Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանիայից եկած ծանրոցները ՊԵԿ-ը չի տալիս. Կասկածում են, որ ծանրոցները Արթուր Խառատյանինն են՝ տարբեր մարդկանց անուններով ձեւակերպված

Օգոստոս 20,2019 20:00

Մոտ մեկ ամիս է տասնյակ քաղաքացիներ չեն կարողանում ստանալ Գերմանիայից եկած իրենց ծանրոցները: Այսօր նրանք Պետական եկամուտների կոմիտեի առաջ բողոքի ցույց էին կազմակերպել՝ վստահեցնելով, որ իրենց ծանրոցներում շոր, կոշիկ, ակնոց ու տարատեսակ կենցաղային իրեր են: Մինչդեռ մաքսայինը թույլ չի տալիս, որ ստանան: Բողոքի ցույցը կազմակերպել էր «Դոյչե փոստ» բեռնափոխադրումների ընկերության ղեկավար Արթուր Խառատյանը:

Ցույցի եկած քաղաքացիների բեռները Գերմանիայից Հայաստան են տեղափոխվում վերոնշյալ ընկերության միջոցով:

Արթուր Խառատյանի խոսքով, ՊԵԿ-ից կանչել են հայտնել, որ բեռներում ոչ մի վտանգավոր իր չկա, կարող է դիմումը լրացնել եւ ստանալ, սակայն դիմումը վերցնելուց հետո հայտնել են, որ պատրաստվում են գործ հարուցել: Ըստ Արթուր Խառատյանի, իր գործն այժմ ՊԵԿ-ի քննչականի վարույթում է, սակայն նրան տեղյակ չեն պահում՝ ինչն է խնդիրը:

Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ հիմքով են պատրաստվում գործ հարուցել, պարոն Խառատյանը պատասխանեց, որ ՊԵԿ-ը միտում է տեսնում, որ նույն մարդկանց անուններով պարբերաբար ծանրոցներ են մտնում Հայաստան եւ կասկածներ ունի, որ այդ մարդկանց անունները կեղծ ներկայացվում է եւ իրականում ինքն է այդ ապրանքների հասցեատերը:

«Ինձ այդպես են ներկայացնում, ինձ ոչ ոք ոչինչ չի ասում»:
Այն պահին, երբ քաղաքացիները ՊԵԿ-ից իրենց ծանրոցներն էին պահանջում, կոմիտեի լրատվական ծառայությունից տեղեկացրին, որ Արթուր Խառատյանի կողմից ՀՀ տարածք ապրանքների ներկրման ընթացքում ի հայտ եկած խախտումների հիման վրա ՊԵԿ Քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:

 

Արթուր Խառատյանի խոսքով, ՊԵԿ-ի կասկածները անհիմն են, քանի որ կարող է մարդիկ լինեն, որ ամեն ամիս իրենց՝ Հայաստանում գտնվող հարազատին ծանրոց ուղարկեն: Նրա խոսքով երկրում տեղի ունեցած հեղափոխությունից հետո 3-4 անգամ բեռ են փոխադրել, բայց միայն այս անգամ է խնդիր առաջացել: Կազմակերպության բեռն այժմ գտնվում է Բագրատաշենի մաքսակետում:

Ծանրոցներից մեկի հասցեատերը Սվետա Ասատրյանն է, որը սակայն, առաջին անգամ է բեռնափոխադրող այս ընկերության հետ գործ բռնել: Նրան Գերմանիայից հարազատները ծանրոց են ուղարկել, որտեղ սեղան եւ հագուստ է. «Գյումրիից եմ եկել, որ պարզեմ ինչու մեր բեռը Գյումրիից եմ եկել, որ պարզեմ ինչու մեր բեռը մեկ ամիս է չեն տալիս: Ոչ ոք ոչինչ չի ասում: Իմ աղջիկը նախօրոք ուղարկել է, որ շուտով վերադառնան եւ այդ իրերը նրանց պետք են»:

«Մեկ ամսվա ընթացքում որեւէ գրավոր հիմնավորում չկա՝ բեռները պահելու վերաբերյալ: Խնդիրը գործելաոճի մեջ է, այստեղ կոռուպցիոն ռիսկեր կա՞ն թե՝ ոչ: Այն դեպքում, երբ , որ բոլոր բեռները Գերմանիայի բոլոր մաքսակետերով ստուգումներ անցած, մի քանի պետությունների սահմաններ հատած հասել է հանրապետություն: Գրավոր պատասխանի, պատշաճ ծանուցումը կասկածների տեղիք է տալիս»,-ասաց Արտակ Խաչատրյանը, որը ստանում է այդ բեռները եւ բաշխում հասցեատերերին: Պարոն Խաչատրյանը նաեւ դժգոհեց, որ երեկվանից ՊԵԿ-ի դիմաց բողոքի ցույց են անում եւ կոմիտեի ոչ մի պաշտոնյա չի արձագանքում չի ընդունում, որ ինչ-որ բան պարզաբանեն:

Գարիկ Չախոյանը նույնպես ծանրոցի հետեւից էր եկել: Նրա խոսքով երկրորդ անգամ է այս կազմակերպության միջոցով ծանրոց ստանում: Նրան ՊԵԿ-ից տեղեկացրել են, որ խնդիրը ոչ թե բեռների հետ է, այլ՝ կազմակերպության գործունեության:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031