Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծամորի հնավայրի տարածքից հայտնաբերված մետաղական նյութը կուսումնասիրվի Օքսֆորդում

Օգոստոս 19,2019 22:25

Նաթանիել Էրբ-Սատուլլոն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում իր հայ գործընկերոջ՝  «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական-քարտուղար Աշոտ Փիլիպոսյանի հետ կաշխատի կազմակերպության  մասնաճյուղ՝ «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում: Նա  կուսումնասիրի Մեծամորի հնավայրի տարածքից հայտնաբերված  ուշ բրոնզի ու երկաթե դարաշրջաններով թվագրվող խարամները: Մետաղի լաբորատոր ուսումնասիրությունը Ն. Էրբ-Սատուլլոյի նեղ մասնագիտացումն է: Հնագիտական նյութն ավելի խորը ուսումնասիրելու  համար, հետագայում դրանք կուղարկվեն Օքսֆորդի համալսարանի հետազոտական լաբորատորիա:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի հետ այսօր կայացած հանդիպմանը քննարկվել է գործակցության ու դրա հետագա զարգացմանն առնչվող հարցեր: Օտարերկրացի հյուրը ՊՈԱԿ-ի տնօրենին ներկայացրել է իր գիտական գործունեության ոլորտը, իրականացվելիք աշխատանքների ծավալը, շրջանակը:

Արա Թարվերդյանն էլ  խոսել է կազմակերպության կառուցվածքի,  գործառույթների և իրավասությունների մասին՝  նշելով, որ ՊՈԱԿ-ի պահպանության տակ է գտնվում պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա 19. 000-ից ավելի հուշարձան:

Անդրադառնալով Մեծամորի հնավայրին, Ա. Թարվերդյանը շեշտել է հուշարձանի բացառիկությունը, նաև նշել, որ պեղումները շարունակական են: Կազմակերպության ղեկավարի խոսքով հայտնաբերված նյութը գիտական աշխարհի համար նոր բացահայտումներ անելու և Մեծամորի՝ ժամանակի մետաղագործական լուրջ կենտրոն լինելու փաստն աշխարհին նորովի ներկայացնելու հնարավորություն կտա:

Նշենք, որ հայ-լեհական արշավախումբը Մեծամորում պեղումները կսկսի առաջիկայում: Արշավախմբի համաղեկավար, պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի խոսքով չի բացառվում, որ  Ն. Էրբ-Սատուլլոյի այս տարվա լաբորատոր աշխատանքի արդյունքը՝ հնագիտական նյութը /մետաղը/  տեղ գտնի թանգարանի հաջորդ տարվա ժամանակավոր ցուցադրությունում:

 ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031