Լրահոս
Օրվա լրահոսը

Հնարավոր չէ մշտապես դուր գալ մեծամասնությանը

Օգոստոս 20,2019 10:00

Թե ինչպես է լուծվելու Ամուլսարի խնդիրը՝ ես չգիտեմ: Չգիտեմ նաեւ, թե ինչպես պե՛տք է լուծվի: Մասնագետների մի մասն ասում է, որ Կեչուտի, Ջերմուկի, Սեւանի ջրերը հանքի շահագործման արդյունքում աղտոտվելու են, մյուսը, որ՝ չեն աղտոտվելու: Իրավաբանների մի մասն ասում է, որ հանքը չշահագործելու դեպքում մեր պետությունը հսկայական տուգանքներ է մուծելու, մյուս մասն ասում է, որ «Լիդիանը» չի կարող մեզանից նման գումարներ կորզել: Տնտեսագետների մի մասն ասում է, որ «Լիդիանին» հեռացնելը կվանի արտասահմանցի խոշոր ներդրողներին, մյուսն էլ ասում է՝ դա ներդրումների վրա ոչ մի ազդեցություն չի ունենա: Դա ես, ճիշտն ասած, դժվար եմ պատկերացնում, որովհետեւ բիզնեսը սիրում է կայունություն, քաղաքական վայրիվերումներից զերծ իրավիճակ: Բիզնեսմենը, հավանաբար, կմտածի. «Եթե ես ներդրում անեմ Փաշինյանի ժամանակ, իսկ չորս տարի անց գա մեկ այլ վարչապետ եւ այսօրվա իշխանությունների նման ասի, որ այն, ինչ անում էին նախորդ իշխանությունները, ամբողջությամբ սխալ էր, հանցագործություն էր, ապա ի՞նչ կլինի իմ փողերի ճակատագիրը»:

Ես գիտեմ մի բան. հնարավոր չէ մշտապես որոշումներ ընդունել, որոնք դուր են գալիս մեծամասնությանը: Եվ դա ժողովրդավարության խութերից մեկն է: Եթե վաղը Ջերմուկում եւ Գնդեվազում հանրաքվե անցկացվի՝ «դուք կո՞ղմ եք Ամուլսարի հանքի շահագործմանը» հարցով, ապա, վստահ եմ, հարցվածների առնվազն 90 տոկոսը բացասաբար կպատասխանի այդ հարցին: Կառավարությունը պե՞տք է առաջնորդվի այդ հանրաքվեի արդյունքներով: Չէ՞ որ ժողովրդի ձայնն է, իսկ իշխանությունը Հայաստանում պատկանում է ժողովրդին:

Իսկ եթե ժողովրդին հարցնեն՝ պե՞տք է արդյոք ազատազրկվի գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը (Օգանովսկին), որը 2008 մարտի 1-ի նախօրեին 300 հոգանոց զորքով Արցախից բերվել էր Երեւան՝ ներքաղաքական խնդիրներ լուծելու համար,  ապա նույն 90 տոկոսը կպատասխանի «այո»: Բայց եթե ձերբակալվի Օգանովսկին, ապա պետք է ձերբակալվի նրան այդ հրամանը տված այն ժամանակվա անմիջական վերադաս, իսկ այժմ ՀՀ զինված ուժերի գլխավոր տեսուչ Մովսես Հակոբյանը: Իսկ եթե ձերբակալվի Մովսես Հակոբյանը, ապա պետք է ձերբակալվի նրա՛ն հրաման տվողը: Հասանք Բակո Սահակյանի՞ն: Իհարկե, կարող եք ասել՝ մարդուն ազատազրկելու համար կա դատարան: Դրան ես կպատասխանեմ՝ իսկ հանքն աշխատեցնելու համար կա կառավարություն, որը պետք է հաշվի առնի բոլոր՝ բնապահպանական, իրավական, տնտեսական եւ քաղաքական հետեւանքները՝ խնդիրներ, որոնք մեծամասնությանը բացարձակապես չեն հուզում:

