Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք արձանագրում ենք, որ վարչապետը դրժեց իր խոստումը». Բնապահպանները ստորագրահավաք են կազմակերպել, դիմել Արթուր Դավթյանին, պատգամավորներին

Օգոստոս 20,2019 23:07

Այսօր բնապահպանները Սարյանի պուրակում հանրային քննարկում էին անում՝ Ամուլսարի հանքի շահագործման խնդրի շուրջ:

Բնապահպանական ճակատի ներկայացուցիչներն ու ակտիվիստները ներկայացրեցին, թե ինչպես են պատկերացնում պայքարն ու ինչ են արել այս օրերին: Թեհմինե Ենոքյանն ասաց. «Ես որպես Գնդեվազ գյուղի բնակիչ եւ ինձ հետ նաեւ տարբեր քաղաքացիներ, ովքեր տուժող են իրենց համարում, 3000-ից ավելի բնակիչների պետք է ՔԿ-ն ճանաչեր՝ որպես տուժող: Մեզ տուժող չեն ճանաչել: ՔԿ-ն մեր բարի կամքի դրսևորումը չարաշահել է: Մենք չենք մտածել, որ կարող է հեղափոխությունից հետո նոր կառավարության կողմից նշանակված իրավապահ մարմինները ազնիվ չգտնվեն եւ քրեական գործը տանեն կոծկման: Փոխարենը մենք տեսել ենք, որ Քննչական կոմիտեի ղեկավար կազմը, ի դեմս Յուրի Իվանյանի, ինչպիսի քննություն է իրականացրել Ամուլսարի ծրագրի վերաբերյալ, ինչպիսի երեք տողանոց ծաղկաքաղ է արել պարոն Իվանյանը: Նույնիսկ ասում են,որ այդ երեք նախադասությունը իրար կպած չես կարող գտնել զեկույցի եզրակացության մեջ»:

Թեհմինե Ենոքյանն ասաց, որ այսօր ՔԿ է գնացել եւ նամակ է գրել, որով խնդրել է իրեն ներգրավել բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու առերեւույթ դեպքի առիթով հարուցված քրգործում որպես տուժող, քանի որ ինքը հանդիսանում է Ջերմուկի բնակիչ ու Ամուլսարի հանքարդյունահանման արդյունքում խախտվում է իր՝ ՀՀ Սահմանադրությամբ սահմանված առողջության իրավունքները: Ենոքյանը նամակ է գրել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Ըստ նրա, դա հնարավորություն կտա ձեռք բերել այդ 35 հազար փաստաթղթերը, որոնց մասին խոսում էր վարչապետը ու տեսնել, թե ի՞նչ փաստաթղթերի հիման վրա են եզրահանգման եկել:

Ենոքյանը նաեւ հայտնեց, որ այսօր ԱԱԾ-ն դիմում էր ստացել գլխավոր դատախազությունից Ընդերքի պետական տեսչության ղեկավար Արթուր Գրիգորյանի հայտարարության հետ կապված ու ԱԱԾ-ում այդ հաղորդումը քննվում է:

Բնապահպան Աննա Շահնազարյանն էլ ասաց, որ ամենօրյա հավաքներ են անցկացնելու Սարյանի պուրակում. «Հենց հիմա Ջերմուկում հավաք է տեղի ունենում: Մեզ Ջերմուկից բնապահպանական ճակատի անդամները վիդեոուղերձ են հղել եւ ասում են, որ բոլորը շատ վճռական են տրամադրված եւ ասում են, որ շատ ոստիկաններ համազգեստներով Ջերմուկում որպես տուրիստ հանգստանում են: Կոչ են անում մարդկանց միանալ, գնալ Ամուլսարի պահպանության կետեր, գնալ Ջերմուկ»:

Բնապահպանները հայտարարության տեքստ էին պատրաստել, առաջարկում էին մի քանի ֆլեշմոբ անել ու այնպիսի քայլեր ձեռնարկել, որ միջազգային կազմակերպությունների աջակցությունը ստանան:

Նա ասաց, որ որոշ կազմակերպություններ խոստացել են աջակցել, դիմադրական շարժումը մեծանում է:

Ամուլսարի շուրջ ճգնաժամի հարցով այս պահին ստորագրահավաք է ընթանում: Հայտարարությամբ բնապահպանները հիշեցնում են, որ վարչապետը իր 100 օրը լրանալիս խոսել էր ուղիղ ժողովրդավարական կառավարման մասին, բայց երեկ նույն վարչապետը Ամուլսարի հանքի մասին հավաքն անցկացնում էր Բաղրամյան 26-ում՝ առանց ուղիղ հեռարձակման, իսկ ժողովուրդը կրկին ոստիկանական պատնեշով բաժանված էր Բ26-ի նախագահական նստավայրից. «Մենք արձանագրում ենք, որ վարչապետը դրժեց իր խոստումը եւ փորձաքննությունը թեւի տակ դնելու ու Ջերմուկ գնալու փոխարեն նախընտրեց փակ հավաք անել նախագահական նստավայրում, որում մասնակցում էին լիդիանի շահերն առաջ մղող մարդիկ»:

Ըստ հայտարարության, այդ հավաքի ժամանակ ջերմուկցիներն ու գնդեվազցիները հնարավորություն չունեցան իրենց մտահոգությունները լիարժեք արտահայտել, քննարկել վարչապետի հետ: Հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ վարչապետն իր երեկվա հեռարձակմամբ ամրապնդեց ամենավատթար կանխատեսումները, որ Ամուլսարի հարցում ՀՀ կառավարությունը պատշաճորեն չի պաշտպանում ժողովրդի կենսական իրավունքներն ու շահերը:

Բնապահպանները գտնում են, որ տարբեր պաշտոնյաներ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իրավականորեն սխալ ուղղությամբ են ուղղորդում, ուստի նրանք կոչ են անում կառավարության այն անդամներին ու ԱԺ պատգամավորներին, որոնց համար թանկ են հեղափոխության արժեքներն ու հանրային շահը, կանգնեն հանրության կողքին՝ կասեցնելու Ամուլսարի հանքի շահագործումը:

Քաղաքացիները հանդես եկան իրենց առաջարկություններով, ընդհուպ առաջարկում էին Նիկոլ Փաշինյանի Լոս Անջելես կատարելիք այցի ժամանակ դժգոհության ալիք բարձրացնել:

Մանրամասները՝ տեսանյութերում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031