Լրահոս
Օրվա լրահոսը

«Չի կարող ադեկվատ մարդը կարդալ Ամուլսարի այդ 200-300 էջանոց եզրակացությունն ու հանգել նրան, որ ամեն ինչ նորմալ է».Անի Խաչատրյան

Օգոստոս 20,2019 20:40

«Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ չէր արված հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում, մանիպուլյացիա էր»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան ակտիվիստ Անի Խաչատրյանը, որը եւս երեկվա այդ հանդիպմանը՝ Ամուլսարի հանքի խնդրի շուրջ, մասնակցել է:

Երեկ այս հանդիպումից հետո վարչապետը ֆեյսբուքի իր էջում ուղից եթեր էր մտել, եւ պարզաբանումներ էր ներկայացրել հանքի շահագործման ծրագրի փորձաքննության մասին:

Խաչատրյանը Փաշինյանի ուղիղ եթերը չի նայել. «Կարիք չկար, որովհետեւ նույնն է ասել, ինչ հանդիպման ժամանակ ու կարիք չկար ժամ ու կես նորից լսել մանիպուլյացիան, որտեղ բամբասանքի մակարդակի դավադրության տեսության վրա, թե՝ մարդիկ ուղղորդվում են, շահեր ունեն եւ այլ նման բաներ է ասում: Եվ երբ այդ ամենը հնչում է երկրի ղեկավարի մակարդակով, դա ծիծաղելի չէ, դա չգիտեմ ինչ է, որովհետեւ երկրի ղեկավարն ունի ռեսուրս ստուգելու այդ ամբողջ տեղեկատվությունը, բայց բավարարվում է բամբասանքի մակարդակով լսված լուրերը կրկնելով, որը ճիշտ չէ: Մի քիչ պատասխանատվություն է պետք, որովհետեւ երբ դա կրկնում է վարչապետը, մարդկանց տալիս է սխալ ու զրպարտող, չճշտված տեղեկատվություն»:

Մեր դիտարկմանը, որ վարչապետը վստահեցնում է, որ հանքի շահագործմամբ Սեւանա լիճ անգամ մեկ լիտր աղտոտված ջուր չի լցվելու, սա ըստ փորձաքննության եզրակացության, Խաչատրյանն այսպես արձագանքեց.«Ես չգիտեմ իր պնդումներն ինչի վրա են հիմնված, ես հիմնվում եմ փորձագետների եւ մասնագետների եզրակացությունների վրա նախ՝ տեղական մասնագետների, որոնք այսքան տարիներ բարձրաձայնում են: Բացի դրանից, միջազգային անկախ փորձագետները Լիդիանի ներկայացրած ՇՄԱԳ-ի մասին եզրակացություն են տվել, որ կան շատ անկառավարելի ռիսկեր, որոնք կարող են 100 տարի ընթանան, ու դրանք փորձել կառավարել…դրանց համար շատ մեծ գումարներ են պետք: Այս վերջին իբրեւ թե փորձաքննությունն, որն իրականում փաստաթղթերի ուսումնասիրություն էր, եւ որի իսկությունը կասկածելի է: Այդ փաստաթղթերի իսկությունն էլ չեն ստուգել: Այստեղ ադեկվատության հարց է առաջանում, որովհետեւ չի կարող ադեկվատ մարդը կարդալ այդ 200-300 էջանոց եզրակացությունը ու հանգել նրան, որ ամեն ինչ նորմալ է»:

Խաչատրյանը պնդեց՝ նոր փորձաքննության կարիք չկա, եղած նյութերն էլ արդեն բավարար հիմքեր են տալիս ՇՄԱԳ-ն ուժը կորցրած ճանաչելու համար. «Ու հանքի շահագործման ծրագիրն էլ չեղարկելու: Համայնքը դեմ է, 3000 բնակիչ չեն ուզում մետաղական հանքարդյունաբերություն լինի իրենց համայնքում: Երբ խոսում ենք ուղիղ ժողովրդավարության մասին ու արհամարհում համայնքի մեծամասնության կարծիքը, ստացվում է կեղծավորություն ենք անում: Անգամ, եթե բնապահպանական ռիսկ չլինի, բայց համայնքը դեմ լինի, ուրեմն հանքը չպետք է շահագործվի ու մինչեւ վերջ կանգնելու ենք, աջակցելու ենք նրանց, սա գլոբալ բնապահպանական խնդիր է»:

Այն հարցադրումներին, թե ինչո՞ւ են բնապահպանները միայն Ամուլսարի համար պայքարում, եւ ինչո՞ւ ասենք Լոռու, Սյունիքի հանքերի շահագործման դեմ չեն պայքարում, ինչո՞ւ Ամուլսար, եւ ոչ Քաջարան, Խաչատրյանը պատասխանեց. «Մենք բնապահպանական ճակատով միշտ էլ բարձրաձայնել ենք բնապահպանական բոլոր խնդիրները, եւ ոչ միայն հանքերի, այլ նաեւ՝ անտառահատումների, ՀԷԿ-երի եւ այլնի մասին: Հիմա, եթե այս մարդիկ այդքան ադեկվատություն չունեն, այսքան տարի հետո նորից նույն հարցը կրկնում են… ես էլ կրկնեմ՝ եթե Քաջարանը հանքի շրջակայքում որպես հանքին սպասարկող քաղաք է ստեղծվել, ապա Ջերմուկը որպես առողջարանային քաղաք է ստեղծվել: Քաջարանի հանքը 40 տարի է աշխատում է, այո, բնապահպանական լուրջ խնդիրներ է առաջացնում: Մենք անընդհատ խոսում ենք այդ մասին: Հիմա ի՞նչ, թողնենք Ամուլսարն էլ շահագործվի, Քաջարան դառնա, ու հետո պայքարենք: Մենք պահանջում ենք Քաջարանի համար այլընտրանքային տնտեսություն ստեղծվի, որովհետեւ հանքը կվերջանա, քաղաքը կդատարկվի: Պահանջում ենք պահպանեն բոլոր նորմերը, որպեսզի շրջակա միջավայրը չաղտոտվի: Հիմա հակառակ պնդումներով փորձում են մեզ սեւացնել…խորհուրդ կտամ մի բաժակ սառը ջերմուկ խմեն՝ հանգստանան»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031