Իհարկե, ես մտահոգված եմ, որ Սեւանա լճի ջրերը կարող են աղտոտվել, որ մեր պետությունը կարող է մեծ գումարներ կորցնել, որ արտասահմանցի խոշոր ներդրողները կարող են բացասական ազդակ ստանալ: Բայց դրա հետ մեկտեղ ես ունեմ ավելի մեծ մտավախություն, որ մեր երկիրը սկսի ղեկավարել ոչ թե Փաշինյանը, ոչ թե կառավարությունը, ոչ թե Ազգային ժողովը, այլ բացառապես հույզերով, բնազդներով եւ առասպելներով առաջնորդվող ամբոխը:

Երեկ երեկոյան ուղիղ եթերում Ամուլսարի հարցով իր ելույթով վարչապետը փոքր-ինչ մեղմացրեց իմ այս վերջին մտահոգությունը: Դա որոշակի լավատեսություն է ներշնչում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Թէեւ մասնագիտօրէն մօտ եմ բնապահպանութեանը, բայց Ամուլսարի վերաբերեալ ես չեմ կարող կարծիք յայտնել. այն պարզ պատճառով, որ փաստաթղթերի ու հետազօտութիւնների մակարդակով գործին ծանօթ չեմ: Միանշանակ ունեմ համակրանք, որը բնապահպանների կողմն է, քանի որ գիտեմ թէ՛ Հայաստանի, եւ թէ՛ աշխարհի հանքարդիւնաբերական փորձը եւ այս քանի օրը հասցրել եմ հետեւել ներհայկական քննարկումներին:
    ԲԱՅՑ ասելիքս բոլորովին այլ է:

    Մի երկու օր առաջ գրել էի, որ Ամուլսարը դառնալու է վարչապետի Աքիլեսեան գարշապարը: Վարչապետը փայլուն ձեւով սկսեց իր շարժումը, որ յիրաւի կարող էր յեղափոխական լինել, բայց ամիսներ անց մենք տեսնում ենք, որ սա պարզ իշխանափոխութիւն էր եւ վարչապետը շատ վատ կառավարիչ է:

    ԱՅՍ ՕՐԸ ՊԻՏԻ ԳԱՐ՝ վաղ թէ ուշ: Ճռի-վռի մի ճպուռ, ողջ ամառը շուռ ու մուռ:

    Սիրելի՛ վարչապետ, ամիսներ շարունակ Ձեզ խնդրում, յորդորում էինք արագացնել բարեփոխումները, կադրերին ուշադրութիւն դարձնել եւ ԳՈՐԾ անել: Փոխարէնը live-եր, selfie-ներ, հիհիհի-հահահա: Գործ անելու փոխարէն Ձեր ժամանակն ու միջոցները վատնում էիք (ու էք) նախկիններին սեւացնելու վրայ: Այո՛, նախկինները անտանելի (շատերը նոյնիսկ ապազգային ու հակապետական) կերպարներ էին, բայց այդ սեւացնելուն չափ կայ: Մեղքն անվերջ նախկինների վրայ գցելով՝ պետութիւն չի կառուցւում: Դուք, ցաւօք սրտի, Հայաստանի նորագոյն պատմութեան մէջ երեւի ամենաամբոխահաճ քաղաքական գործիչն էք, որի խօսքն օր օրի արժէզրկւում է: Ամբոխահաճութեան փուչիկը մի օր պիտի պայթի:

    Մեր սիրելի Արամ Աբրահամեանը հեգնանքով նշում է «բնազդներով, յոյզերով ու առասպէլներով առաջնորդուող ամբոխի» մասին: Ամուլսարը այդ դէպքը չէ:
    Այդպիսի ամբոխի դիպուկ օրինակներ են երթեւեկութիւնը, փողոցային առեւտուրը կարգի բերելը, աղբը, հանրային վայրերում չծխելը, գարդասիլը: Սրանք միանշանակ թեմաներ են, որի տրամաբանական լուծումները մեծամասնութեան (ամբոխի) սրտով չէ: Եթէ Դուք արհեստավարժ կառավարիչ լինէինք, այս հարցերը պէտք է լուծուած լինէին «թաւշեայ յեղափոխութիւնից» մի քանի ամիս անց: Բայց ԴՈՒՔ ՉԷ՛Ք: Եւ եթէ այս հասարակ բաները (որոնց լուծումները միանշանակ են) չէք կարողացել անել, որովհետեւ ամբոխը կը բարկանար, Ամուլսարի դէպքում (որ շատ աւելի բարդ խնդիր է) առաւել եւս չէք կարողանալու: Որովհետեւ, կրկնում եմ, Ամուլսարի մեծամասնութիւնը ԱՄԲՈԽ ՉԷ: Սա լա՛ւ յիշէք:

    Ճռի-վռի մի ճպուռ, ողջ 15 ամիս շուռ ու մուռ: (Լաւ) Չաշխատեցիր ամռանը (15 ամիս), ասա ի՞նչն էր պատճառը: Կադրե՞րդ են վատը: Այո՛, մանկապարտէզ է: Ամբոխահա՞ճ էք: Այո՛, չափից դուրս: Վա՞տ կառավարիչ էք: Այո: Պետութեան զարգացման ռազմավարական ծրագիր ունէ՞ք: Ո՛չ:

    Ժամանակակից պետութիւն ենք ուզում կառուցել: Ի՞նչ ունենք այս պահին:
    ԿԳՆ-զրո բարելաւում (մեր ախպէրը բան չի հասկանում)
    ԱԳՆ-չնչին բարելաւում (Ձեզ պէս է՝ շատ թոյլ կառավարիչ է)
    ԱԺ-չնչին բարելաւում
    Տնտեսութիւն-չնչին բարելաւում
    Արդարադատութիւն-զրո բարելաւում
    Ոստիկանութիւն-զրո բարելաւում
    Բանակ-չնչին բարելաւում (ուղղակի ի տարբերութիւն դարն ապրած վերոնշեալ ոլորտների, բանակը միշտ գերազանց է եղել):

    Ահա՛, զարգացած պետութեան ոլորտ-հիմնասիւները, որոնք մեծ հաշուով նոյնն են մնացել:
    Հիմա կ’ասէք ժամանակ տուէք: Սիրով՝ տալիք ենք: Բայց այս կադրերով ու կառավարման այս որակով, 100 տարի էլ տանք, միեւնոյն է.. Ռազմավարութիւն, ծրագիր չունէք, թէ վերոնշեալ ոլորտներից որը ոնց պիտի զարգանայ:

    Բարին ընդ Ձեզ

  2. Քաղաքացի says:

    Հարգելի Արամ Աբրահամյան
    հոդվածի որոշ դրվագներից հասկացա Ձեր, ոչ թե որպես լրագրողի, այլ որպես քաղաքացու հոգեվիճակը։ Մասնագիտական ստույգ տեղեկատվության պակասը, տարատեսակ իրարամերժ կարծիքների առկայությունը և ամենակարևորը, բնապահպանների հետ մեկտեղ հուժկու քաղաքական շահարկումների մի ալիք, որը ամենևին միտված չէ Ամուլսարի խնդրին, այլ սեփական քաղաքական հարցերը լուծելուն։ Այս ամենը հասարակ քաղաքացու համար ստեղծում է բավականին ծանր միջավայր ճիշտ կողմնորոշվելու համար։ Այն որ դաշտը համատարած լցված է «գիտունիկներով», որոնք միայն քննադատելու տերն են և պոռոտախոսության հասնող եզրակացություններով արժանի են Քաջ Նազարների club ներկայացնելուն միայն։ Զուտ վերացական իմաստով, այո դեմ եմ, որ մեր երկրի ընդերքը հասու լինի օտարներին, բոլոր այստեղից բխող բնապահպանական ռիսկերով և անկանխատեսելի հետևանքներով հանդերձ։ Սակայն մենք չենք տիրապետում այն տեղեկատվությանը, թե ինչպես և ինչ հանգամանքների ներքո է իրականացվել այս գործարքը։ Եվ ինչ հետևանքների կարող է բերել այս ամենի չեղարկումը։ Կարծում եք իզու՞ր են նախկինները այսպես ակտիվ լծվել Ամուլսարի խնդրին։ Նրանք թքած ունեն թե Ամուլսարի վրա, թե երկրի վրա, դա ապացուցելու կարիք չկա։ Նրանք գիտեն այդ ականի «արժեքը», կարծում եմ վարչապետն էլ գիտի։ Այո, ես դեմ եմ շահագործմանը, կարող եմ պաստառը վերցնել և կանգնել ակտիվիստի (ոչ կաշառված դամ դամ պահող) կողքին, սակայն ես չեմ տիրապետում ամբողջ տեղեկատվությանը, որն այս պահին մակերեսի վրա չէ և դրանով ջուր լցնել ոմանց ջրախացին։ Հաստատ, որ ակտիվիստի և վարչապետի պատասխանատվության շրջանակները անհամատեղելի են։ Մի երկու հոգի վերջին օրերին ԶԼՄ-ներում ակտիվ ներկայացնում էին իրենց քննադատությունները այս ամենի վերաբերյալ, բացեիբաց ակնարկելով, որ կառավարությունը եթե չի չեղարկում Լիդիանի պայմանագիրը, ուրեմն նրանք հեղափոխական չեն և մասնակից են այդ կոռուպցիոն սխեմաներին։ Ահա ևս մի «գիտունիկի» եզրակացություն, որը կիլոմետրերով հեռու ոչ միայն real politic ասվածից, այլ ընդհանրապես ամեն ինչից։ Նրա գործը խոսելն է։ Այսօր նրանք հրավիրվել են ԱԱԾ, քանի որ նրանց հայտարարությունները հանցակազմի տարրեր եմ պարունակում, համապատասխան պարզաբանումների համար։ Եթե կարողանան ապացուցել, մեր ուզածն էլ ի՞նչ է, այո, պայքարը կոռուպցիայի դեմ, իսկ եթե չկարողանան՝ թող պատժվեն զրպարտության համար։ Իսկ մեր հասարակությունը մեծ-մեծ խոսալու փոխարեն սովորի հաշիվ տալ իր խոսքերին։ Վայրկյան անգամ չեմ կասկախում, որ հաջորդ օրը հարցը կբարձրացվի այն մեկնաբանություններով, որ ակտիվիստներին քաղաքական ճնշման են ենթարկում։ Վարչապետը ընդունել է իր որոշումը, ես նրան, այս պահի դրությամբ, չվստահելու ոչ մի հիմք չունեմ և ըստ այդմ, ընդունում եմ նրա որոշումը։ Հաստատ որ նա մեզանից յուրաքանչուրից շատ ավելի բան գիտի և գնահատել է ռիսկերը։ Այս ականապատված կառավարությանը հաջողություն եմ ցանկանում, իսկ մեր երկրի Վարչապետին ծով համբերություն։

  3. henri says:

    Պ, Artur Lazarian-ի տեսակէտը ,այս առիթով,ըստ իս ամենալաւ պատկերացումը կու տայ այս փշոտ խնդրին;
    Գիտականօրէն ի վիճակի չեմ կարծիք յայտնելու,մասնագիտական խոր հմտութիւն կը պահանջէ,բայց պարոն Lazarian մատը ուղղակի վէրքին վրայ դրած է և հարցը կը մեկնաբանէ քաղաքականօրէն անպատրաստ ղեկավարութեան մէջ որ կը կարօտի արմատական փոփոխութեան -դէպքերը ցոյց կու տան որ ըսածներուն մէջ կայ ճշմարտութիւն ;

  4. Լավատես says:

