր, որով Սարո Կալենցը Հարություն, Արմինե Կալենցներին, իրեն պատկանող կտավները և թանգարանում գտնվող այլ առարկաներ 2016 թ. նվիրել է եղբորը՝ Արմեն Կալենցին: Հետագայում առաջանում են ժառանգության ընդունման հետ կապված այլ գործեր, որոնք քննվում են տարբեր դատարաններում: Հարություն Գալենցը կարծում է, որ նվիրատվության պայմանագիրը սարքված է, քանի որ կազմված եւ կնքված չի եղել հոր կողմից, ստորագրությունն էլ հոր ստորագրությունը չէ: Նա համոզված է, որ եթե հոր կողմից կազմվեր պայմանագիրը վերջինս մեկ առ մեկ կնշեր նվիրվող առարկաների անունը, քանակը, ինչպես նաև արխիվում պահպանվող ձեռագրերի, նամակների տարեթվերը, կնշեր, որոնք ում կողմից են գրված, կազմված, կնշեր նաև հավելվածները քանի էջից են բաղկացած, որպես արվեստագետ կաներ կտավների լուսանկարները, հավելվածները կստորագրեր, կնշեր իր ձեռագրով անուն- ազգանունը, ինչպես միշտ արել է կտավների հետ կապված գրագրություններում:

2019թ-ին փետրվարի 25-ին կայացված վճռով՝ Հարություն Գալենցի հայցն ընդդեմ հորեղբոր` Արմեն Կալենցի՝ կեղծ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, մերժվել է։ Նա Վերաքննիչ ու վճռաբեկ ատյաններ էլ է դիմել:

Ավելի վաղ, 2018թ-ի հոկտեմբերի 1-ին էլ հաղորդում էր տրվել Արաբկիր և Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների դատախազություն` հայտնելով, որ Լարիսա Կատասանովան զոդելով տուն- թանգարանի երկաթյա դուռը, արգելում է, որ մուտք գործեն սեփականության իրավունքով իրենց պատկանող տուն- թանգարան: Հարություն Գալենցն ասում է, որ դատարանի կողմից արգելված էր Կատասանովային Սարո Գալենցին պատկանող բոլոր կտավները տնօրինել, տիրապետել, քանի որ նա երկու դատական ատյաններում պարտվել է: Ինքը մտահոգ է, որ Կատասանովան դրանք կարող է վաճառել կամ երկրից դուրս հանել:

Կապեցինք նաեւ Լարիսա Կատասանովայի հետ: Նա հետաքրքրվեց, թե ինչու պետք է Կալենցների հետ կապված դատական հարցերը հետաքրքրեն լրագրողներին: Ասաց, որ չի ցանկանում, որպեսզի թեման արծարծվի մամուլում: Ավելի ուշ նշեց, որ դեռ ԱՄՆ-ից Արմեն Կալենցը պետք է գա Հայաստան, իսկ իր փաստաբանը Հայաստանում կլինի սեպտեմբերին:

«Մեր փաստաբանը պետք է քաղաքում լինի, որ բացատրի, թե ինչ գործեր է հարուցել Հարություն Կալենցը մեր դեմ»,-ասաց տիկին Կատասանովան: Հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ թույլ չի տալիս, որ գույքագրում արվի: «Իսկ ինքը ձեզ չի պատմե՞լ, թե ինչպե՞ս է երկու անգամ կոտրել դուռը, «բոլգարկայով» դարպասները քանդել»: Նա նաեւ հավելեց. «Իսկ ո՞ւր էր ինքը, որ 10 տարի Սարոն պահում էր այս ամենը: Այն ամենը, ինչ ինքն անում է, անում է ստիպված… Դուք գիտե՞ք, թե մենք ինչ բաների միջով ենք անցել… Ինքը գործեր է հարուցել, եւ անիմաստ է, որ ես լրագրողին ասեմ, որ հարուցման ընթացքը դեռ չի ավարտվել, տեսնեմ ոնց կլինի՞…Սա Կալենցներին ոչ վայել մի բան է… Այս ամեն ինչը կավարտվի, անիմաստ է, իսկ իր կողմից հարուցված գործերով մենք գլորվում ենք»,-ասաց Կատասանովան:

Ինչ վերաբերում է Հարություն Կալենցի` կտավները դուրս հանելու կասկածներին, ասաց. «Դրանք լուրջ մարդկանց չեն հետաքրքրում, նույնիսկ իր հորը չեն հետաքրքրել…Եթե իմանաք, թե հոր մահից մեկ շաբաթ առաջ հորն ինչ նամակ էր ուղարկել, դրանք գործերի մեջ կցված բաներ են: Այս պատմությունը վայել չէ մեզ բոլորիս, մենք բոլորս պետք է հետո ռեանիմացիա անցնենք…Սարոն այս ամենին արժանի չէր: Սարոյից հետո 10-րդ օրը միլիցիան մտել է իմ տուն: Դա իմ ողջ կյանքում հանդիպած առաջին միլիցիան էր»:

Նա հավաստիացրեց, որ առաջիկայում դատական գործընթացները կավարտվեն եւ թանգարանը նորից կվերաբացվի ու կվերադառնա խաղաղ հուն:

Հարություն Կալենցը եւս անդրդվելի է, ասում է պայքարելու է մինչեւ Եվրոդատարան:

Հ.Գ. Հարություն Գալենցի եւ Լարիսա Կատասանովայի փաստաբանների մեկնաբանություններն` ավելի ուշ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` Կալենց թանգարանի կայքից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031