Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես կոմեդիայի արտիստ եմ եւ չգիտեմ՝ ինչու տրագեդիայի մեջ եմ».

Օգոստոս 21,2019 13:00

«Պոնչոն» դատարանում ցուցմունք տվեց

Հունիսի 28-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանին էր դիմել վկա, Վահագն Սիմոնյանի գործով տուժող ճանաչված փաստաբան Գեւորգ Մարտիրոսյանը: Թե ինչու էր դիմում ուղարկել, երբ դատավարության կողմ չէ, դատավորի հարցին երեկ նիստերի դահլիճում նստած փաստաբանը պատասխանեց. «Քանի որ այս գործով վկա եմ, իսկ վկան միջնորդություն անել չի կարող, ուստի ընտրել եմ դիմումը»:

Սակայն այդ դիմումը մերժվել էր: Դիմումն առնչվում էր անցյալ տարվա նոյեմբերի 28-ին ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Գ.Գալստյանի կողմից՝ տուժող Գեւորգ Մարտիրոսյանի կողմից տրամադրված տեսագրության եւ ձայնագրության լազերային սկավառակի զննության արձանագրությանը, նախապատրաստվելիք քրեական գործի շրջանակներում:

Փաստաբան Գ. Մարտիրոսյանը դիմումում գրել էր. «Դատարանին հայտնում եմ, որ թիվ 12183618 քրեական գործով հանդիսացել եմ տուժող: Նշված քրեական գործը անմիջական առնչություն ունի սույն քրեական գործի հետ: Թիվ 12183618 քրեական գործի քննության ընթացքում քննիչին ներկայացրել եմ տեսանյութ եւ հեռախոսային խոսակցությունների ձայնագրություններ, որոնք զննության են ենթարկվել քննիչի կողմից եւ կազմվել է դրա արձանագրությունը: Նշված տեսանյութից եւ հեռախոսային խոսակցությունների ձայնագրություններից ակնհայտ է դառնում, որ տուժող կոչվող անձ՝ Ռուբեն Գալստյանի եւ վերջինիս ընտանիքի անդամների տված ցուցմունքներն ակնհայտ սուտ են: Ուստի ելնելով վերոգրյալից, խնդրում եմ նշված թիվ 12183618 քրեական գործով տեսանյութի եւ հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունների զննություն կատարելու 28.11.2018թ. արձանագրությունը որպես ապացույց կցել սույն քրեական գործին, այն հետազոտել, ինչպես նաեւ ինձ, տուժող կոչվող անձ՝ Ռուբեն Գալստյանին եւ վերջինիս ընտանիքի անդամներին հրավիրել դատարան՝ լրացուցիչ ցուցմունք եւ պարզաբանումներ ներկայացնելու համար»:

Այդ տեսագրությամբ եւ ձայնագրությամբ պարզ էր դարձել Վահագն Սիմոնյանի եւ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում մոտ չորս տարի ընթացող քրեական գործով տուժող Ռուբեն Գալստյանի միջեւ 2015թ. օգոստոսի 24-ին կատարվածը: Քննիչը արձանագրել էր. «Վերը շարադրված դրվագի վերաբերյալ պետք է փաստել, որ տեղի է ունեցել միջանձնային վեճ՝ մի քանի րոպե տեւողությամբ, Ռուբեն Գալստյանի կողմից հնչեցված սեռական բնույթի հայհոյանքներն անձնավորված են եղել եւ ուղղված են եղել բացառապես Վահագն Սիմոնյանի հասցեին: Վիճաբանությանն այլ անձինք չեն միջամտել, Ռուբեն Գալստյանին ոչ ոք դիտողություն չի արել»: Քննիչը մերժել էր քրեական գործ հարուցել, որի դեմ էլ Կենտրոնի նստավայրում օգոստոսի 20-ին նշանակվել է ամբաստանվող արտիստ Վահագն Սիմոնյանի՝ «Պոնչոյի» եւ Գեւորգ Մարտիրոսյանի բողոքների քննությունը:

Ի դեպ, խուլիգանության հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ չի հարուցվել, եւ քանի որ բողոքաբեր կողմը նույն գործի նույն հանգամանքներն էր վիճարկելու, ուստի դատարան ներկայացած արտիստն ու նրա հանրային պաշտպան Էդիկ Աղաջանյանը երեկ միջնորդեցին հետաձգել նիստը: Պաշտպան Էդիկ Աղաջանյանն ասաց, որ նախաքննություն իրականացնելիս իր պաշտպանյալը տուժող է ճանաչվել, ուստի չի բացառվում, որ բողոքի հիման վրա կայացված որոշումը կարող է ազդեցություն ունենալ այս գործի վրա, մինչ որոշում կայացնելը:

