Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորի թատրոնը 89-րդ թատերաշրջանը կբացի «Անուշով»

Օգոստոս 21,2019 12:30

«Առավոտը» զրուցել է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Փելեշյանի հետ: Ամփոփելով թատրոնի 88-րդ թատերաշրջանը, մեր զրուցակիցը նշեց բոլոր պրեմիերաները:

«Մարտի 20-ին մեզ մոտ տեղի ունեցավ «Վարազդատ» պատմական դրամայի պրեմիերան՝ բեմադրված Լյուդվիգ Միքայելյանի եւ Ստեփան Զորյանի պիեսի հիման վրա։ Ներկայացումն իրապես շատ սիրվեց հանդիսատեսի կողմից։

Բեմադրության ռեժիսորը Նունե Խեչումյանն է։ Ներկայացման մեջ ընդգրկված են թատրոնի թե ավագ, թե միջին եւ թե երիտասարդ սերնդի դերասաններ: «Վարազդատ» ներկայացման մեջ օգտագործվել են թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի գեղագիտական ձեռագրերը։ Այս տարվա երկրորդ պրեմիերան՝ Էլֆիք Զոհրաբյանի «Սմբակներ» աբսուրդի դրաման, տեղի ունեցավ հունիսի 28-ին։

Ներկայացման ռեժիսորը Արեն Օսիպյանն է։ 2019թ. երրորդ պրեմիերան Գ. Գ. Մարկեսի «Ես միայն զանգահարելու եմ եկել» հոգեբանական դրաման էր, որը տեղի ունեցավ հուլիսի 23-ին. ներկայացման բեմադրությունը` Մարիամ Մնացականյանի։ Հուլիսի 31-ին եւ օգոստոսի 1-ին տեղի ունենցավ Էլֆիք Զոհրաբյանի «Սե՞ր, թե՞ քուանշ» ռոմանտիկ կատակերգության պրեմիերան։ Ներկայացման ռեժիսորը թատրոնի դերասան Ժիրայր Գաբրիելյանն է»,-ասաց մեր զրուցակիցը։ Գոռ Փելեշյանը հավելեց, որ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի 89-րդ թատերաշրջանը կբացվի սեպտեմբերի 20-ին` Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին նվիրված Աբելյանական փառատոնով, որն այս տարի կլինի «Թատերական Լոռի» փառառոնի հետ համագործակցությամբ. «Փառատոնը կբացի «Անուշ» ներկայացման պրեմիերայով։ Այն նվիրված է Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին։ Ներկայացման ռեժիսորը թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանն է։ Լինելու է շատ տարբերվող ու հետաքրքիր ներկայացում»։

Նա նաեւ թվարկեց այն 14 թատրոնները, որոնք մասնակցելու են «Թատերական Լոռի» եւ Աբելյանական փառատոներին: Դրանց թվում են` Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, Ալավերդու քաղաքային թատրոնը, Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնը, Պետական կամերային երաժշտական թատրոնը, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը, Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը եւ այլն:

Գոռ Փելեշյանից հետաքրքրվեցինք` Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնն այսօր հանդիսատեսի խնդիր ունի՞։ «Հանդիսատեսի խնդիր, իհարկե, կա, բայց կան նաեւ այդ խնդրի լուծման մեխանիզմներ: Ես եւ մեր թատրոնի ադմինիստրացիան հսկայածավալ գործ ենք անում այդ մեխանիզմների արդյունավետ կիրառման ուղղությամբ: Շատ ուրախ եմ արձանագրելու, որ մեր թատրոնն իսկապես ունի թատերարվեստը գնահատող հանդիսատես, եւ դրա վառ ապացույցը ներկայացումների ժամանակ մեր լեփ-լեցուն դահլիճներն են»,-ասաց նա։

Խոսեցինք նաեւ տոմսերի վաճառքից եւ այդ համատեքստում թատրոնի PR-ից: «Կարծում եմ, որ լավ PR-ը հասարակության կողմից կառույցի նկատմամբ վստահության ձեռքբերման եւ հետեւաբար լավ հեղինակության ձեւավորման տեխնոլոգիաների մշակումն ու իրականացումն է։ Փիառի դերը տոմսերի վաճառքի հարցում ունի մեծ նշանակություն, քանի որ եթե չլինի տեղեկատվության ճշգրիտ, տպավորիչ ժամանակին փոխանցում, լրատվամիջոցների հետ համագործակցություն, ապա հանդիսատեսը տեղեկացված չի լինի ներկայացումներից, ինչն էլ չի ապահովի տոմսերի վաճառքը: Ես աշխատանքները հիմնականում տանում եմ սոցցանցերի եւ լրատվամիջոցների միջոցով։ Մեր թիմը հաճախակի հյուրընկալվում է հեռուստաընկերություններում, մշակութային հաստատություններում, կազմակերպում եմ դերասանների այցելություններ դպրոցներ եւ այլն»,-ընդգծեց թատրոնի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատուն:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարներում՝
Գոռ Փելեշյանը եւ դրվագներ` Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնի տարբեր ներկայացումներից:
Լուսանկարները տրամադրել է թատրոնը:

«Առավոտ» օրաթերթ
20.08.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031