Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անի Խաչատրյան. «Կարծեմ այդ փողոց փակելու շնորհիվ է հիմա Օսիպյանը ոստիկանապետ, Նիկոլ Փաշինյանն էլ՝ վարչապետ»

Օգոստոս 20,2019 20:11

«Ոստիկաններն ուժ չէին կիրառի՝ առանց վերեւի հրամանի, իրենք ինքնագլուխ չեն գործել»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող Անի Խաչատրյանը: Նա երեկ բողոքի ցույցի ժամանակ բերման է ենթարկվել ոստիկանության բաժին:

Արդեն հայտարարություններ են հնչում, որ երեկ ոստիկանական գործողություններն իրավաչափ չէին:

Անի Խաչատրյանը պնդեց. «Եթե եղել է ամենավերեւից հրաման ուժ կիրառելու՝ մենք անցնում ենք հին մեթոդներին, հին ռեժիմի մեթոդներին՝ ուժ կիրառելով ցրել խաղաղ հավաքները, ոչ թե ցույցերը: Դա հավաք էր, որովհետեւ մենք ուղղակի որոշել էինք քննարկում անել: Իսկ եթե ոստիկաններն ինքնագլուխ են գործել, ուրեմն համապատասխան մարմինները պետք է զբաղվեն համապատասխան ոստիկաններով»:

Ոստիկանության հայտարարության համաձայն. «Այո, հավաքը խաղաղ էր, եւ ոստիկանությունը, իրականացնելով իր գործառույթները, պահպանում էր հասարակական կարգը, ապահովում հավաքի մասնակիցների անվտանգությունը: Հետո, սակայն, քաղաքացիները փակեցին Բաղրամյան պողոտան: Ոստիկանությունը մի քանի անգամ հայտարարեց, որ նրանց գործողությունները չեն բխում օրենքից, եւ բավարար ժամանակ տվեց՝ պողոտան բացելու համար: Սակայն նրանք հրաժարվեցին կատարել ոստիկանների օրինական պահանջը, եւ ոստիկանությունը ստիպված էր միջամտել: Փողոցը փակած քաղաքացիները մի քանի անգամ հեռացվեցին պողոտայից մայթ, սակայն կրկին վերադարձան ու փակեցին ճանապարհը: Եվ ստիպված ուժ կիրառվեց, ոչ թե բռնի, այլ համաչափ ֆիզիկական ուժ՝ պողոտան բացելու համար»: Ապա՝ ոստիկանությունն իր այսօրվա հայտարարությունն ամփոփել է մի երկիմաստ արտահայտությամբ.«Բոլորս նույն կողմում ենք»:

Անի Խաչատրյանը, սակայն, նշեց. «Եթե ոստիկանները դեմ են Ամուլսարի շահագործմանը՝ ուրեմն այո, նույն կողմում ենք, բայց նրանք ուժային, հրաման կատարող կառույց են, իրենց ինչ հրաման տալիս են՝ անում են: Բայց ոստիկանություն տանելիս ինձ հետ շատ կոպիտ են վարվել նրանք, թեւերիս վրա մինչեւ հիմա կապտուկներ են, ինձ անգամ ձեռք են գցել»:

Ինչ վերաբերում է ոստիկանության այն հիմնավորումներին, թե քաղաքացիները փողոց են փակել, ու համաչափ ուժ է կիրառվել քաղաքացիների նկատմամբ, Խաչատրյանը հիշեցրեց հեղափոխության օրերի գործողությունները, երբ մարդիկ փողոց էին փակում, որպես բողոքի ցույց. «Կարծեմ այդ փողոց փակելու շնորհիվ է հիմա Օսիպյանը ոստիկանապետ, Նիկոլ Փաշինյանն էլ՝ վարչապետ, ու այն մարդկանց շնորհիվ, ովքեր երեկ փողոց էին փակել, ու փողոց էին փակել նաեւ հեղափոխության օրերին: Իսկ եթե նշում են, թե խաթարվել է երթեւեկությունը, քաղաքացիներ իրավունքներն են խախտվել, դե եթե այդ ամենը իրավաչափ է, ուրեմն՝ թող Նիկոլ Փաշինյանին ենթարկեն պատասխանատվության՝ փողոց փակելու համար»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031