Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր առաջարկ վարչապետի այցից հետո․ պատրաստ են գնել Գյումրու սրտում գտնվող սիրված ֆիլմերի բակը՝ տներով (Ֆոտոշարք)

Օգոստոս 20,2019 17:55

Գյումրու Շիրազի անվան պատմական փողոցի կենտրոնում գտնվող բակը, որտեղ նկարահանվել են դրվագներ «Մեր մանկության տանգոյից», «Հեղնար աղբյուրից», «Ուրախ ավտոբուսից», «Տխուր փողոցի լուսաբացից», գտնվում է անմխիթար վիճակում․ կամարն, աստիճանավանդակները հիմնովին վերանորոգման կարիք ունեն, հատակը՝ ասֆալտապատման կամ խճապատման, տները ևս վթարային են։

Չնայած դրան՝ գյումրեցիների լեզվով ասած «կինոների հայաթը» կամ «Գյումրվա հոլիվուդի բակը» դարձել է զբոսաշրջիկներին ամենահետաքրքրող տեղանքներից մեկը, օրական առնվազն 2-3 խումբ է այցելում այստեղ, որոնք շփվում են բնակիչների հետ, լսում պատմություններ ֆիլմերի նկարահանումներից։ Այստեղ 10 ընտանիք են բնակվում, նրանք կարողացել են ատամներով պահպանել «Կումայր»-ի արգելոցի տարածքում գտնվող իրենց բակը՝ չթույլատրելով ձևափոխումներ։ Բնակիչները պահպանել են նաև տների պատմական տեսքը, քանի որ դրանք պատմական հուշարձաններ են, այդ փաստը հաշվի առնելով՝ ֆինանս ունեցողներն անգամ ձեռք չեն տվել։ Սակայն այսօր բակը հիմնովին վերանորոգել չեն կարող, հատկապես որ բնակիչները մեծամասամբ տարեց մարդիկ են։

Հետաքրքիրն այն է, որ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ երբ սկսվեցին վերանորոգել Շիրազի անվան փողոցը, այս բակը ծրագրի մեջ չներառվեց։ Այդ ժամանակ բնակիչներին գրեթե ամեն օր համոզում էին վաճառել իրենց տները՝ այնտեղ ներդրումներ կատարելու նպատակով, սակայն, ըստ բնակիչների, իրենց շատ ցածր գին է առաջարկվել, որին և չեն համաձայնել։ Այն առաջին գոտում է․ 2 կամ 3 սենյականոց տներ ունեցողներն առաջարկվող գնով քաղաքի ծայրամասում չէին կարող անգամ մեկ սենյականոց գնել։

Նշենք, որ նախորդ շաբաթ Գյումրու պատմական փողոցներով շրջայց կատարելիս բնակիչները վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրեցին բակ՝ մանրամասնելով, թե ինչ ֆիլմեր են նկարահանվել այնտեղ ու դժգոհեցին, որ բակն անտեսված է, ջրմուղը քարուքանդ է արել։ Նիկոլ Փաշինյանը, բակը համարելով աներևակայելի հարստություն, բնակիչներին առաջարկեց իրենց կյանքը փոխելու համար հարևաններով հավաքվել ու այդ տարածքում ստեղծել հյուրատուն, սրճարան կամ ռեստորան։ «Պետք է մտածել միջավայր ստանալու մասին, սա պետք է հարստություն բերի բոլորիդ, ոչ թե պրոբլեմ ստեղծի, սա հարստություն է իրենով»,-ասաց վարչապետը։

Բնակիչներից մեկը նկատեց, որ հարստություն է, բայց անուշադրության է մատնված, որին ի պատասխան՝ վարչապետը հարցրեց․ «Ձեր փոխարեն ո՞վ պետք է ուշադրություն հրավիրի, ձեր բակն է, ասենք ես պիտի գա՞մ աղբը ձեր բակից կամ ծխախոտի մնացորդները հավաքեմ»։

