Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի հարցով ամերիկյան երկրորդ հանդիպմանն ընդառաջ

Օգոստոս 21,2019 12:00

Հայկական կողմի համար գերակա հարց է մնում Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ու դրանից բխող կարգավիճակի հարցը

Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը, ըստ ամենայնի, կայանալու է սեպտեմբերին Նյու Յորքում: Այս հանդիպումը կանցկացվի Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթից հետո Ադրբեջանում բարձրացած որոշակի հիստերիայի պայմաններում:

Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին, ելույթ ունենալով Ստեփանակերտում համահայկական խաղերի բացմանը, Փաշինյանը նշել էր. «Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացի նպատակը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման եւ անվտանգության համար մղված արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանությունը: Բանակցությունների արդյունքում Հայաստանի եւ Արցախի կառավարությունների համար ընդունելի համարված որեւէ լուծում կարող է ընդունելի դիտվել միայն Հայաստանում եւ Արցախում ժողովրդական հավանության դեպքում: Արցախը Հայաստան է եւ վե՛րջ»:

Պաշտոնական Բաքուն շարունակում է անդրադառնալ այդ ելույթին, նշելով, թե Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում արած վերջին հայտարարություններով անցել է կարմիր գիծը: «Դրանից այն կողմ իրավիճակի հետագա սրացումն է եւ լարվածության աճը,-ռուսաստանյան «Ինտերֆաքս»-ին ասել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Լեյլա Աբդուլաեւան՝ հավելելով,-այսօրինակ հռետորաբանությունը ոչ միայն հակասում է միջազգային իրավունքին, այլեւ կարող է ջուրը գցել խնդրի կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերը»:

Դեռ Փաշինյանի ելույթի հաջորդ օրն այդ ելույթին անդրադառնալով, պնդելով, թե այն «սադրիչ» բնույթ ունի եւ տարածաշրջանը դնում է լուրջ ճգնաժամի եզրին, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի պետ Հիքմեթ Հաջիեւն ասել էր. «Հետեւանքների պատասխանատվությունը ընկնում է հայկական կողմի վրա»:

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն օրերս հայտնել է, որ Բաքուն Փաշինյանի ելույթը քննադատող նամակներ է ուղարկել ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարներին, Մինսկի խմբի անդամ երկրներին ու կազմակերպության մյուս անդամներին: «Այդ նամակներում մենք հանգամանալից կերպով ներկայացրել ենք, թե որքան վտանգավոր է իրավիճակը, որ ստեղծվել է Փաշինյանի հայտարարությունների արդյունքում», – «Ինտերֆաքս»-ին ասել է Լեյլա Աբդուլաեւան: Նա, սակայն, չի նշել, թե ինչպես են հասցեատերերը արձագանքել Բաքվի այդ մտահոգություններին:

Առայժմ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից համատեղ հայտարարություն չկա, սակայն վստահ պետք է լինել, որ Բաքուն կձգտի հասնել այդպիսի հայտարարության, որպեսզի ցույց տա, թե որքան անընդունելի էր Փաշինյանի ստեփանակերտյան ելույթը:

Օրերս Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ հայկական կողմն առաջին հերթին հենց անվտանգության եւ խաղաղության մթնոլորտի պահպանման հարցն է բարձրացրել. «Մենք չենք հավատում, որ հնարավոր է մեկ ձեռքով բանակցել, իսկ մյուս ձեռքով կրակել: Այդ մոտեցումն ապագա չի ունենա: Եվ բազմիցս ասել ենք եւ կկրկնեմ, որ բանակցային գործընթացում սպառնալիքի լեզուն չի աշխատելու»: Անդրադառնալով հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակին ու ադրբեջանցի գործընկերոջ հետ առաջիկա հանդիպմանը՝ Հայաստանի ԱԳ նախարարն ասել էր. «Հայկական կողմի համար գերակա հարց է մնում Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ու դրանից բխող կարգավիճակի հարցը»:

Փաստորեն, պաշտոնական Բաքուն արդեն իսկ հետագա բանակցային գործընթացը անպտուղ ցույց տալու համար «հիմքեր» գտել է՝ Փաշինյանի ելույթը համարում են «հարված բանակցային գործընթացին»։ Ավելին՝ Բաքուն, սահմանային լարվածությունը «արդարացնելու» հիմքեր նույնպես ունի, այդ իսկ պատճառով հերթական անգամ հիշեցրեցին՝ «երբեք չեն հաշտվի տարածքների օկուպացիայի հետ» նախադասությունը:

