Լրահոս
Օրվա լրահոսը

Հակադարձում են վարչապետին. «Ինչո՞ւ հեղափոխություն չեն արել 1998-ին, 2016-ին, կարո՞ղ է իրենց հետեւում 2018-ին ինչ-որ մարդիկ կային, որ կարողացան անել»

Օգոստոս 19,2019 19:11

Լուրջ քննարկում չէր: Սարյան պուրակում Ամուլսարի հանքի շահագործման, վարչապետի հետ հանդիպման մասին հանրային քննարկման ժամանակ ասաց Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լեւոն Գալստյանը: Նա եւս մասնակցել է այս վարչապետի հետ քննարկմանը:

«Այս ֆորմատով հանդիպումը՝ մի 100-150 հոգով, երբ վարչապետը պատմում է ամբողջ գործընթացը, հետո ինչ-որ մարդիկ մի 5 րոպե բան են խոսում, փաստերի ներկայացում եւ այլն, լուրջ քննարկում չէ»,-ասաց Գալստյանը: Նրա խոսքերով.«Քննչական կոմիտեն ասում է, թե  «Լիդիանը» ինչ մեղմացուցիչ կետեր պիտի իրականացնի, փոփոխություններ անի՝ այս զեկույցի հիման վրա: Ես լինելով ոչ իրավաբան, բայց 8 տարի այս ոլորտում  գործունեություն ծավալող, հայտարարում եմ՝ դա հակաօրինական է եւ հակաիրավական հայտարարություն: Քննչական կոմիտեի նախագահը իրավական նման կարգավիճակ չունի որեւէ բան քննարկելու «Լիդիանի» հետ՝ թե ինչ պետք է անի «Լիդիանը», ինչ փոփոխի: Դա կառավարության եւ լիազոր մարմնի՝ շրջակա միջավայրի նախարարության լիազորությունն է: Բայց եթե այս լիազորություններն արվում են վարչապետի մոտ՝ ես տարակուսում եմ, միգուցե այդ մարդիկ հին կոռուպցիոն ռեժիմի ներկայացուցիչներն են, իրավական առումով կառավարությունը ձախողում է իր գործունեությունը կոնկրետ այս խնդրի հետ կապված:  Եթե որոշվում է փոփոխություն անել «Լիդիանի» գործունեության մեջ, դա նշանակում է՝ նախորդ փորձաքննությունը ուժը կորցրած պետք է ճանաչվի, պետք է նոր ՇՄԱԳ լինի, նոր, բոլոր այդ մեղմացման միջոցառումները, բոլոր տեսակի փոփոխությունները, որ ուզում են անեն: Հետո նոր քննարկումից հետո որոշում կայացվի՝ թույլատրե՞լ, թե՞ոչ: Եթե այս ամենը կառավարությունում չեն հասկացել կամ հասկացել են ու չեն զեկուցել վարչապետին, դա քրեորեն պատժելի արարք է»:

Գալստյանի ներկայացմամբ՝ բնապահպանական ճակատը նամակներ է գրելու կոնկրետ  փաստերի մասին՝ քրեական գործեր հարուցելու մասին, պաշտոնական պատասխաններից հետո պարզ կլինի իրենց հետագա գործունեությունը:

Լեւոն Գալստյանն ասաց, որ իր պատկերացմամբ վարչապետը կարդացել է հեղափոխությունից հետո ստացած նամակներն ու մակագրել քննչական կոմիտե, որտեղ էլ  գործ են հարուցել: Այդ գործի շրջանակներում՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու առերեւույթ դեպքի առթիվ քրեական գործով նշանակվել է էկոլոգիական, երկրաբանական, հիդրոլոգիական, երկրաֆիզիկական, քիմիական, շինարարատեխնիկական համալիր փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին: Գալստյանի խոսքերով.«Դրա տեխնիկական առաջադրանքի մեջ չկա գրված ոչ մի բառ, թե՝ արդյոք այդ ուսումնասիրող կազմակերպությունները պե՞տք է համեմատեն այդ ամբողջ ՇՄԱԳ-ի եւ տրված թույլտվությունների համատեղությունը կամ համապատասխանությունը ՀՀ օրենքներին:

Հարց կա զեկույցի մեջ ՝ կազմակերպության հարցադրում է արվել աշխարհագրական տարածքի, բնակավայրի եւ  բնապահպանական վիճակի մասին. արդյոք անվտանգ եք համարում հանքի շահագործումը, եւ այլն: Գրված է՝ քանի որ «Լիդիանի» ներկայացրած փաստերը բավարար չեն՝ չենք կարող ասել: Սրանից հետո ո՞նց կարելի է ասել, որ դրական կարծիք է տրվել»:

Ապա` Գալստյանը Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում նրա արած մի արտահայտության առնչությամբ հակադարձեց.«Ինձ համար շատ ցավալի է վարչապետի արտահայտությունը՝ «այդ որտե՞ղ էին Ջերմուկի բնակիչները, երբ 2011-2012 թվականներին հանքն ուզում էին բացել կամ 2014 թվին: Ես որպես ՀՀ հպարտ քաղաքացի, որ կուսակցական գործով երբեք չեմ զբաղվել, ուզում եմ բոլոր տեսակի կուսակցականներին, հիմիկվա կառավարության անդամներին եւ ոչ անդամներին ասել՝ ինչո՞ւ հեղափոխություն չեն արել 1995 թվին, 1998-ին, հետո 2001-ին, հետո 2013-ին, 2016-ին: Կարո՞ղ է 2018-ին իրենց հետեւում ինչ-որ մարդիկ կային կանգնած, որ կարողացան անել հեղափոխությունը»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031