Ինչո՞ւ Շիրազի փողոցը վերանորոգելիս անտեսվեց ամենաարժեքավոր հատվածը, ի՞նչ ծրագիր կա այս բակի հետ կապված, լրագրողները հարց ուղղեցին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին։

«Ի՞նչ ասեմ, ես նույնիսկ մարդկանց կանչել եմ, համոզել եմ, թե գնեք այդ տները, նկուղային մասերը Գյումրու համայնքապետարանինն են։ Ասել եմ ՝ եթե դուք գնեք, մենք էլ կփորձենք օգնել, որպեսզի վերականգնենք այն տեսքով, ինչ տեսքով որ եղել է հենց ֆիլմի մեջ։ Ասեմ, որ մի մասը մասնավորի կողմից վերականգվեց․ նկուղը՝ հացի խանութ և այլն։

Հիմա, ճիշտն ասած, մենք կմաքրենք, բայց բնակիչը ինքը պետք է ուշադիր լինի, որ իր տան դիմաց մաքրի, չասի, թե քաղաքապետարանը չի գալիս մաքրում, մենք շատ ուշադիր կլինենք, կոմունալ բաժնին հանձնարարված է, որ մաքուր պահեն էդ բակը, որովհետև բոլորն այցելում են այնտեղ։ Ուղղակի բնակչի համար պետք է լինի շատ կարևոր ազդակ, որ ինքը կարողանա հյուրատներ սարքել, ընդունել հյուրեր»,- ասաց Սամվել Բալասանյանը։

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե բնակիչներից և ոչ մեկը չի կարողանա ոչինչ անել, քանի որ դուք լավ գիտեք հին տներ են, ի վիճակի չեն, գոնե կամարն ամրացվի, քաղաքապետն ասաց․ «Տեսեք մասնավոր սեկտորը պետք է անպայման վերցնի, որովհետև ինքը մասնավոր է, եթե հիմա բոլորը տները վաճառեն համայնքին, ես մեծ ուրախությամբ կգնեմ, ոնց որ գնեցի Երիտասարդական պալատը, պարարվեստի դպրոցը, այսինքն` շենքեր գնեցի։ Եթե հարևանները համաձայնեն, մեծ ուրախությամբ կգնեմ, կվերականգնեմ նույն ձևի և կլինի պատմական արժեք քաղաքում։ Թող որոշեն գան, իրենց գներով, ամեն ինչով, եթե համայնքը հնարավորություն ունեցավ․․․

Իսկ բակը վերանորոգելն առանձնապես մեծ խնդիր չէ, կանենք, կմաքրենք, ինչ-որ հնարավոր է կանենք, բայց իր հին տեսքով է անհրաժեշտ վերականգնել, դրա համար դիզայներ պիտի աշխատի, մասնագետներ պետք է աշխատեն։ Եկան մարդիկ, տեսան, հասկացան, մի շատ լավ վառարան կա ռուսական, ուզում էինք հանել, ասացին ամենաաթանկարժեք բանն է, ինչո՞ւ եք հանում, հասկանալի է, որ մասնագետներ գան, որ կարողանանք վերականգնել։Ես այսօր չեմ թողնում, որ մի քար փոխեն, չի կարելի»։

Բնակիչների ասելով էլ, զբոսաշրջիկները գալիս են բակ՝ հենց մարդկանց հետ շփվելու, զրուցելու, ֆիլմերի բակն իր մարդկանցով է արժեք ու պատմություն։

Նշենք, որ 19-րդ դարավերջին կառուցված այս շենքն իր բակով, պատկանել է ռուսական կայազորի բարձրաստիճան սպա գնդապետ Վեքիլյանին, որը 1840-50-ական թվականներին ծառայեցրել է որպես հյուրատուն՝ սենյակների մեծ մասը վարձով տալով Գյումրի այցելող հյուրերին, հատկապես ռուսներին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031