Հոկտեմբերի 1-ին Երեւանում սպասվելիք Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին ընդառաջ Մոսկվան քայլեր է ձեռնարկում, որոնց բովանդակությունը եւ բավականին պարզ հաշվարկելի հետեւանքները եւս մեկ անգամ ցույց են տալիս իրական շարժառիթները, թե ինչո՞ւ է այդ ԵԱՏՄ կոչվածը ստեղծվել։
Եթե այն ստեղծված է, որպեսզի իրոք «ինտեգրացիայի», «բարեկեցության», «զարգացման» հասնելու համար, ապա դրա մասին գոնե պետք է վկայեին գործնական քայլերը։ Մինչդեռ, այդ քայլերը տարել եւ տանում են տրամագծորեն հակառակ ուղղությամբ։
Նախ, տարբեր պատեհ կամ անպատեհ առիթներով երբ խոսում են ԵԱՏՄ տարածքում ինտեգրացիոն գործընթացներում եվրոպական փորձի կիրառման մասին, ապա հարց է առաջանում, թե ո՞րն է ԵԱՏՄ-ի երկաթն ու ածուխը, որոնց շուկաների ընդհանրացմամբ սկսվեց միասնական տնտեսական տարածքի կառուցումը։ Այս հարցի պատասխանը գոյություն չունի եւ չի էլ ունենա։
Պարզ հարցերն ուղղակի չեն լուծվում, եւ բացի դիսկրիմինացիայից հօգուտ ռուսական արտադրողի, բացի «եվրասիական ստանդարտին համապատասխան» ռուսական արտադրանքի արտոնյալ սպառումից հետխորհրդային երկրների շուկաներում՝ այլ բաներ Մոսկվային չեն հետաքրքրում։ Կարեւոր ոլորտների ազատականացման ցանկացած առաջարկ բախվում է Մոսկվայի պահանջին՝ զիջել ինքնիշխանությունը «վերպետական» մարմնին, այն է՝ նույն Մոսկվային, կամ պրոտեկցիոնիստական գործիքներով սահմանափակել ներկրումը երրորդ երկրներից, եթե հանկարծ Ռուսաստանում այդ ապրանքատեսակից արտադրվում է, ասենք՝ ավտոմեքենաներ, կամ պարբերաբար շրջանառության մեջ է դնում «ընդհանուր արժույթի» կամ «ռուբլու գոտու» մասին «տեղեկությունը»։ Իսկ, օրինակ, գազի, նավթի-նավթամթերքի շուկաների ազատականացման վերաբերյալ առաջարկները «քննարկվում են» եւ դեռ «կքննարկվեն», քանի Մոսկվան չի «քերել» ԵԱՏՄ երկրների ինքնիշխանության եւ էներգետիկ համակարգերի վերջին փշրանքները։
Կարդացեք նաև
Սակայն, դա եւս չի բերի ո՛չ բարեկեցություն, ո՛չ զարգացում, քանզի ամենասարսափելին, ինչը կարող է լինել հետխորհրդային տարածքում՝ դա հենց բարեկեցությունն է եւ զարգացումը, որը Ռուսաստանի ներսում հարցեր կհարուցի պետությունը զավթած խմբավորման հասցեին։ Եվ խոսքն ամենեւին էլ միայն տնտեսության մասին չէ։ «Ուզում ենք, ինչպես Հայաստանում»,- ասում են ցուցարար ռուսաստանցիները տարբեր քաղաքներում արդեն այսօր։ Ասում են, տեսնելով, թե ինչ տեղի ունեցավ Հայաստանում, ինչպիսի ստանդարտներով տեղի ունեցան Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունները։ Բազմիցս է ասվել, որ այսպիսի Հայաստանը ռուսական իշխանության համար որքան էլ որ գործընկեր է, քանզի ուրիշ Հայաստան Մոսկվայի համար հայերը չունեն ու այլեւս չեն ունենալու, այն մշտական գրգռիչ է, որի օրինակը Կրեմլի պատկերացմամբ հաստատապես լավ բան չի խոստանում։
Եվ միայն վատ երազում կարող է Կրեմլը պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե Երեւանում 2018-ին տեղի ունեցածը կրկնվեր, ասենք, Մինսկում եւ Աստանայում, որն այս ընթացքում Նուրսուլթան դարձավ։ Եվ այնտեղ էլ բացատրեին Մոսկվային, որ դա զուտ ներբելառուսական կամ ներղազախական գործընթաց է, Բելառուսը եւ Ղազախստանը որեւէ աշխարհաքաղաքական շրջադարձեր չեն նախատեսում, Ռուսաստանի հետ հարաբերությունների իրավա-պայմանագրային բազան չեն վերանայում եւ այլն։
