Այսօր ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ-մայոր Սեյրան Սարոյանը Էջմիածնում իր տանը ասուլիս էր հրավիրել: Լրագրողները հետաքրքրվեցին Մարտի 1-ի գործից, Օգանովսկու, BBC-ի տեղեկատվությունից: Սարոյանը պատասխանեց. «Չի կարա ըտենց բան լինի: Պահ, մթոմ դուք չգիդիք: Ուղղակի Մարտի 1-ի դեպքերի ժամանակ…հիշո՞ւմ եք, երկու տարի առաջ ես Կարմենի մոտ հարցազրույց տվեցի, այ էդ մի տեղը բախտներս բերեց, որ ես Մանվելի հետ թողինք եկանք տուն, մենք տնից դուրս չենք եկել, թե չէ հիմա էդ էլ էին կապել մեզի, քրքրել էին հիմա մեզ»: Նա ասաց, որ «սաղ աշխարհը» գիտի՝ ինքն ու Մանվել Գրիգորյանն այդ դեպքերի ժամանակ ոչ մի կերպ չեն խառնվել. «Սաղ շառը կգցեին մեր երկուսի վրեն»:
Սարոյանն ասաց, որ երբ Ռոբերտ Քոչարյանը Երկրապահի հետ հանդիպման է գնացել, Մանվել Գրիգորյանը չի գնացել այդ հանդիպմանը. «Արդեն ես հասկացել էի, թե մեր գլխին ինչ էին ուզում սարքեին… Ես չգիտեմ BBC-ն ինչ ասեց, ինչ չասեց, մենք մթոմ Ամերիկայի՞ց ենք եկել: Ես եմ թազա եկել, խոմ սաղդ չե՞ք եկել: Սաղն էլ Երեւանում են եղել, հիմա ի՞նչ խաբենք իրար: Դուք որտե՞ղ էիք, չէի՞ք նկարում սաղ»:
Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի հարցին՝ Սեյրան Սարոյանն ուշագրավ հայտարարություն արեց՝ «Մենք թավշյա հեղափոխություն ենք արել, որ արդարադատություն ունենանք, չէ՞»: Լրագրողների զարմանքին՝ դո՞ւք էլ եք արել հեղափոխություն՝ նա պատասխանեց. «Բա ես ո՞ւր էի»:
Երբ հիշեցրին, որ նա Սերժ Սարգսյանին վարչապետ էր ընտրում՝ Սարոյանը պատասխանեց, թե էն ժամանակ «բացի Սերժից ո՞վ կար»: Իսկ թե հետո ինչո՞ւ ընտրեց Փաշինյանին՝ Սարոյանը պատասխանեց. «Որովհետեւ ժողովուրդն ըտենց էր ուզում, ժողովուրդն ասաց՝ էս աթոռները թողեք՝ գնացեք քելեք, ասեինք՝ չէ, էսի պապուս աթոռն է, չե՞մ տալիս»: Հարցին՝ փաստորեն, դո՞ւք էլ էիք իշխանափոխությանը կողմ՝ Սեյրան Սարոյանը արձագանքեց. «Ամբողջ ազգը երբ հելել էր ոտի, ասում էր՝ թազա իշխանություն ենք ուզում…»:
Կարդացեք նաև
Ըստ Սեյրան Սարոյանի, Մանվել Գրիգորյանի պահեստները «արենդավատ էին» ու Մանվել Գրիգորյանը բան ու գործ չուներ, պետք է գնար ստուգեր, թե իր պահեստներում ի՞նչ էր դրված: Նա այսպես արձագանքեց, երբ հիշեցրին, թե քանի սեփականութան վկայական էին հայտնաբերել նրա պահեստներում:
Հարցին՝ Էջմիածնում իր օրոք վախի մթնոլորտ չի՞ եղել՝ Սարոյանն ընդունեց. «Եղել է, ո՞նց չի եղել…Այ մարդ, հլը հիմա հարցրեք, թե ինչ վիճակ է: Դրա համարա ով որտեղ ուզում՝ ավտոները քաշում կանգնցնում է: Լա՞վ է: Դե որ լավ է, թող անեն, մի հատ Մանվել հա՛մ ԳԱԻ-ի պետ էր աշխատում, հա՛մ գեներալ»:
Հարցրեցին՝ հիմա, երբ Մանվել Գրիգորյանը բանտում է, նրա իշխանությունը չի, ո՞վ է այսպես ասած «քաղաքի նայողը»: Սարոյանը պատասխանեց, որ սա սուրբ քաղաք է, եկեղեցիների քաղաք է ու կաթողիկոսի քաղաքն է. «Մանվելի միակ չեպեն գիտե՞ս ինչն էր, որ տենար նառուշենի է անում՝ ավտոյի զալատնիկներն իջացնում էր: Գեներալի իրավունք: Մանվելն ինքն իրան վերապահում էր, որ դու խախտում չանես: Դու էլ կարաս, տենաս ես խախտում եմ անում, գաս իմ զալատնիկներն իջացնես, քեզ էլ կասենք՝ զալատնիկ նկար»,- կատակեց գեներալը:
Սարոյանից լրագրողները հետաքրքրվեցին նաեւ Ամուլսարի խնդրից՝ Սարոյանը պատասխանեց. «Ես նոր եմ եկել, տեղյակ չեմ, բայց դրա համար իշխանությւոն կա, մեր ընտրած իշխանությունն է, լեգիտիմ իշխանություն է, կորոշի: Հիմա ես, դու ավելի շատ գիտենք, քան ժողովրդի ընտրած կառավարությո՞ւնը: Կառավարություն ինչի՞ համար ենք ընտրել: ԱԺ-ում 80 տոկոս ձեն է հավաքել էդ մարդը, ուրեմն իրենք չգիտե՞ն ինչ պիտի անեն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