Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինն առաջին անգամ մեկնաբանել է Մոսկվայում մոտ 1 ամիս շարունակվող ցույցերը

Օգոստոս 19,2019 23:50

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանն առաջին անգամ խոսել է Մոսկվայի ընտրություններով պայմանավորված զանգվածային ցույցերի մասին, որոնք շարունակվում են հուլիսի կեսերից:

Պուտինը մասնավորապես նշել է, որ 57 գործիչների թեկնածությունը չի գրանցվել «ընտրարշավի ընթացքում ակնհայտ խախտումների պատճառով»: «Այնտեղ պարզապես կեղծել են ստորագրությունները, ինչպես պնդում են ընտրական հանձնաժողովի փորձագետները: Գոյություն ունի վեճերի լուծման օրինական միջոց՝ դատական գործընթացները: Եվ կան նախադեպեր, երբ դատարան դիմած չգրանցված թեկնածուները պաշտպանել են ընտրվելու իրենց իրավունքը: Նման նախադեպեր կան»,- ասել է Պուտինը:

Անդրադառնալով ցույցերին՝ նա ասել է, որ քաղաքացիներն իրավունք ունեն խաղաղ, օրենքին համապատասխան ցույցերի, իսկ իշխանությունները պետք է ապահովեն նրանց իրավունքների իրացումը: «Բայց ոչ մեկը՝ ո՛չ իշխանությունները, ո՛չ քաղաքացիների որևէ խումբ, իրավունք չունեն խախտել գործող օրենքները և իրավիճակը հասցնել աբսուրդի կամ իշխանությունների հետ բախումների: Դա օրենքի խախտում է, և բոլորը, ովքեր մեղավոր են այդ խախտումներում, պետք է պատասխանատվության ենթարկվեն՝ համապատասխան այդ նույն ռուսական օրենքների»,- ասել է նա:

Պուտինը նաև նշել է, որ նմանատիպ իրադարձություններ միայն Ռուսաստանում չէ, որ տեղի են ունենում, և հիշեցրել է «դեղին բաճկոնների» ցույցերը: «Մենք բոլորս գիտենք այսպես կոչված «դեղին բաճկոնների» հետ կապված իրադարձությունները, որոնց ընթացքում, որքան հիշում եմ, ըստ մեր հաշվարկների, զոհվել է 11 մարդ: 2500 մարդ վիրավորվել են, այդ թվում 2000 ոստիկան: Մենք չէինք ցանկանա, որպեսզի նման իրադարձություններ տեղի ունենային Ռուսաստանի մայրաքաղաքում, և կանենք ամեն բան, որպեսզի ներքաղաքական իրավիճակը զարգանա խստորեն գործող օրենքի շրջանակում»,- ասել է Պուտինը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031