Գավառ քաղաքի բնակիչ , 60-ամյա Գագիկ Գոզեյանը օգոստոսի 20-ին Արտանիշի թերակղզուց մինչև Նորատուսի հատված կտրել է Սևանա լիճը` 8 ժամում լողալով անցնելով մոտ 7 կիլոմետր տարածություն: Նախաձեռնությունը պատկանում է Գագիկ Գոզեյանին, ում իսկ հավաստմամբ՝ այս միջոցառումը նվիրվում է 2016 թվականի Ապրիլյան հերոսամարտերի զոհերի հիշատակին: Մինչ լիճ մտնելը նրան Արտանիշի թերակղզում հաջողություն են մաղթել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը և մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը: Լողորդը լիճ է մտել առավոտյան ժամը 10:00-ին, դուրս եկել ժամը 18-ին: Լողի ողջ ընթացքում Գագիկ Գոզեյանին ուղեկցել են ՀՀ ԱԻՆ ՓԾ ջրափրկարարները, բուժծառայության ներկայացուցիչը և տեսագրող օպերատորը: ՓԾ ներկայացուցիչների տեղեկացմամբ լողի ընթացքում Գոզեյանի ինքնազգացողությունը բավարար է եղել: Նրան Նորատուսի ափին դիմավորելու է մեկնել նաև Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «Բավականին ժամանակ առաջ հանդիպեցինք Գագիկի հետ և զրույցի արդյունքում որոշեցինք նրա՝ այս նախաձեռնությանը աջակցել: Հետաքրքիր մարդ է մեր Գագիկը, և այս ոլորտում տարիների փորձ ունի: Գաղափարը շատ լավն է, ուսուցողական և հարգանքի արժանի: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր այսօր այս գաղափարի կողքին են», -իր խոսքում նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
Ըստ լողորդ Գագիկ Գոզեյանի՝ ինքն արդեն 4-րդ անգամ է լողալով կտրում – անցնում Սևանա լիճը: 2013 թվականին նա գրանցել է առավելագույն ցուցանիշ ՝Սեւանա լիճը լողով անցնելով 22 կիլոմետր: « Իմ այս քայլը նվիրում եմ մեր բոլոր ազատամարտիկներին, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն հայրենիքի խաղաղության: Սա ինձ համար կարծես թե ուխտ լիներ և ես այն ի կատար ածեցի: Հոգնած չեմ, ինձ զգում եմ 16 տարեկան տղա: Ամբողջ ճանապարհին երգել ենք, արտասանել զրուցել ինձ ուղեկցող տղաների հետ և շատ գոհ եմ այսօրվանից»,- ասաց լողորդ Գագիկ Գոզեյանը:
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