Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս մրցույթին մասնակցությունը ցույց տվեց, որ Հայաստանում նույնպես զարգանում է ռոբոտաշինությունը». հայ պատանիները՝ Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայում

Օգոստոս 20,2019 23:00

Նոյեմբերին Հունգարիայում հայ պատանիների Minders ռոբոտաշինության թիմը հնարավոր է Հայաստանը ներկայացնի Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի եզրափակիչ փուլին։ Այս պահին ընթանում է հայաստանյան թիմի մասնակցության հաստատման գործընթացը:

Ռոբոտաշինությունը Հայաստանում՝  հատկապես պատանիների շրջանում, վերջին տարիներին մեծ «բում» է ապրում: Օրեցօր ավելի է մեծանում պահանջարկը ռոբոտաշինության խմբակների համար:

Aravot.am-ը «Մասնագիտությունը՝ մայրիկ» շարքի շրջանակում տեղեկացավ, թե ինչ արդյունքներ են գրանցել հայ պատանիները Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայում: Հայաստանյան թիմեր, որոնք մասնակցեցին Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլերին, օգոստոսի 1-4-ը Դանիայի Օրհուս քաղաքում մասնակցեցին Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ընկերական մրցաշարին՝ WROFIT2019-ին, խելացի քաղաք` Սմարթ սիթի (Smart City) թեմայով:

Մասնակցում էին 157 թիմեր աշխարհի 33 երկրներից։ Հայաստանը ներկայացնող թիմերը պատվով կատարեցին իրենց առջև դրված առաջադրանքները։

Mind Center-ի Minders թիմը, որը WRO Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլի մրցութային մասում գրանցել էր լավագույն արդյունք, Դանիայում 42 թիմերի շրջանում զբաղեցրեց 16-րդ տեղը։ Իսկ Mind Kids թիմը, որը մասնակցում էր WeDo անվանակարգում, 29 թիմերից զբաղեցրեց 15-րդ տեղը։

Համաշխարհային մրցաշարին մասնակցեցին երկու հայ դատավորներ: Նրանցից Mind Center կենտրոնի դատավոր Անդրանիկ Մելքոնյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց. «Նման միջազգային մրցույթների մասնակցությունը շատ կարևոր է երեխաների զարգացման, գիտելիքների ձեռքբերման և տարբեր ազգությունների ու մշակույթների երեխաների հետ փորձի փոխանակման առումով: Այս մրցույթին մասնակցությունը ցույց տվեց, որ Հայաստանում նույնպես զարգանում է ռոբոտաշինությունը, սակայն անելիքները դեռ շատ են»:

Դանիայում կայացած Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայում՝ միջազգային մեծ համբավ ունեցող այս հարթակում, հայ պատանիները սովորեցին լուծումներ գտնել արդիական խնդիրների, ՄԱԿ-ի կայուն զարգացման մարտահրավերների վերաբերյալ և հաղթահարել դրանք: Նշենք, որ ռոբոտաշինությունը ներառում է STEM-ի բոլոր բաղադրիչները՝ գիտություն, ինժեներություն, ֆիզիկա, մաթեմատիկա, շինարարություն, ծրագրավորում և այլն։ Իսկ Հայաստանը բարձր տեխնոլոգիաները համարում է տնտեսության զարգացման գերակա ուղղություն:

Ռոբոտաշինության համաշխարհային օլիմպիադայի մասնակիցներից 12-ամյա Հայկ Անտոնյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց. «Սա մեզ համար մեծ ձեռքբերում էր և հնարավորություն. ունեցանք լարված և դժվար պահեր, բայց դա մեր թիմին ավելի ուժեղացրեց և ավելի ամրապնդեց մեր ընկերությունը, միասին ճամփորդեցինք, եղանք հետաքրքիր վայրերում, մասնավորապես Լեգոլենդում: Սա դեռ առաջին նման մրցույթն էր, բայց ապագայում պատրաստվում ենք ձեռք բերել ավելի խորը գիտելիքներ և ձգտել մեծ բարձունքների»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031