Օգոստոսի 7-ին, հիշեցնենք, ՀՀ ԱԳՆ-ն ծավալուն կերպով պատասխանել էր Ադրբեջանի իշխանությունների քննադատությանը՝ փաստելով, որ անկարող են ընկալել Փաշինյանի ելույթի համատեքստն ու բովանդակությունը: ԱԳՆ տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասված էր. «Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության 2019թ. օգոստոսի 6-ի հայտարարությունն ակնհայտ ցուցադրում է քաղաքավարության եւ պարկեշտության հիմնական կանոններին հավատարիմ մնալու, պետությունների միջեւ քաղաքակիրթ վարվելակերպի նորմերը, հատկապես երբ դրանք վերաբերում են հակամարտությունների լուծման խիստ բարդ եւ զգայուն գործընթացում ամենաբարձր մակարդակով ներգրավված կողմերին, պահպանելու Ադրբեջանի անկարողությունը։ Հայտարարության մեջ առկա անձնական բնույթի հարձակումները դատապարտելի են եւ վկայում են Ադրբեջանում հայ ժողովրդի նկատմամբ առկա անհանդուրժողականության եւ ատելության մշակույթի մասին, որն ուղղորդվում եւ խրախուսվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից»:

Հայաստանի ԱԳՆ-ն փաստեց, որ Ադրբեջանի իշխանությունները, որոնք հետեւողականորեն մերժում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի եւ վերջիններիս կողմից ընտրված իշխանությունների հետ որեւէ ուղղակի ներգրավվածության հնարավորությունը, որոնք էթնիկ զտումներ եւ այլ զանգվածային վայրագություններ են իրականացրել Լեռնային Ղարաբաղում 1990-ականներին եւ 2016թ. ապրիլին, ովքեր հետեւողականորեն որդեգրել են ատելության քաղաքականություն, այդ թվում հայերին սպանած մարդասպանների հրապարակային հերոսացման միջոցով, անմիջական պատասխանատվություն են կրում Արցախի ժողովրդի անվտանգության եւ գոյության համար վտանգներ ստեղծելու համար։

Պաշտոնական Երեւանն արձանագրել էր նաեւ, որ Հայաստանը մնում է Արցախի ժողովրդի միակ երաշխավորը՝ նրա անվտանգության, ազատության, մարդու անօտարելի իրավունքների՝ ներառյալ զարգացման եւ ինքնորոշման իրավունքի ապահովման գործում։ ԱԳՆ-ն հիշեցրել էր, որ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման որեւէ կենսունակ տարբերակ պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար: Ադրբեջանի իշխանությունները, սակայն, հետեւողականորեն չեն կարողացել փոխադարձել իրենց պատրաստակամությունը եւ կարողությունը՝ հասնելու բոլոր կողմերի համար ընդունելի կարգավորման:

«Ադրբեջանը շարունակում է հավատարիմ մնալ իր առավելապաշտական պահանջներին, որոնք ուղեկցվում են ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքով, շարունակաբար խախտում է հրադադարի ռեժիմը, անտեսում է խաղաղությանը նպաստող մթնոլորտի ամրապնդման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչերը եւ մերժում բոլոր կողմերի համար ընդունելի ցանկացած լուծում: Նման մոտեցումները հետեւողականորեն արտացոլվում են Ադրբեջանի ղեկավարության հայտարարություններում: Խաղաղ կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը մնում է անփոփոխ, ինչը հստակորեն արտացոլված է ՀՀ վարչապետի վերոնշյալ ելույթում: Հայաստանը հաստատակամ է հասնելու հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ մերժելով ուժի կամ ուժի սպառնալիքի ցանկացած կիրառում, ինչպես հաստատակամ է պաշտպանելու Հայաստանի Հանրապետության եւ Արցախի ժողովրդի անվտանգությունը»,- ասվում էր ԱԳՆ-ի հայտարարությունում:

Ըստ ամենայնի, Նյու Յորքում անցկացվելիք հանդիպումը կդառնա դիրքորոշումների պարզաբանումների հանդիպում, որը կծառայի փոքր-ինչ բանակցային գործընթացի շուրջ առկա անվստահությունը մեղմելուն:
Հիշեցնենք, որ ԱԳ նախարարների վերջին հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, անց էր կացվել հունիսի 20-ին Վաշինգտոնում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.08.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031