Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավ հագնում էլ եմ, լավ ուտում էլ եմ». Պոզիտիվ ազատամուտցիները վարչապետին փոխանցում են՝ «շատ գոհ ենք, ի՞նչ տի աներ, կարո՞ղ է շենքերը ոսկուց սարքեր»

Օգոստոս 19,2019 18:50

«Մանկապարտեզն աշխատում է, դպրոցն աշխատում է, աշխատատեղ կա, խի՞ չկա: Տղամարդիկ «վայեննի» են՝ պայմանագրային զինծառայողներ, փառք Աստծո, աշխատում են: Մենք լավ ենք»,- ահա այսպես պատասխանեցին սահմանամերձ Ազատամուտ համայնքի բնակիչները, երբ հետաքրքրվեցինք, թե ո՞նց են ապրում, ի՞նչ խնդիրներ ունեն:

Սովորաբար նման դեպքերում համագյուղացիներով խնդիրների ցուցակը տալիս են ձեռքներս, կիսում իրենց հոգսերը, ցույց տալիս պարտքերի ու վարկերի ցուցակը: Իսկ Ազատամուտ համայնքում շենքերից մեկի բակում հավաքված կանանց երբ հարցրեցինք՝ բա ինչի՞ց եք դժգոհում, պատասխանն ավելի քան զարմացրեց. «Փառք Աստծո, չենք դժգոհում, պայմանները նորմալ են, շատ լավ են, փառք Աստծո»:

Զարմացած հարցրեցինք՝ ջրի խնդիր, ոչ մի խնդիր չունե՞ք՝ բնակիչները պատասխանեցին «Ջուրը, դե, ամառվա ընթացքում առավոտը եւ իրիկունն են տալիս 2-3 ժամ, ցերեկը չի բավարարում, էլի, երեւի բանջարանոցները ջրում են ժողովուրդը»:

Հարցին՝ հեղափոխությունից հետո ձեր կյանքում փոփոխությունր եղե՞լ են, հիմա ավելի լա՞վ եք ապրում, քան 1,5 տարի առաջ՝ ազատամուտցի Ամալյա Համզյանը պատասխանեց. «Միթամ թե հեղափոխությունից հետո էն մարդը մի տարում ի՞նչ տի աներ: Կամ խի՞ չի եղել: Աղջիկ ջան, 16 մանեթը թոշակառուների դառավ 25 մանեթ (նկատի ունի՝ 16 հազար դրամը դարձավ 25 հազար դրամ,- Հ. Ջ. ), վերջը մանկավարժների աշխատավարձը ավելանում է, խի՞ չի եղել: Հեսա հունվարից էլ մերը կբարձրանա»:

Նաեւ հարցրեցինք՝ նախկին համայնքապետը փոխվեց, հիմա նոր համայնքապետ ունեք, համայնքի կառավարումն ավելի լա՞վ է դարձել, քան նախկինում էր՝ նա պատասխանեց. «Հա, նախկինից էլ դժգոհ չէինք, մենք ղրաղ ապրող մարդիկ ենք, դժգոհելու բան չունենք: Նա էլ է արել»:

Դիտարկմանը, որ հիմա նախկին համայնքապետի դեմ քրեական գործեր են հարուցվել, լուրջ մեղադրանքներ կան, ինչպես Քննչական կոմիտեից տեղեկացրեցին՝ 35 դրվագով 12 քրեական գործ է հարուցվել՝ ազատամուտցիների պատասխանն ավելի քան տարօրինակ էր. «Հիմա դա իրա խնդիրն է: Մենք ի՞նչ գործ ունենք: Մենք մեր վաստակով ապրող մարդիկ ենք, խառնվել չենք իրա գործին: Մենք ամենքս մեր ձեւով՝ մեկը առեւտուր է անում, իր գոյությունը պահում է»:

Հարցրեցինք՝ համայնքում կանայք աշխատո՞ւմ են՝ ազատամուտցի Հռիփսիկ Ղալումյանը պատասխանեց. «Հա, խի՞ չէ, մանկապարտեզում, դպրոցում աշխատում են, վերջը համայնքապետը մի երկու-երեք հոգու էլ ընդունեց հավաքարար»:

Մենք հիշեցրինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել կանանց բիզնեսով զբաղվել՝ նկատելով, որ հայ կանայք մեծ ներուժ ունեն բիզնեսմեն լինելու, նա հորդորեց տղամարդկանց թողնել իրենց կանանց բիզնես անեն, ուստի հարցրեցինք, թե չե՞ն պատրաստվում վարչապետի հորդորը լսել: Տիկին Համզյանը պատասխանեց. «Ես 20 տարի առեւտուր եմ արել Շամշադինի հետ կապված: Հիմա մեծ կնիկ եմ, իմ տանը նստած, հերիք է ինձ, թոշակառու եմ: Էնպես չի, որ տղամարդիկ չեն թողնում աշխատենք, ավելի լավ չի՞ իրենց համար: Իրենք էլ են աշխատում, իմ ամուսինը «Բենտոնիտում» աշխատում է»:

Հարցրեցինք՝ որ ընտանիքով աշխատում եք, խնայողություններ ունե՞ք, մի բան կարողանո՞ւմ եք այսպես ասած «հետ գցել» ապագայի համար՝ նա պատասխանեց. «Խի՞ չենք կարում, ամեն ինչի ամենալավը: Լավ հագնում էլ եմ, լավ ուտում էլ եմ, մի մաշին կանգնի՝ սաղ վրա են տալիս, խի՞ չէ, սաղն էլ լավ են ապրում: Մենակ էս փետի հարցով մի քանի տնտեսություններ…ձմեռվա փայտի համար ենք մտածում, որ գոնե ամենքին վառելիք տան, էլի, որ կարողանանք»:

Երբ հետաքրքրվեցինք ազատամուտցիներից՝ ըստ նրանց, ծառահատումները սոցիալապես անապահովների գրպանի՞ն խփեց, թե՞ օլիգարխներ էին մի քանի, որ ապօրինի հարստանում էին բնական ռեսուրսների հաշվին՝ ազատամուտցիները պատասխանեցին. «Դե նրանց աշխատանքն էլ էդ ա եղել, մենք կարալ չինք ասենք: Նրանք էլ էդ ձեւի են աշխատում, ապրում: Տես քանի մարդ մնաց անգործ, բա երիտասարդն ի՞նչ անի»:

Առեւտրական տիկին Համզյանն ասաց, որ կառավարության շնորհած հարկային արտոնություններից նույնպես գոհ են, համայնքում խանութ են դրել, միայն եկամուտ են ստանում, վատն այն է, որ տղան ու հարսն իրենց մասնագիտությամբ չեն աշխատում:

Ազատամուտցիներն ասացին, որ ինչքան էլ ասում են լավ ենք ապրում, բայց վարկեր ունեն, եթե մի բան են ուզում առնել, ապառիկով են առնում: Մեր դիտարկմանը, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ է ապառիկով ապրանք առնում, ի՞նչ անենք՝ նրանք արձագանքեցին. «Դա խնդիր չի: Հետո մենք ընդունում ենք, որ մի բան վերունենք, ձեռս շատ փող ըլի, քիչ-քիչ տանք: Բաց տեսեք, էսքանս սաղս էլ ստեղ ենք, փառք Աստծո, սաղս էլ լավ ենք ապրում: Այ, իմ հարեւանն է էն մեկը, բանջարեղեն, այգի է մշակում, թարմ վարունգը բերում է, առնում ենք, ուտում, լոբին բերում է… Լավ ենք»,- ասաց Ամալյա Հազյանը՝ ցույց տալով բնակիչներից Ռիմա Հարությունյանին:

Պոզիտիվ ազատամուտցիները շարունակեցին իրենց լավ կյանքից պատմել. «Հարսս ու տղես անտառից մոշ են բերում, հոն են բերում, վաճառում են, սինդրիկ են բերում, հետն էլ «Բենտոնիտում» աշխատում են, դժգոհ չենք: Մենակ մի բան ասենք՝ աշխարհին խաղաղություն լինի, վերջը մենք սահմանամերձ համայնքում՝ սահմանին ենք ապրում: Աշխարհին ցանկանում ենք խաղաղություն լինի, սենց էլ ապրենք՝ շատ լավ կլինի»:

Ղալումյան Հռիփսիկը հորդորեց փոխանցել, թե ինչքան գոհ են վարչապետից. «Էն մարդը, է՜հ, աշխարհներ է քինում, պետություններ է քինում, վերջը գումար է հայթայթում հայ համայնքից, էնտեղ ապրողներիցը: Ամեն ինչ լավ կլինի, շատ գոհ ենք»: Համզյանն էլ շարունակեց. «Ի՞նչ տի աներ, կարո՞ղ է մի հետիցը շենքերը ոսկուց սարքեր: Լավ է, գոհ ենք: Մենք մենակ խաղաղություն ենք ուզում, վատ ապրենք, խաղաղ ապրենք: Ինչեր ենք տեսել, բալա ջան: Մի բան ենք ստեղծել, վայելենք, էլի, մի քանի տարի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Հոդվածը պատրաստվել է «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի «Լրագրողական ցանց, միջհամայնքային մեդիատուր» ծրագրի շրջանակներում Տավուշի մարզ կատարված այցելության ժամանակ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031