Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Յուրի Տեփանոսյանի այրի. «Սմբատ Բարսեղյանն իրավունք չունի արեւի երես տեսնելու»

Օգոստոս 21,2019 12:26

2016թ.-ին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք հանցագործությունների կատարման համար մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի գործով հերթական դատական նիստին այսօր քաղաքացիների համար նախատեսված հատվածում ներկա էր զոհված ոստիկաններից Յուրի Տեփանոսյանի հայրը՝ Վահրամ Տեփանոսյանը: Հիշեցնենք, որ նախորդ նիստում այս գործով դատավոր Մեսրոպ Մակյանը Տեփանոսյանի ծնողներին թույլատրել էր մասնակցել նիստերին: Քաղաքացիների մուտքն արգելված է դատավորի որոշմամբ, քանի որ «Սասնա ծռերի» համակիրներն աղմկում եւ խոչընդոտում էին նիստերին:

Դատարանն այսօր պետք է շարունակեր հարցաքննել գործով ծանուցված վկաներին, սակայն նրանք չէին ներկայացել: Դատավոր Մակյանը որոշեց փոփոխել ապացույցների հետազոտման հերթականությունը՝ ուսումնասիրելով գործում առկա իրեղեն ապացույցները եւ զուգահեռ կրկին ծանուցելով վկաներին: Դատախազ Պետրոս Պետրոսյանը նշեց, որ դատարանը պետք է դիմի Հատուկ քննչական ծառայությանը, որովհետեւ այս գործով իրեղեն ապացույցների մի մասը պահվում է ՀՔԾ իրեղեն ապացույցների պահման վայրում:

Ապա մեղադրյալներից Սմբատ Բարսեղյանի (2016թ.-ից կալանքի ներքո է) շահերի պաշտպան, փաստաբան Մուշեղ Շուշանյանը դատարանին ներկայացրեց Բարսեղյանի խափանման միջոց կալանքը վերացնելու կամ փոխելու միջնորդություն: Հիշեցնենք՝ «Սասնա ծռեր» խմբի անդամներից միայն Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանն են կալանքի ներքո (Բարսեղյանին առաջադրված է երկու, իսկ Բիլյանին՝ մեկ ոստիկանի սպանության մեղադրանք):

Մուշեղ Շուշանյանը հայտարարեց՝ այս միջնորդության հարուցմամբ չեն ակնկալում դատարանի անկողմնակալ որոշում, քանի որ իրենց համոզմամբ՝ անկախ եւ անաչառ դատարան գոյություն չունի: «Ռեժիմը 3 տասնամյակ կեղեքել եւ հարստահարել է ժողովրդին, որի կեսից ավելին արտագաղթել է՝ բռնագաղթել է: Սպանվել են շատ մարդիկ, խախտվել են խաղաղ հավաքների եւ շատ այլ իրավունքներ: Ռեժիմի քննադատները ենթարկվել են քաղաքական շարժառիթով քրեական հետապնդումների, դատապարտվել»,-նշեց փաստաբան Մուշեղ Շուշանյանը: Նրա գնահատմամբ՝ թավշյա հեղափոխությունից հետո ռեժիմին քաղաքական գնահատական չտրվեց. «Դատաիրավական ոլորտի համակարգային փոփոխություններ տեղի չունեցան, բռնապետության դեմ դուրս եկած Արմեն Բիլյանը եւ Սմբատ Բարսեղյանը շարունակում են մնալ կալանավորված»:

Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի գրավման եւ դրան հաջորդած օրերին երեք ոստիկան զոհվեց՝ Յուրի Տեփանոսյանը, Գագիկ Մկրտչյանը, Արթուր Վանոյանը: Նրանց ընտանիքի անդամները դեմ են «Սասնա ծռերի» ազատ արձակմանն ու համաներմանը:

Դատախազ Պետրոս Պետրոսյանը միջնորդության դեմ առարկեց՝ գտնելով, որ Սմբատ Բարսեղյանի խափանման միջոց կալանքի իրավաչափության վերաբերյալ որեւէ հիմնավորում չեղավ. «Բազմիցս ասել ենք, որ գործով անցնող մյուս անձանց վրա անօրինական ազդեցության հիմքեր կան, իսկ մեղսագրվող արարքը հանրային վտանգավորության բարձր աստիճան ունի»:

Միջնորդության դեմ առարկեց նաեւ զոհված ոստիկաններից Յուրի Տեփանոսյանի այրին՝ Արփինե Թումասյանը. «Պաշտպանի ասածն ընդհանրապես կապ չուներ այս գործի հետ: Սմբատ Բարսեղյանն իրավունք չունի արեւի երես տեսնելու»:

Առարկեց նաեւ զոհված ոստիկաններից Գագիկ Մկրտչյանի այրին՝ Հասմիկ Ոսկանյանը. «Նույն դիրքորոշումն ունեմ, համաձայն եմ, մարդասպաններն իրավունք չունեն դուրս գալու՝ մինչեւ դատարանը որոշի…դեմ եմ, միանշանակ դեմ եմ»:

Դատավոր Մեսրոպ Մակյանը տիկին Ոսկանյանին կոչ արեց անձանց անմեղության կանխավարկածը չխախտել, քանի որ դեռ չկա դատավճիռ: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Հ. Գ. 12:35 Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ դատավոր Մակյանը որոշեց միջնորդությունը մերժեց, իսկ դա նշանակում է, որ մեղադրյալ Սմբատ Բարսեղյանը կշարունակի մնալ կալանքի ներքո:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031