Լրահոս
Օրվա լրահոսը

«Կանխակալ կարծիք չունեմ նախկին գործընկերոջս մասին, բայց նրա ղեկավարի դեմ հաղորդում եմ տվել». Մ. Գրիգորյանի պաշտպան

Օգոստոս 20,2019 15:19

ԵԿՄ նախկին նախագահ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով այսօրվա դատական նիստին ներկայացել էր այս գործով Առողջապահության նախարարի հրամանով ստեղծված փորձագիտական հանձնաժողովի անդամ, բժիշկ-սոնոգրաֆիստ, սրտաբան Հարություն Հեքիմյանը, որը ներկայումս աշխատում է «Դատապարտյալների հիվանդանոցում»: Դատարանին ներկայացվեցին նրա համապատասխան փաստաթղթերը: Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը հայտարարեց, որ ինքը եւ Հեքիմյանը ժամանակին ընտանիքներով մտերիմ են եղել:

«Կանխակալ կարծիք չունեմ նախկին գործընկերոջս մասին, իմ կողմից շատ հարգված մասնագետ է, բայց ճիշտ կլիներ, որ պարոն Հեքիմյանը բացարկ հայտներ: Բացի այդ, նրա ներկայիս ղեկավարի՝ «Դատապարտյալների հիվանդանոցի» ղեկավարի դեմ ես հաղորդում եմ տվել, Քննչական ծառայությունում նյութեր են ուսումնասիրվում»,-նշեց Արսեն Մկրտչյանը:

Հարություն Հեքիմյանն էլ չհամաձայնեց՝ ասելով. «Եղել ենք գործընկերներ, բայց ընտանեկան մտերմություն չի եղել»: Արսեն Մկրտչյանն էլ պնդեց, որ եղել է, ապա բացարկ հայտնեց Հեքիմյանին:

Այս գործով մեղադրող-դատախազ Հայկ Պետրոսյանը գտավ, որ բացարկն անհիմն է. «Պաշտպանը փորձեց «չեղարկված մտերմություն» հրամցնել փորձագետին»:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանն էլ որոշեց Արսեն Մկրտչյանի՝ Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ բժիշկ Հեքիմյանին ներկայացված բացարկը մերժել՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարի հրամանով ստեղծված փորձագիտական հանձնաժողովն առաջիկայում պետք է եզրակացություն տա Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ: Մեղադրյալ Մանվել Գրիգորյանին այսօր դատական նիստին չէին ներկայացրել: Բժշկական կենտրոնից ստացվել էր տեղեկանք այն մասին, որ առողջական վիճակից ելնելով՝ նա ի վիճակի չէ նիստին ներկայանալ:

Նա մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթման եղանակով 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու համար: Նրա կինը՝ Նազիկ Ամիրյանն էլ մեղադրվում է ամուսնու եւ որդու՝ Արման Գրիգորյանի հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, հափշտակությունների համար:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031