Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Խաչատուրյան քույրերին ճանաչել են որպես իրենց հոր զոհ

Օգոստոս 21,2019 12:43

Ռուսաստանի քննչական կոմիտեի քննիչները հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի պաշտպաններին են հանձնել պաշտոնական եզրակացություն, որով հրաժարվում են հետմահու քրեական գործ հարուցել դուստրերին խոշտանգումների ենթարկելու և սեռական ոտնձգության ենթարկելու փաստով: Միաժամանակ, աղջիկների դեմ բռնության փաստն ինքնին քննությունը հաստատել է: Փաստաբանները կարծում են, որ այս հանգամանքն իրենց կօգնի ապացուցել, որ հուսահատության հասած աղջիկները գործել են անհրաժեշտ ինքնապաշտպանության շրջանակում, ուստի նրանց քրեական հետապնդումը պետք է դադարեցվի:

«Կոմերսանտի»՝ ուժային կառույցներում աղբյուրների համաձայն՝ Միխայիլ Խաչատուրյանի դեմ քրեական գործի հարուցումը մերժելու որոշումը կայացվել էր դեռ հուլիսի վերջին, սակայն փաստաբաններին այն հանձնվել է միայն օրերս: Ըստ նախնական տեղեկատվության՝ Խաչատուրյան 3 քույրերը իրարից անկախ դեռ այս տարվա մայիսին առանձին հայտարարություն էին գրել՝ պահանջելով քրեական գործ հարուցել իրենց հոր նկատմամբ: Դրանից հետո քննիչները ստուգում են իրականացրել այնպիսի փաստերով, ինչպիսիք են խոշտանգումը, սեռական բնույթի բռնի գործողությունները և սեռական բնույթի գործողությունների դրդելը:

Քննիչները հաստատված են համարել այդ փաստերից միանգամից մի քանիսը, որոնք տեղի են ունեցել 2014թ., ընդ որում, ինչպես իրենց բնակարանում, այնպես էլ այլ վայրերում: Դրանով հանդերձ, որոշում է կայացվել հրաժարվել քրեական գործ հարուցելուց այդ բոլոր աղաղակող փաստերով, քանի որ կասկածյալը մահացած է:

Իհարկե, քրեական օրենսգիրքը դեռ նախատեսում է քրեական գործի հարուցում այն դեպքում, եթե դա պահանջեն Միխայիլ Խաչատուրյանի մերձավորները, որպեսզի փորձեն ապացուցել նրա անմեղությունը և պահանջեն, որպեսզի հետմահու հանվեն նրա վրայից բոլոր կասկածները: Ըստ թերթի տվյալների՝ առայժմ Խաչատուրյանի մերձավորների կողմից նման պահանջ չի ներկայացվել:

«Կոմերսանտի» այս տեղեկությունը հաստատել է միջնեկ աղջկա՝ 19-ամյա Անգելինայի փաստաբանը՝ Ալեքսեյ Պարշինը:

«Ռուսաստանի քննչական կոմիտեն հաստատել է, որ մի քանի տարի շարունակ աղջիկները պարբերաբար ենթարկվել են խոշտանգումների և սեռական ոտնձգության»,- ասել է պաշտպանը:

Նա հատուկ ընդգծել է, որ այդպիսով «հաստատվել են նախկինում աղջիկների ցուցմունքներում շարադրած փաստերը»: Ըստ պաշտպանի՝ սա «ավելորդ անգամ» վկայում է, որ երկար ժամանակ ինչպես իր պաշտպանյալի, այնպես էլ նրա քույրերի կյանքը և առողջությունը եղել է սպառնալիքի տակ: Փաստաբանը պարզաբանել է, որ Միխայիլ Խաչատուրյանի սպանության գործով քննությունն արդեն ավարտվել է: Եվ անցյալ ամիս մեղադրյալները և նրանց պաշտպանները սկսել են ծանոթանալ գործի նյութերին:

Հարկ է նշել, որ ինչպես հասարակությունը, այնպես էլ Միխայիլ Խաչատուրյանի մերձավորները նրա մահից հետո բաժանվել էին երկու ճամբարների: Մահացածի քույրերը, որոնք նրան գրեթե սրբադասում են, աղջիկների համար պահանջում են խիստ պատիժ:

Ըստ թերթի տվյալների՝ Միխայիլ Խաչատուրյանի հարազատները քննությանը մի քանի միջնորդություն են ներկայացրել, այդ թվում՝ բավականին անսպասելի:

Մասնավորապես, նրանք պահանջել են ստուգել աղջիկների փաստաբանների հնարավոր մասնակցությունը Խաչատուրյանի սպանության գործում: Նրանք կասկածներ ունեն, որ փաստաբանները նախկինում ծանոթ են եղել աղջիկների հետ, որոնք մտածել են հոր սպանությունը և հետո գործել նրանց ցուցումներով: Աղջիկների պաշտպանները իսկապես հայտնի փաստաբաններ են, որոնք մասնագիտացած են ընտանեկան և փողոցային բռնության զոհերի շահերի պաշտպանության մեջ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031