Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիայից ժամանել է Մանվել Գրիգորյանի բժիշկը եւ ներկայացել դատական նիստին

Օգոստոս 20,2019 13:11

ԵԿՄ նախկին նախագահ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով այսօրվա դատական նիստին թարգմանչի հետ ներկայացել էր բժիշկ Նորբերտ Ավետյանը՝ գործում որպես փորձագետ ներգրավվելու համար: Նա պաշտպանական կողմի առաջադրած փորձագետն է: Ներկայանալով դատարանին՝ նա նշեց, որ ծնվել է Ստամբուլում, 1974թ.-ին տեղափոխվել Ֆրանսիա: Մոտ 40 տարի աշխատում է որպես ուռուցքաբան: «Մանվել Գրիգորյանին բուժում եմ արդեն ութ տարի, նա ճառագայթումներ է ստացել, վիրահատվել, ընդունել քիմիաթերապիա: Նա ամեն տարի զննվել է իմ մոտ, բացի վերջին երկու տարին»,-նշեց բժիշկ Նորբերտ Ավետյանը:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը պարզաբանեց՝ Մանվել Գրիգորյանի պաշտպանները բժշկին առաջարկել են ներգրավվել Առողջապահության նախարարի հրամանով ստեղծված փորձագիտական հանձնաժողովում՝ որպես փորձագետ, իսկ հանձնաժողովը պարզելու է Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը. «Դուք պետք է գործակցեք հանձնաժողովի մյուս անդամների հետ ձեր աշխատանքի ընթացքում: Տեղեկացնեմ, որ փորձագետի կողմից սխալ եզրակացություն տալը պատժելի է ՀՀ օրենքներով»:

Բժիշկ Ավետյանը դատարանին ներկայացրեց Ֆրանսիայում գործող հատուկ բժշկական բյուրոյի փաստաթուղթն այն մասին, որ ինքը պրոֆեսիոնալ բժիշկ է:

Մեղադրող-դատախազ Հայկ Պետրոսյանը հետաքրքրվեց՝ բժիշկն ի՞նչ հարաբերությունների մեջ է Մանվել Գրիգորյանի հետ: Ավետյանը տեղեկացրեց, որ բուժման համար Մանվել Գրիգորյանից գումար չի վերցրել. «Նա իմ հիվանդն է: Քսան տարի բուժել եմ նրա դստերը: Հանդիպում ենք, զրուցում»: Դատախազը հարցրեց՝ «Կարելի՞ է ենթադրել, որ գտնվում եք մտերիմ փոխհարաբերությունների մեջ»: Ավետյանը պարզաբանեց՝ վճարումն ընդունում է ոչ թե ինքը, այլ հիվանդանոցը. «Եվ առաջին անգամ չէ, որ ես անձամբ չեմ ընդունում վճարը»: Մեղադրողը հայտարարեց՝ խնդրում է ընդմիջում՝ փորձագետին բացարկ հայտնելու հարցը դիտարկելու համար: Նիստն ընդմիջվեց:

Հավելենք, որ մեղադրյալ Մանվել Գրիգորյանին դատական նիստին չէին ներկայացրել: Բժշկական կենտրոնից ստացվել էր տեղեկանք այն մասին, որ առողջական վիճակից ելնելով՝ նա ի վիճակի չէ նիստին ներկայանալ:

Հիշեցնենք, որ նա մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթման եղանակով 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու համար: Նրա կինը՝ Նազիկ Ամիրյանն էլ մեղադրվում է ամուսնու եւ որդու՝ Արման Գրիգորյանի հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, հափշտակությունների համար:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031