ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում ունեցավ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ: «Հեշտ չի եղել նախարարությունների միավորումը»,-ասաց նախարարը: Նաեւ խոստովանեց. «Մինչեւ միավորումը ԿԳ նախարարությունը այլ ռելսերի վրա էր դրված»:
Նրանք խոսեցին նախակրթարաններից: «Նախակրթարանը կամ դպրոցը կապիտալ նորոգվում է, բայց հին գույք է դրվում, մինչդեռ նորոգված նախակրթարաններում պետք է լինի նոր գույք»,-ասաց Փաշինյանը:
Հարցրեց, թե նախակրթարանի տարիքի երեխաների քանի տոկոսն է դուրս մնում նախակրթարաններից: Արայիկ Հարությունյանն ասաց, որ մոտ 35 տոկոսն է այցելում նախակրթարաններ, հավելեց, որ մասնավոր նախակրթարաններ էլ են այցելում, որոնցից բողոքներ կան:
«Վերջերս այցելել էի մի գյուղ, որտեղ բարձրացրել էին մանկապարտեզի հարցը, պարզվեց՝ դպրոցում դատարկ հարկեր կային, պետք է տարածքները ռացիոնալ օգտագործել»,-ասաց Փաշինյանը:
Կարդացեք նաև
Նախարարը տեղեկացրեց, որ ՀԲ ծրագրով ավագ 7 դպրոցների վերանորոգման, վերակառուցման ծրագիրը սկսված է, 8-րդ դպրոցում նույնպես սկսվել է: Ասաց նաեւ, որ փոքր դպրոցների մեծ ծրագիր ունեն գյուղական համայնքներում: Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ե՞րբ է համակարգչային եղանակով ուսուցումը գնալու: Նախարարն ասաց, որ բոլոր դասագրքերը էլեկտրոնային ձեւաչափով կան, աշակերտները կարող են օգտվել: Առաջիկայում էլ QR կոդով կարող են ներբեռնել:
Ուսուցիչների աշխատավարձերի բարձրացմանն էլ անդրադարձ եղավ: Հնչեց, որ միջինացված 10 տոկոսով աշխատավարձերը կբարձրանան:
«Ֆինանսական բանաձեւի հետ կապված ունենք մեծ խնդիր, մեկ տարի է դա փոխվում է, վերափոխվում է: Տարբեր դպրոցներում մեկ դրույքի համար տարբեր չափեր կան, այս բանաձեւով ունենալու ենք նվազագույն աշխատավարձի շեմ, որը կկազմի 108 000 դրամ այս բանաձեւով: Բայց դա սեպտեմբերից չի լինի: Դա ամենայն հավանականությամբ հունվարի 1-ից կլինի: Միայն աշակերտի թվով չի լինելու ֆինանսավորումը, գուցե խնդրենք բյուջեից մի քիչ ավել գումար լինի»,-ասաց նախարարը:
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/393636637955539/?__xts__[0]=68.ARAgO96NVI4u3IKzH4estaUkTj5Xvqb9wsljbZiM3f-WGga2jHN9EX89XB5CXBTkksVhUxJBYjm8RXhW_v2I-Iw1v1agpDKlD_6OZhjzLw_b6rOcFaO5oLfsfOmFoXoiETrsmbIEUZjGspwp2T1vQiqvXz-5YYXHzIolqqWcbt9tpkZ2kIEujb6LzQgUb3MTLMP-77wc-jdwqtyahleN7PcOEJOMMiCF1gKBqax4xZWVyKdq-P6-dn2p6MwjkWG0GqE6K6PT5GtZR3inoqpoc3yLYrBn7eqm_BisLzvxwsYei-g52oXymcc_fQi6w6wgrwEbX7pYj7sVOKucoeIcxH_aGu5ZvU3wBv5Szg&__tn__=-R
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