Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Այլեւս չեմ ուզում ոչ մեկի հետ շփվել, հոգնել եմ ուղղակի». Ալիկ Սարգսյան

Օգոստոս 21,2019 11:52

Նախկին ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հերքում է Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի նախկին անդամ, փաստաբան Սեդա Սաֆարյանի տվյալները, թե ինքը այլ պաշտոնյաների հետ զբաղված է եղել հետին թվով նոր զեկուցագրեր պատրաստելով, զբաղված են եղել ապացույցներ խառնելով:

Հիշեցնենք, որ Սեդա Սաֆարյանն ասել էր, որ փաստաթղթեր կեղծելու մասին տեղեկություններ կան Մարտի 1-ի քրեական գործով. «Քրեական գործում կա, որ մի շարք պաշտոնյաներ՝ Ալիկ Սարգսյանը, Գեւորգ Մհերյանը եւ այլք, զբաղված են եղել հետին թվով նոր զեկուցագրեր պատրաստելով, զբաղված են եղել ապացույցներ խառնելով, դրանք վերաբերում են հիմնականում զեկուցագրերին»:

«Եթե նման բան լիներ, հատուկ ծառայություններ կան, կստուգեին, նման բան չկա, ինչ էլ որ եղել է, փաստաթուղթ, հատուկ քննչական ծառայությունը նայել է, ստուգել է, ինքն է որոշում՝ որեւէ մեկն առնչություն ունի՞ դրա հետ, թե՞ ոչ: Մնացած փաստաբան կոչվածները ավելի լավ է զբաղվեն իրենց գործով, կարող է մի բան կպնի էլի, մի հատ լավ զգան իրենց:

Ես կրկնում եմ՝ իմ մասով հատուկ քննչական ծառայությունն ամեն ինչ նայել է, այնպես չէ, որ ես չեմ հարցաքննվել, ես առնչություն չունեմ էդ ամեն ինչի հետ:

Փաստաբանների էդ հիմար, անհեթեթ հետեւություններն ինձ քիչ են հետաքրքրում: Ինձ մի անհանգստացրեք այդ հարցով, ես քաղաքականությունից դուրս եմ եկել, այլեւս չեմ ուզում ոչ մեկի հետ շփվել, հոգնել եմ ուղղակի:

Մի վատ, անբարոյական վիճակ է, բոլորի կյանքը խեղաթյուրելու, բոլորի վատով ուրախանալու հակում ունեն մարդիկ: Ի՞նչ , մեկին ասեմ, որ ես վատ եմ, վաղը չէ մյուս օրը մահանալու եմ, ուրախանան, կհանգստանա՞ն. Ի՞նչ եմ արել էդ տականքներին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ալիկ Սարգսյանը:

Մարտի 1-ի գործի նյութերում մասնավորապես նշված է. «Մարտի 1-ին եւ 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ, ՀՀ ոստիկանության անօրինական գործողությունները քողարկելու, այդ իրադարձություններին զինված ուժերի մասնակցության հանգամանքները թաքցնելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ ՀՀ նախագահի օգնականի պաշտոնին նշանակված Գեւորգ Կոստանյանի եւ ՀՀ նախագահի օգնական, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնին նշանակված, ներկայումս՝ հանգուցյալ Գեւորգ Մհերյանի հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության մի խումբ բարձրաստիճան պաշտոնական անձինք, այդ թվում՝ ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, վերջինիս տեղակալ Ալեքսանդր Աֆյանը, ինչպես նաեւ՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետ Հայկ Միլիտոնյանը, վերջինիս տեղակալ Հովհաննես Թամամյանը եւ ոստիկանության զորքերի մի խումբ ծառայողներ, 2008թ. մայիսի 29-ին ՀՀ ոստիկանության պետ նշանակված Ալիկ Սարգսյանը հետին ամսաթվով ստորագրել են կեղծ պաշտոնական փաստաթղթեր, որոնք տրամադրել են մարտի 1-ին եւ 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններն ուսումնասիրող ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին եւ Փորձագետների փաստահավաք խմբին, վերջիններիս հայտնել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, իսկ հիշյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործով վարույթն իրականացնող մարմնին տվել են ներկայացված փաստաթղթերի բովանդակությանը համահունչ սուտ ցուցմունքներ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031