Զարուհի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Այսօր Նիկոլ Փաշինյանի ասֆալտին փռելու խոստումն իրականություն դարձավ։ Ինձ ուղիղ իմաստով փռեցին ասֆալտին, ու վրայովս քայլելով փորձում էին բիրտ ուժ կիրառելով բերման ենթարկել աղջկան։
ես առաջինն էի, որ Փաշինյան Նիկոլի այդ արտահայտությունը հրապարակային քննադատության ենթարկեցի, հեղափոխական էյֆորիայով տարված հանրությունը միայն խրախուսում էր նրան, իսկ ավագանու թեկնածուները, որոնք մեկ շարքով կանգնած էին նրա հետևում, ծափահարում էին նրան ակնհայտ բռնության կոչերը։
Հիմա կարող եք գալ ու տեսնել մեր վրայի կապտուկներն ու հպարտորեն ծափահարել Փաշինյան Նիկոլին, որը մեր մարմինների վրա քայլելով հանք է ուզում բացել ու խորտակել նաև ձեր երեխաների ապագան ու առողջությունը։
Կարդացեք նաև
Բայց բացի դրանից, կեղծ ժողովրդավար խաղալու ժամանակն անցավ, իրական ժողովրդավարության կայացումն այսօր էր, երբ պետք է բաց լինեին Բաղրամյան 26-ի դարպասները քաղաքացիների առջև, ու փակվեցին։
Իրական ժողովրդավարությունն այսօր էր, երբ պետք է որ չփակվեին ԱԺ-ի դարպասները՝ խորհրդարանի այգում հանրային քննարկում անելու ցանկություն ունեցող քաղաքացիների առջև, բայց փակվեցին։
Իրական ժողովրդավարությունն այսօր էր, երբ Փաշինյան Նիկոլը պետք է և պարտավոր էր դուրս գար ավտոշարասյունով Ջերմուկից իր հետ հանդիպելու ակնկալիք ունեցող պայքարող և հպարտ քաղաքացիներին, բայց անգամ քիթը չհանեց նստավայրից։
Ժողովրդավարությունը ԱԺ-ի այգում լվացք անելով ու զբոսաշրջիկներին շրջայցեր կազմակերպելով չի, այլ իրական հանրային քննարկումներ ու նոր իմաստներ, նորովի քաղաքականություն մշակելու ու այդ մոտեցումները կյանքի կոչելու մեջ է։
Այսօր փակվեցին Բաղրամյան 26-ի և ԱԺ-ի դարպասները՝ քաղաքական խոսակցության, քաղաքական քննարկման առջև։ Մնացած ամեն բան լվացք է, ուրիշ ոչինչ»։
Ապա մեկ այլ գրառմամբ՝ նա հավելում է.
«Ահա, նայեք, Ռուզաննայի թևերն են, այսօրվա ոստիկանական գործողությունների արդյունքը։
Ես իմ որևէ կապտուկ չեմ ուզում ցուցադրել, քանի որ ես մեկն եմ յուրաքանչյուրից։ Ամենևին չեմ ցանկանում, որ իմ հանդեպ հատուկ մոտեցում լինի, թեև շնորհակալ եմ, որ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն անձամբ զանգահարել և հարցնում էր որպիսությունս։ Ուզում եմ ընդգծել, որ ես մեկն եմ այն քաղաքացիներից, որոնք այսօր մասնակցում էին հավաքին և բարձրաձայնում իրենց էկոլոգիական իրավունքին վերաբերող խնդիրներ՝՝ Ամուլսարի ծրագրի վտանգավորության շրջանակներում։ Ես վերին արտի ցորենի կարգավիճակի հավակնություններ չունեմ և ցանկանում եմ ընդամենը, որ երկրում իրական փոփոխություններ լինեն, և այդ փոփոխությունները առաջին հերթին կարող են լինել էկոգիտակցության փոփոխության ու նաև հանքարդյունաբերության վերաբերյալ վերաբերմունքի վերանայման արդյունքում։ Ես դա չեմ տեսնում այս մեկ տարվա արդյունքում, միայն Իջևանում ոստիկանության անհամաչափ ուժի կիրառման տեսքով տեսա և այսօր՝ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բռնությունների տեսքով։ Այս ամենը հիասթափեցուցիչ է ու անասելի ցավալի․․․»: