Արցախի հերոս Սամվել Կարապետյանը՝ Օգանովսկին, վստահեցնում է, որ տեղեկություններ չունի «Մարտի 1-ի» գործով իր դեմ ցուցմունք տալու ու իր հնարավոր ձերբակալության մասին:
Հիշեցնենք, որ Օգանովսկու դեմ ցուցմունք է տվել մեկ անձ, որը, ըստ լրատվամիջոցների՝ հետախուզման մեջ է գտնվում:
Հիշեցնենք նաեւ, որ ըստ հրապարակված լուրերի, իշխանությունները նրան ձերբակալելու քաղաքական որոշում ունեն:
Սամվել Կարապետյանը այսօր մեր բոլոր հարցերին շատ կարճ պատասխանեց՝ «տեղեկություններ չունեմ» ու անջատեց հեռախոսը:
Կարդացեք նաև
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը չի հավատում Օգանովսկու մասնակցությանը «Մարտի 1-ի» գործողություններին. «Չեմ ուզում հավատալ, որ այդպես է եղել, կարծում եմ՝ նման բան չի եղել: Շատ հարցեր կան՝ որտեղ է եղել այդ վկան, ինչ է անձամբ տեսել, ոնց է ընկալել ու ինչքանով է վստահելի ու արժանահավատ: Մեկ անձի ցուցմունքով մարդուն ձերբակալելը մի քիչ ռիսկային է, իսկ նման դեպքերում, երբ գործ ունենք պատերազմի հերոսի հետ, առհասարակ, շատ զգույշ պետք է լինել: Երբ Արցախում պատերազմ էր, BBC-ն հաստատ մարդ չէր ուղարկում Արցախը պաշտպանելու համար, գեներալ Օգանովսկին էր կանգնած: Ես հույս ունեմ, որ այս թատրոնը, որը մեր երկիրը վերածել են, մի քրեական գործի շուրջ մեծ թատրոնը, կանգ կառնի մի օր, ու մեկն ու մեկը կսկսի մտածել երկրի ապագայի ու դատաիրավական բարեփոխումների մասին: Այն, ինչ տեսնում ենք այսօր, անլուրջ ու ծիծաղելի է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Գլխավոր լուսանկարը՝ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից