Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե չկա սկզբունք…

Օգոստոս 21,2019 10:00

Չնայած ես երբեք ոչ մի քաղաքական կառույցի անդամ չեմ եղել, սակայն ենթադրում եմ, որ կուսակցական լինելը ցանկացած մտածող մարդու համար դաժան փորձություն է: Կուսակցականը խստորեն սահմանափակված է սեփական կարծիքն արտահայտելու հարցում՝ այնքան ժամանակ, քանի դեռ չգիտի, թե ո՞րն է կուսակցության գիծը: Իսկ աjդ գիծը Հայաստանում ոչ այլ ինչ է, քան տվյալ կուսակցության «շեֆի» տեսակետը:

Ամուլսարի հարցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եւ «Իմ քայլը» խմբակցության անդամների մի մասը վերապահումներով կողմ էր արտահայտվում, «ամենախելացիները» սպասում էին, թե ինչ կասի Նիկոլ Փաշինյանը, մի մասն էլ կտրականապես դեմ էր: Ամենադժվարը հիմա, իհարկե, վերջիններիս գործն է: Հիմա նրանք ունեն երեք տարբերակ.

1/ Փորձել «խաբսեր տալ» (եթե օգտագործենք ֆուտբոլային զուգահեռը)՝ «ես մի քիչ ա՛յլ բան նկատի ունեի, ես ուզում էի մոտավորապես այսպե՛ս ասեի»:

2/ «Թիմային արդարացումներ» փնտրել՝ «ես մնում եմ իմ կարծիքին, բայց քանի որ քաղաքական թիմի անդամ եմ, այլեւս այս թեմայով չեմ խոսի»: Այդ արդարացումները ես բազմիցս լսել եմ նաեւ ՀՀՇ-ականներից եւ ՀՀԿ-ականներից՝ կարծես թե որեւէ մեկը ստիպում էր նրանց մնալ այդ թիմում:

3/ Վայր դնել մանդատը, դուրս գալ կուսակցությունից, ինչը ես գործնականում բացառում եմ:

Այդ բոլոր խնդիրները չէին առաջանա, եթե լինեն որոշակի սկզբունքներ, արժեքային համակարգ, ռազմավարություն, ի վերջո՝ չարաբաստիկ «իզմերը»-ը: Օրինակ՝ որոշակի (ազատական) արժեքային համակարգից ելնելով՝ դատարանները շրջափակելը, դատավորների վրա ճնշում գործադրելը, ՍԴ նախագահի մասին քաղաքական հայտարարություններ անելը, ամեն մի ոչ ճշգրիտ տեղեկատվության տակ «նախկին կոռումպացված համակարգ» փնտրելը սխալ է: Նույն այդ արժեքային համակարգը կրելու պարագայում պետծառայողներին կրճատելը, համահարթեցված հարկ ներմուծելը, Ամուլսարի հանքն աշխատեցնելը ճիշտ է: Գուցե շատերը դրա հետ համաձայն չլինեն, բայց այստեղ, ընդունեք, կա որոշակի տրամաբանություն, սկզբունք: Իսկ ահա մեծամասնությանը ամեն գնով դուր գալը որեւէ արժեքային համակարգից բխող սկզբունք չէ:

Սկզբունքների բացակայության հետեւանքներից մեկը երեսպաշտությունն է: Հենց նույն Ամուլսարի հարցում դրա չափաբաժինը շատ մեծ է: Ժամանակին Գնդեվազի բնակիչները վաճառեցին «Լիդիանին» իրենց խնձորի եւ ծիրանի այգիները, իրենց ցորենի արտերը: Վաճառեցին բարձր գներով, նյութապես չտուժեցին, ինչպես Հյուսիսային պողոտայի համար «փոխհատուցումներ» ստացած Երեւանի Կենտրոնի բնակիչները: «Լիդիանի» հետ գործ բռնած տեղաբնակներն իրենց ստացած գումարներից գոհ էին մնացել, դրանցով բնակարաններ են գնել մայրաքաղաքում, ավտոմեքենաներ եւ այլն: Իսկ հիմա նրանցից շատերը դարձել են խանդավառ «բնապահպաններ», միտինգներ են անում՝ «վա~յ, մեր սարերը, վա~յ, մեր ձորերը» թեմայով: Այդքան հայրենասեր էիք՝ ձեր հողերը չվաճառեիք:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. henri says:

    Ձեր կատարած վերլուծութիւնը ,Պարոն Աբրահամեան ,որ աւելի ախտաճանաչում է , շատ տեղին է -Անկախութենէն ի վեր նոյն երեւոյթը կը կրկնուի կ՛ըսէք,ՀՀՇ-ի և ՀՀԿ -ի օրերուն ալ, ինչ որ ճիշդ է, ուրեմն խրոնիկ հիւանդութիւն է որ արմատական դարմանումի կարիք ունի որպէսզի երկիրը այս անել կացութենէն դուրս գայ- Մեծ հարցականը կը մնայ անորոշ -Արդեօք վարչապետը պիտի յաջողի ՞ իր ընկերներով այդ վճռական քայլը առնել և յաջողիլ ?
    ես սրտանց կը մաղթեմ ;

  2. Լավատես says:

    ԱՎ. ԻՍԱՀԱԿՑԱՆԸ ԴԵՐ. ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՄԱՍԻՆ
    1954 թվականն է: Աշուն: Հայաստանում ընթանում է գրողների միության 3-րդ համագումարը: Ժամանել են հյուրեր համարյա բոլոր հանրապետություններից, Մոսկվայից: Մոսկվայի պատվիրակությունը գլխավորում է Կոնստանտին Սիմոնովը: Հաշվետու-զեկուցումից հետո (Գուրգեն Բորյան), ձայնը տրվում է Կոնս. Սիմոնովին, որի ելույթը, ինչպես պարզվում է, սովորական ելույթ չէ, այլ մոսկովյան էշելոնի գաղափարական մեկնակետը, որը վշտացնում է գրական ավագանուն իր անողոք հարցադրումներով և էլ ավելի սուր եզրակացություններով: Պարզվում է, որ խորհրդահայ գրողները հեռացել են գրականության զարգացման սոցիալիստական ռեալիզմի մայրուղուց և, փոխանակ խորհրդային կյանքն արտացոլելու, տուրք են տալիս պատմական թեմատիկային: Ջախջախիչ խոսքեր են ասվում Դեր. Դեմիրճյանի «Վարդանանք», Ստ. Զորյանի «Պապ թագավոր» վեպերի, Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկ», Խաչիկ Դաշտենցի «Տիգրան մեծ» դրամաների, Վիգեն Խեչումյանի «Զվարթնոց» գրքի, Ռաֆայել Արամյանի Կոմիտասին նվիրված պատմվածքների հասցեին: Ընդմիջմանը Ռաֆայել Արամյանը, Խաչիկ Դաշտենցը, Վիգեն Խեչումյանը հավաքվել են Ավ. Իսահակյանի և Դեր. Դեմիրճյանի շուրջ և հորդորում են Դեմիրճյանին ելույթ ունենալ և պաշտպանել հայ գրականությունը սիմոնովյան հարձակումներից: — Միայն դուք կարող եք այդ անել, վարպե՛տ, —դիմում են Դեմիրճյանին: Իսկ Դեմիրճյանը ցանկանում է ջահելներին քշել, որ չխաղան, առանց այն էլ իր լարված ջղերի հետ, բայց ո՜ւմ ես ասում: Տղաները կպել ու չեն պոկվում Դեմիրճյանից: Իսկ Իսահակյանը լսում է ու ժպտում: Վերջում, երբ խնդրատուներն հանում են համը, գործին միջամտում է Իսահակյանը. — Իմացեք, տղանե՛ր, այսօր Դեմիրճյանը ելույթ չի ունենալու, հանգիստ թողեք նրան: Նաև իմացեք, Դեմիրճյանի մեջ ապրում են երկու քաջեր. Քաջ Վարդանը և Քաջ Նազարը: Այսօր Քաջ Նազարի օրն է, վաղը՝ Քաջ Վարդանի: Վաղը Դեր. Դեմիրճյանը ելույթ կունենա… Եվ իրոք, հաջորդ օրը Դեմիրճյանը ելույթ է ունենում, այն էլ ի՜նչ ելույթ.. Եվ մարգարեանում է Իսահակյանը…
    https://vahagnakanch.files.wordpress.com/2011/04/agama-yerkidapaner.pdf

  3. Քաղաքացի says:

    Յուրաքանչուր անհատը ծնվում է Աստծու կողմից շնորհված որոշակի արժեհամակարգով, որի սահմանները ի ծնե ուրվագծված են։ Բացառելով էքստրեմալ իրավիճակները, երբ ոչ ոք չի կարող կանխատեսել անձի վարքը, մնացած բոլոր դեպքերում և իրավիճակներում մարդը մնում է այդ ուրվագծված սահմանների ներքո։ Իսկ միջավայրը՝ մշակույթը, քաղաքական համակարգը որոշակիորեն ձևավորում են նրա արժեհամակարգը, սակայն ոչ երբեք առանցքը։ Քաղաքական համակարգի բարոյականությունը կառավարվում է օրենքով, այլ ոչ երբեք անձերի գիտակցության վրա հիմնված հույսերով։ Այսօր ունենք այն, ինչ ունենք։ Տասնյակ տարիների արատավոր համակարգի ներքո ձևավորված հասարակությունը չի կարող լինել, մեղմ ասած, օրինակելի։ Նրա համար օտարին վաճառված հողը արժեք չէ, երկրի զինանշանը կամ անկյունում ընկած ճմրտված դրոշը հարգանքի առարկա չէ՝ ինչպիսին երկիրն է, այնպիսին էլ քաղաքացին։ Սակայն դա բնավ չի նշանակում, որ իսպառ բացակայում է հասարակության այն մասը, որը այդ համակարգի ներքո, կարողանալով պահպանել ի ծնե տրված առանցքը և բյուրեղացնելով այն, հասել անձնային զարգացման ավելի բարձր աստիճանին։ Արատավոր համակարգերը փորձության պես մի բան են՝ բացահայտում են անձի, միգուցե և ժողովրդի, ով լինելը։ Ինչ վերաբերում է հայրենասիրությանը, ապա դա տաղանդի պես մի բան է՝ կամ կա, կամ չկա, ԱՆԿԱԽ ԱՄԵՆ ԻՆՉԻՑ։

  4. Սարգիս Զեյթունյան says:

    Նախորդ խմբագրականում (https://www.aravot.am/2019/08/20/1061310/).
    “Չգիտեմ նաեւ, թե ինչպես պե՛տք է լուծվի” (Ամուլսարի խնդիրը):
    Այս խմբագրականում.
    “Նույն այդ արժեքային համակարգը (ազատական) կրելու պարագայում ….. Ամուլսարի հանքն աշխատեցնելը ճիշտ է:”
    Ինչու՞ է ճիշտ, եթե նախորդ օրը չգիտեիք, թե որն է ճիշտ լուծումը: Եվ ի՞նչ կապ ունի ազատական արժեհամակարգը, եթե հանքն աշխատեցնելու վտանգներն առկա են:
    Դուք գրել եք, որ մեկնաբանություններին չեք պատասխանում. հարցերին է՞լ չեք պատասխանում:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031