Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյան. «Բիզնեսմեններից մեկն ասաց` շնորհակալություն,եղբայր, առաջ զանգում էինք նախարարին»

Օգոստոս 20,2019 13:33

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում ունեցավ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Խոսելով բարձրագույն կրթության ոլորտի մասին, Արայիկ Հարությունյանն ասաց, որ բարձրագույն կրթությունում խորհուրդների, ղեկավարների փոփոխություններ են տեղի ունեցել: Նաեւ շեշտեց` այս գործընթացները հարթ չեն ընթանում:

«Բարեփոխումների ծրագրեր են ընդունվում, ներքին իներցիոն դիմադրություններ են լինում… Օրենքի նոր նախագիծ ենք առաջարկել, մի շարք փոփոխություններ կլինեն բուհերում, ֆինանսավորման ձեւը կփոխվի, հետազոտական մասը հաշվի կառնվի»,-ասաց նախարարը: Նաև ընդգծեց, որ մյուս ուսումնական տարուց նոր օրենքի արդյունքները տեսանելի կլինեն:

Փաշինյանը մանրամասնեց, որ քննությունների շեմը հաղթահարած ուսանողներին կտրվի սերտիֆիկատ, ասենք տնտեսագիտություն մասնագիտության համար եւ նա ինքը կընտրի, թե որ բուհի այդ ֆակուլտետ գնա: Արայիկ Հարությունյանն ասաց, որ բուհերի ֆինանսավորման բանաձեւերն էլ կփոխվեն, գիտական եւ նորարարական ծրագրերին հավելյալ ֆինանսավորում կտրվի: Ինչ վերաբերում է մշակութային ոլորտին, նախարարն ընդգծեց, որ իրականում ունեն ոչ թե միջոցների խնդիր, այլ գաղափարների:

«Պետք է փոխենք մշակույթի ֆինանսավորման ձեւը, պետք է ֆինանսավորում տրվի այն նախագծերին, որոնք հավելյալ արժեք են ստեղծում, նաեւ շարունակականություն ունեն»,-ասաց Արայիկ Հարությունյանը:

Նիկոլ Փաշինյանը խոսեց նաեւ աղմուկ հանած այն ծրագրից, ըստ որի՝ արվեստի գործերը պետք է տարվեն դպրոցներ ու ցուցադրվեն երեխաներին, ասաց, որ ակնկալում է մշակույթի մարդկանց աջակցությունը:

Դպրոցներում գրանցվելու առցանց համակարգին էլ անդրադարձ եղավ: Արայիկ Հարությունյանն ասաց. «Համակարգը ներդնելուց հետո ինձ մոտեցավ մեր բիզնեսմեններից մեկն ու ասաց, եղբայր ձեզ շնորհակալություն պետք է հայտնեմ, երեխան մի վայրկյանում գրանցվել է, առաջ պետք է 47 հոգի միջնորդեր, առաջ զանգում էինք նախարարին, հիմա ոչ «բոնբոներկա» է աշխատել, ոչ ուրիշ բան»:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ առաջիկայում կքննարկեն գիտության եւ հուշարձանների խնդիրները: «Ինձ համար այս նախարարությունը Հայաստանի Հանրապետության բովանդակության նախարարությունն է եւ ինձ համար ռազմավարական նշանակություն ունի»,-ասաց վարչապետը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031