Այս անկայուն հավասարակշռության պայմաններում Մոսկվան Երեւանյան գագաթնաժողովին ընդառաջ որոշել է անել իր «ձիով քայլը», եւ այդ «ձին» տվյալ դեպքում ունի անուն եւ ազգանուն՝ Սերգեյ Գլազեւ։ Ո՞վ է պարոն Գլազեւը, եւ նա գալիս է, որ ի՞նչ անի։ Նա եղել է Պուտինի խորհրդական, առանձնացել է, մեղմ ասած, առանձնակի տարօրինակ հայացքներով եւ հայտարարություններով, ինչը Զյուգանովի եւ Ռոգոզինի կուսակցի պարագայում այդքան էլ տարօրինակ չէ։ Նա չի թաքցնում իր հակաազատականությունը, իր կայսերապաշտությունը, իր արհամարհանքը հետխորհրդային երկրների ինքնիշխանության նկատմամբ։ Բացի դրանից, լինելով Պուտինի խորհրդականը տնտեսական հարցերով, զբաղվել է այդ Եվրասիական միության ստեղծմամբ որպես «այլընտրանք» Եվրամիությանը, չափազանց «խելացի» խորհուրդներ է տվել Ուկրաինայում ճգնաժամի ժամանակահատվածում, որի ընթացքում երեւի թե Գլազեւին լսելով պետք էր անել հակառակը կամ գոնե ոչ ամբողջությամբ։ Սակայն, տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ, եւ պարոն Գլազեւը զբաղեցնում է ամերիկյան եւ եվրոպական պատժամիջոցների ցուցակներում «թոփային» տողերը։ Իսկ հիմա նրան պարոն Պուտինը ազատել է խորհրդականի պաշտոնից եւ գործուղել Տիգրան Սարգսյանի «ենթակայության» ներքո, որպես Եվրասիական հանձնաժողովի նախարար՝ փոխարինելու Տատյանա Վալովայային, եւ այս «հանճարեղ» որոշումը պետք է վավերացվի Երեւանում…
Տնտեսական հեղափոխություն հռչակած Հայաստանի կառավարության արտաքին ռազմավարության առումով մնում է անհասկանալի, թե ինչպես է այդ խնդիրը հաղորդակցվում ԵԱՏՄ ոչ թե հռչակած, այլ իրական նպատակների եւ հեռանկարների հետ, որոնք գալիս են նրա ծագումնաբանությունից։ Արդյոք ռիսկային չէ՞ տնտեսական հեղափոխության բոլոր «հավկիթները» դնել այդ եվրասիական զամբյուղը, մտածելով, թե «բարեկամ» Մոսկվան գիշերը չի քնում եւ ուրախանում է, թե ինչպիսի տնտեսական հաջողություններ է արձանագրում եւ արձանագրելու հեղափոխական Հայաստանը։ Հարցը հռետորական է, քանզի ակնհայտ է, որ Հայաստանն ակվարիումի մեջ չէ, իսկ Մոսկվան ամեն ինչ կանի, որ ամեն բան տեղի ունենա հակառակը եւ դառնա ի շրջանս յուր։
Մոսկվան այդ «դնչկալը» ստեղծել է ոչ թե նրա համար, որ իրոք «ինտեգրացիա» լինի, «տնտեսությունը զարգանա», «բարեկեցությունը բարձրանա», այլ որպեսզի նախ կոնսերվացնի կոռուպցիոն համակարգերը եւ կոռումպացված ռեժիմները հետխորհրդային երկրներում, թույլ չտալով նրանց տապալումը կամ վերափոխումը, ապահովի ռուսական գերիշխանության անսասանությունը հետխորհրդային երկրներում, կապելով նրանց ինչ-ինչ «պարտավորություններով», տանելով նրանց մեկուսացման եւ մարգինալացման, ստանալով որպես լծակ թե՛ բլիթը, թե՛ մտրակը։ Իսկ դա ինչպես անդրադարձավ Հայաստանի անվտանգության, Ղարաբաղյան հակամարտության վրա՝ հիշեք 2016-ը…
Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
20.08.2019