    Ա Եթե իշխանությունը ժողովրդինն է, ուրեմն վերջնական խոսքը ժողովրդինն է, թող կառավարությունն իր խոսքն ասի, ընդդիմությունն էլ՝ իր, ժողովրդի կողմից հարգված մարդիկ էլ իրենց կարծիքն ասեն, ժողովուրդն էլ բոլորին կլսի ու վերջնական որոշում կընդունի, եթե կառավարությունը դեմ կլինի ժողովրդի որոշմանը, հրաժարական կտա ու նոր ընտրություններ կհայտարարվեն:
    Բ Ականը հենց Հռչակագրի վրա հիմնված Սահմանադրության ու Հռչակագրի հակասությունների մեջ է, քանի դեռ այդ հակասությունները կան՝ Հռչակագրում բնական հարստությունները ժողովրդինն են, իսկ Սահմանադրությունում՝ ոչ, դրսի թե ներսի հակաժողովրդական ուժերը փորձելու են չեզոքացնել ցանկացած ժողովրդական իշխանություն, Ամուլ սարը լինի թե Մասիս սարը՝ ժողովրդին է պատկանում ու վերջ:
    Գ Իրավաբանությունը ճշգրիտ գիտությո՞ւն է թե աշխարհահայացք, արդեն համակարգչային ծրագրերն են դատական որոշումներ ընդունելուն մասնակցում, ժամանակն է մենք էլ արհեստական բանականությունը ներդնենք դատական համակարգում, բայց էլի վերջնական որոշումը թողնելով ժողովրդի կողմից հարգված ու վստահված մարդ դատավորին:
    Դ Տնտեսական հեղափոխությունը նոր է սկսվում, ցանկացած հարստություն, այդ թվում նաեւ բնական հարստությունները ժողովրդի մակաբույծների քթին է խփում, քաղաքական հաջող հեղափոխությունից հետո ողջ հեղափոխական ժողովրդով՝ այդ թվում նաեւ հեղափոխական սփյուռքի, պետք է ողջ ժողովրդով տնտեսական անձնագիր ձեռք բերենք ու բոլորս էլ մեր մանր ու միջին ու խոշոր ու գերխոշոր ձեռնարկությունները բացենք, սա քաղաքացիական հասարակության նման տնտեսական հասարակություն պետք է ստեղծենք, սա շատ ավելի հզոր հավաքականություն է պահանջում: Երբ այստեղ էլ ժողովուրդը հաղթի, կմնա ուժային հասարակություն դառնանք, սա էլ նախկին երկուսից առավել մեծ հավաքական ուժ է պահանջում: Մեր նպատակներին անհամեստություն ու հավաքականություն:

    • Ruben says:

      TORONTO, Aug. 19, 2019 (GLOBE NEWSWIRE) — Lydian International Limited (TSX: LYD) (“ Lydian ” or the “ Company ”) announced today that during a live Facebook broadcast, Prime Minister Nikol Pashinyan, of the Republic of Armenia, stated that “The information we currently have at this moment is very clear, the exploitation of the mine does not harm the environment.” The Prime Minister went on to state that Lydian would be permitted to proceed with the Amulsar Project.
      «Սակայն մենք չենք տիրապետում այն տեղեկատվությանը, թե ինչպես և ինչ հանգամանքների ներքո է իրականացվել այս գործարքը։»
      Օֆշորային գոտում գրանցված «Rainovil property Limited»-ի, «Lydian International Limited»-ի մասին տեղեկությունները պետական գաղտնի՞ք է, թե՞ «օֆշոր տիկոն է Штирлиц»:
      Ամբողջ աշխարհը գիտի, թե ինչ է կատարվում Հայաստանում: Իսկ զանգվածներին այս անգամ անհրաժեշտ է բրիտանական մաստակ:

  5. Քրիստափոր says:

    Հարգելի Artur Lazarian բա էլ փոփոխությունները ոնցեն լինում / ենթադրում եմ մտածում եք, որ պոզավոր/: Դատողություններից և եզրակացություններից էլ կարելի է ենթադրել, որ Ձեր պատկեացմամբ ուժեղ կառավարիչը պետք է խոժոռ դեմք ունենա, հազարից մեկ երևա հեուստացույցով, այնել ուժային կառույցների հետ խորհրդակցություն անելիս և հանձնարարականներ տալիս: Կներեք, կարծում եմ ժամանակն է կարծրատիպերից թոթափվելու:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031