Արձակուրդից վերադարձած դատախազն ասաց, թե առաջին օրն է, որ դուրս է եկել աշխատանքի, ծանոթ չէ նման բողոքի առկայությանը, ասաց՝ պետք է մերժել, քանի որ դատարան բերված բողոքը չի կարող ազդեցություն ունենալ խուլիգանության համար քննվող գործի հետ:

Դատավոր Գագիկ Պողոսյանը դադար վերցրեց, ապա դադարից հետո ասաց, թե ստացվել է բողոքի մասին առկա նյութերը, մերժեց դատական նիստը հետաձգելու մասին միջնորդությունը, հորդորեց ամբաստանյալ Վահագն Սիմոնյանին ցուցմունք տալ:

Վահագն Սիմոնյանը ցուցմունք տվեց, թե ինչպես է իր փաստաբան Գեւորգ Մարտիրոսյանի հետ չորս տարի առաջ օգոստոսին գնացել Տիգրան Մեծի փողոցի վրա գտնվող աներոջ տուն, որպեսզի երեխաների համար նախատեսված վեց հազար դոլար գումարը տա: Գեւորգը եղել է քաղգործով նրա փաստաբանը:

Սակայն երբ աներոջ բակում ցանկացել է ցայտաղբյուրից ջուր խմել, նրա հարեւանը, այս գործով տուժող, «Պադեզդային ավտարիտետ» Ռ.Գալստյանը հարվածել է իրեն, հայհոյել: Եվ քանի որ միամիտ էր, հարվածն անսպասելի, կորցրել է գիտակցությունը, արնաշաղախ ընկել փողոցում: Ապա հիշեց, որ տեղափոխել են Էրեբունու ոստիկանության բաժին, մինչ տեղափոխելը, ոստիկանների ներկայությամբ, «բանդան» նորից հարվածներ է հասցրել իրեն, գլխին քարով հարվածել, եւ չորս ամիս նա եղել է ուղեղի ցնցում ստացած վիճակում: Վահագնին հարվածել են նաեւ այն ժամանակ, երբ ոստիկաններին օգնության են հասել ՊՊԾ գնդից՝ կարմիր բերետավորները:

Պատասխանելով իր պաշտպանի հարցին, թե մոտը էլեկտրաշոկ, քար, որեւէ իր եղե՞լ է, Վ.Սիմոնյանը պատասխանեց, թե այդ օրը նկարահանումից էր եկել, ինչպես կարող է ժպիտ պարգեւող արտիստը քար պահի մոտը. «Մտավորականներին քարկոծողներն են քար պահում մոտները»:

Վահագնը իր ցուցմունքում անընդհատ հղում էր կատարում քննիչի մոտ «զուգահեռ գործով» առկա տեսանյութին, որը նախաքննության փուլում ներկայացրել էին փաստաբանն եւ անծանոթ կինը՝ մոսկվաբնակ Հասմիկը, ասում էր, որ տեսանյութից է տեղեկացել, թե ինչպես են իրեն ոտքերի տակ գցել, թե ինչպես է «տուժողը» դիմել իր փաստաբանին, ասելով՝ «արա, դու սրա հետ եկար, այ տուֆտա…դու կարաս իմ հետ վապշե հարց ունենաս էս քաղաքում… լսի, Ժիրոն իմ ընգերն ա, Փոսն իմ ընգերն ա, Ռոբոտն իմ ընգերը…»:

Տեսանյութը, ըստ Վ. Սիմոնյանի, 1 ժամ 38 րոպե է: Տեսանյութը նայելուց հետո Վահագնը որոշ բաներ էր հիշել, ասաց, թե դատախազը, դատարան ներկայացած բժիշկը, վկաներն ու տուժողն ու նրա ընտանիքը բոլորը ստել են, միակ ճիշտ ցուցմունքը տվել է դատարան լրացուցիչ վկա հրավիրված փաստաբան Գեւորգ Մարտիրոսյանը:

«Այս դատավարությունն ազդում է իմ ռեպուտացիայի վրա: Միլիարդավոր մարդիկ են ինձ ճանաչում, ես չեմ ուզում, որպեսզի իմ հանդիսատեսն իմանա, որ մահափորձ է կատարվել արտիստի դեմ՝ իմ դեմ»,-ասաց Վ. Սիմոնյանը:

Դատավորի հարցին՝ «Դուք հրաժարվել էիք ցուցմունք տալ, նախաքննության ժամանակ էլ ասել էիք՝ ոչինչ չեք հիշում, որովհետեւ հարբած եմ եղել, այդպե՞ս է», պատասխանեց. «Ես հարբած չեմ եղել, միգուցե ասել եմ՝ մի քիչ խմած եմ եղել, չեմ հիշում»:

Ինչ վերաբերում է տեսանյութին, ապա հաջորդ դատական նիստին վերջապես դատարան է ներկայացվելու այն տեսանյութը, որով մեկ տուժող ճանաչվեց Վահագնը, եւ ապա…քննիչը փոշմանեց:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.08.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031