Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բոլորս նույն կողմում ենք. ոստիկանության պարզաբանումը իրականացված գործողությունների վերաբերյալ

Օգոստոս 20,2019 16:03

Մի շարք օգտատերեր, հասարակական կազմակերպություններ ու իրավապաշտպաններ կարծիքներ և գնահատականներ են հնչեցրել օգոստոսի 19-ին Երևանի Բաղրամյան պողոտայում ոստիկանների գործողությունների վերաբերյալ:

2019 թ. օգոստոսի 19-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն իրականացնում էին խաղաղ հավաք՝ իրենց աջակցությունն արտահայտելու Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ պայքարի դուրս եկած Ջերմուկի և հարակից բնակավայրերի քաղաքացիներին, որոնք Բաղրամյան 26 հասցեում հանդիպում էին ՀՀ վարչապետի հետ: Այո, հավաքը խաղաղ էր, և ոստիկանությունը, իրականացնելով իր գործառույթները, պահպանում էր հասարակական կարգը, ապահովում հավաքի մասնակիցների անվտանգությունը: Հետո, սակայն, քաղաքացիները փակեցին Բաղրամյան պողոտան: Ոստիկանությունը մի քանի անգամ հայտարարեց, որ նրանց գործողությունները չեն բխում օրենքից, և բավարար ժամանակ տվեց՝ պողոտան բացելու համար: Սակայն նրանք հրաժարվեցին կատարել ոստիկանների օրինական պահանջը, և ոստիկանությունը ստիպված էր միջամտել: Փողոցը փակած քաղաքացիները մի քանի անգամ հեռացվեցին պողոտայից մայթ, սակայն կրկին վերադարձան ու փակեցին ճանապարհը: Եվ ստիպված ուժ կիրառվեց, ոչ թե բռնի, այլ համաչափ ֆիզիկական ուժ՝ պողոտան բացելու համար:

Հիշեցնենք, որ իր գործառույթներն իրականացնող ոստիկանության ծառայողներին օրենքով վերապահված է անհրաժեշտության դեպքում կիրառել համաչափ ֆիզիկական ուժ: Խաթարվել էր երթևեկությունը, խախտվել էին այլ քաղաքացիների իրավունքները, և միջամտությունն անհրաժեշտ էր:

Հավաստիացնում ենք, որ նմանատիպ յուրաքանչյուր միջոցառումից հետո, ոստիկանության պետի հանձնարարությամբ, մանրակրկիտ ուսումնասիրվում է ամեն մի ոստիկանի գործողությունը, արվում են հետևություններ, հարկ եղած դեպքում՝ նշանակվում է ծառայողական քննություն: Այդպես կլինի նաև այս անգամ: Այո, ոստիկանությունը կիրառել է համաչափ ֆիզիկական ուժ, և համացանցում տարածված տեսագրությունների ուսումնասիրությամբ ակնառու չեն համաչափության խախտումներ, իսկ եթե ակտիվիստներից մեկն էլ պատահաբար, կրկնում ենք՝ պատահաբար վնասվել է, խնդրում ենք միտում ու դիտավորություն չփնտրել: Յուրաքանչյուր մարդու վնասվածքը ցավալի է, նաև ոստիկանների համար:

Ինչ վերաբերվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված քաղաքացուն՝ կրկնենք, որ հենց ոստիկաններն են կանչել շտապօգնություն, երբ ոստիկանության բաժնում նա հայտարարել է, թե վատ է զգում: Ախտորոշումն էլ եղել է նևրոտիկ ռեակցիա, սրտի ռիթմի խանգարում, ինչը ոչ մի կերպ չի կարող լինել անհամաչափ ուժի կիրառման հետևանք: Ի դեպ, դիտելով նրա ֆեյսբուքյան էջը՝ կարելի է տեսնել, թե նա ինչպես է դիմադրում ոստիկաններին և չի ենթարկվում նրանց օրինական պահանջին:

Ոստիկանությունը ծառայել և ծառայում է օրենքին ու ժողովրդին, ՀՀ քաղաքացուն և հետևողական է, որպեսզի բոլոր պարագաներում իր աշխատակիցները գործեն բացառապես օրենքի շրջանակներում: Սակայն միայն ոստիկանությունը չէ, որ ունի պարտականություններ: Իրավունքներից զատ՝ պարտականություններ ունեն նաև հավաքի մասնակիցները, ակտիվիստները, բոլորս: Ուստի կոչ ենք անում բոլորին՝ մնալ օրենքի և օրինականության սահմաններում, անվերապահորեն կատարել ոստիկանների օրինական պահանջները, չդիմել սադրիչ գործողությունների: Հարկ ենք համարում հիշեցնել նաև, որ ոստիկաններն էլ, պարտականություններից զատ, ունեն նաև իրավունքներ:

Համոզված ենք, որ եկել է օրենքի գերակայության ժամանակը, երբ բոլորը հավասար են օրենքի առաջ: Ուստիև արդիական չեն ոչ ճանապարհ փակելը, ոչ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելը, ոչ էլ ոստիկանությանն անհարիր պիտակներ կպցնելը: Հայտարարություն տարածողներն էլ հիանալի գիտեն յուրաքանչյուր հարցի լուծման օրինական, պաշտոնական ուղին: Հորդորում ենք հարկ եղած դեպքում ընտրել հենց այդ ճանապարհը:
Միայն հավելենք, որ ոստիկանությունն այսուհետ էլ գործելու է միմիայն օրինականության սահմաններում, ինչը պահանջելու է նաև քաղաքացիներից, մնալու է բաց՝ ամեն մի խնդիր քննարկելու և լավագույն լուծում գտնելու հարցում՝ նույնը պահանջելով հասարակական կազմակերպություններից, շարունակելու է բարեփոխվել, զարգանալ ու ինքնամաքրվել՝ ունենալով ողջ հանրության աջակցությունը: Ի վերջո, բոլորիս նպատակը մեկն է՝ օրենքի գերակայությունը:

Բոլորս նույն կողմում ենք:

 

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031