Լրահոս
Օրվա լրահոսը

«Նա ունի շահագրգռվածություն». մեղադրողը՝ Մանվել Գրիգորյանի ֆրանսաբնակ բժշկին

Օգոստոս 20,2019 14:00

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԵԿՄ նախկին նախագահ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով այսօրվա դատական նիստին ներկայացել էր Ֆրանսիայից ժամանած նրա բժիշկ Նորբերտ Ավետյանը՝ գործում որպես փորձագետ ներգրավվելու համար: Նման միջնորդություն արել էր Մանվել Գրիգորյանի պաշտպանական թիմը: Մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը, սակայն, միջնորդեց նրան ինքնաբացարկ հայտնել: Նա շեշտեց, որ ըստ օրենքի՝ փորձագետ կարող է հանդիսանալ քրեական գործի ելքով չշահագրգռված անձը. «Իմ գնահատմամբ՝ նա ունի շահագրգռվածություն, քանի որ հանդիսանում է ընտանիքի մտերիմ: Մանվել Գրիգորյանի ընտանիքի մի քանի անդամներին նա բուժել է»: Դատախազը նաեւ նշեց, որ փորձագետը չի ներկայացրել իր համապատասխան բժշկական փաստաթղթերի հայերեն թարգմանությունները:

Մանվել Գրիգորյանի պաշտպանները դատախազի միջնորդության դեմ առարկեցին՝ նկատելով՝ ինչո՞ւ դատախազը բացարկ չհայտնեց Գրիգորյանի երեւանյան բժիշկներին, որոնք նույնպես տարիներ շարունակ բուժել են նրան եւ ներգրավվել են փորձագիտական հանձնաժողովում: Պաշտպանները նշեցին, որ Մանվել Գրիգորյանին բուժելու հանգամանքը չի կարող անդրադառնալ բժշկի անաչառության վրա:

Նրանք հիշեցրին, որ Նորբերտ Ավետյանը փրկել է Մանվել Գրիգորյանի կյանքը. «Եթե կեղծիք կատարի, կպատժվի օրենքով: Նրա ներգրավումը գտնում ենք անհրաժեշտ»: Պաշտպաններից Արսեն Մկրտչյանն էլ շեշտեց՝ բժիշկ-հիվանդ հարաբերությունները պետք չէ շփոթել մտերմիկ հարաբերությունների հետ:

Քննարկելով դատախազի միջնորդությունը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանը գտավ, որ դատարանին չներկայացվեց Ավետյանի մասնակցությունը բացառող պատճառաբանություն. «Դատարանը որոշում է բավարարել պաշտպանական կողմի միջնորդությունը եւ Նորբերտ Ավետյանին ներգրավել որպես փորձագիտական հանձնաժողովի փորձագետ»:

Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարի հրամանով ստեղծված փորձագիտական հանձնաժողովն առաջիկայում պետք է եզրակացություն տա Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ: Մեղադրյալ Մանվել Գրիգորյանին այսօր դատական նիստին չէին ներկայացրել: Բժշկական կենտրոնից ստացվել էր տեղեկանք այն մասին, որ առողջական վիճակից ելնելով՝ նա ի վիճակի չէ նիստին ներկայանալ:

Հիշեցնենք, որ նա մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթման եղանակով 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու համար: Նրա կինը՝ Նազիկ Ամիրյանն էլ մեղադրվում է ամուսնու եւ որդու՝ Արման Գրիգորյանի հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, հափշտակությունների համար:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ             

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031