Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Չինարին կարելի է գնդակոծություններից ապահովագրել՝ միայն հակառակորդի դիրքերը ոչնչացնելով, բայց հակառակորդի դիրքերն այդտեղ չեն ոչնչացվել. Կարեն Վրթանեսյան

Օգոստոս 19,2019 17:13

«Այն, որ ասում են՝ Չինարին այլևս չի կարող գնդակոծվել, դա չափազանցեցված է: Առավել ևս պաշտոնական մակարդակով նման հայտարարություններ անելը, ընդ որում որոշ ռիսկեր պարունակող, սխալ եմ համարում»,- Aravot.am-ի հարցին՝ իրակա՞ն են այն պնդումները, թե Տավուշի հյուսիսային հատվածում հայկական դիրքերի առաջխաղացման արդյունքում Չինարին այլեւս չի գնդակոծվի, այսպիսի կարծիք հայտնեց քարոզչական ոլորտի հետազոտող Կարեն Վրթանեսյանը:

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը գրել էր. «Չինարին այլևս չի կարող գնդակոծվել։ Հայաստան մտնող գազամուղի անվտանգությունը ևս ապահովված է։ Փառք հայ զինվորին։ Փառք Հայոց բանակին»:

Ըստ Կարեն Վրթանեսյանի՝ գազատարն ու Չինարին իրար հետ բացարձակապես որևէ կապ չունեն: Իրարից տասնյակ կիլոմետրերով հեռու են:

Կարեն Վրթանեսյանը մանրամասնեց. «Ով Չինարիում եղել է, տեսել է ադրբեջանական դիրքերը, հասկանում է, որ Չինարին կարելի է հրազենից գնդակոծություններից ապահովագրել՝ միայն հակառակորդի այդ դիրքերը ոչնչացնելով: Բայց հակառակորդի դիրքերն այդտեղ չեն ոչնչացվել, շարունակում են այդտեղ մնալ: Այսինքն՝ այն պնդումը, որը ՊՆ-ն, բանակը չի հաստատում, թե իբր Չինարին այլևս երբեք չի գնդակոծվելու, նման բան չկա: Դա ինչ-որ նորաթուխ լրատվակայք է գրել, ուղղակի սենսացիաներով քլիքներ հավաքող կայքի տպավորություն է թողել: Արարատ Միրզոյանը գրել է այդ սխալ ինֆորմացիան: Հիմա ինքը կոնկրետ որտեղի՞ց է դա գտել, չգիտեմ, բայց դա խոսում է այն մասին, որ այսօրվա դրությամբ ԱԺ-ում, որտեղ մինչև վերջերս բավականին լուրջ փորձագիտական ներուժ ունեինք, ինչ-ինչ պատճառներով այդ փորձագիտական ներուժը չի աշխատել: Ցանկացած փորձագետի եթե հարցնեին, կասեր, թե արժի մի հատ ճշտել զինված ուժերի հետ, այլ ոչ թե ինչ-որ ճ կլասի կայքի հետ: Խնդիրն այն է, որ նման անպատասխանատու հայտարարությունները բարձրագույն իշխանության մակարդակով կարող են բերել նրան, որ նույն հակառակորդը որոշի ինչ-որ սադրանքի դիմել՝ նույնիսկ իր համար կորուստների գնով: Չինարիում որոշ դիրքային բարելավումներ եղել են, դա նորմալ աշխատանքային գործընթաց է, որն ամիսների ընթացքում արվում է, և հաստատ չարժե աղմուկ բարձրացնել, որ մեր զինվորը լրացուցիչ ռիսկերի չենթարկվի իր խնդիրները կատարելիս»:

Մեր հարցին՝ եթե նման առաջխաղացում ունենք, արդյոք ճի՞շտ է դրա մասին բարձրաձայնելը, թե՞ դա ռիսկային է, Կարեն Վրթանեսյանը պատասխանեց. «Որոշ չափով իհարկե ճիշտ է, արժի ինչ-որ բաներ ասել, իրազեկել հանրությանը, բայց դա արդեն զինվորականները թող որոշեն, թե երբ է պետք իրազեկել, ինչ ծավալով և ինչ փաթեթավորմամբ, որ առանց այդ էլ ռիսկային աշխատանք անող մեր զինվորները, սպաները, սերժանտները լրիվ անիմաստ, ավելորդ ռիսկերի չենթարկվեն»:

Այն հայտարարությունները, թե Ադրբեջանը փոքր տարածք է զավթել այս օրերին Վրաստանից, Կարեն Վրթանեսյանը ևս պարզաբանեց. «Նման բան չկա: Ադրբեջանը հենց իր տարածքում լրացուցիչ աշխատանքներ է արել, ինժեներական ինչ-որ բաներ բարելավել, միաժամանակ հայկական կողմն էլ ձեռքերը ծալած չի նստել, և դա մեզ տակտիկական լրացուցիչ առավելություն է տալիս: Դա զինված ուժերի ամենօրյա աշխատանքն է, որը մասամբ լուսաբանվում է, բայց հաստատ չարժի առանց ՊՆ-ի սանկցիայի այդ թեմայով ամպագորգոռ, կատեգորիկ հայտարարություններ անել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ. Գ.  «Ռազմինֆո»-ի ներկայացրած լուսանկարներից ակնհայտ է, որ հայկական կողմը կառուցել և ամրապնդել է միջդիրքային ճանապարհներ, ինչպես նաև առաջապահ դիրք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Ծայրից ծայր ճիշտ է ասում:
    Թէ՛ Չինարիում եւ թէ՛ Վազաշէն – Պառաւաքար արանքում պիտի դիրք գրաւես, որ կրակոցներն ի սպառ վերանան:

    Յ.Գ. Իսկ Միրզոյեանի անպատասխանատու արարքը վկայում է, որ մեր պաշտպանական ռազմավարութիւնում լուրջ բացեր ունենք: Լաւ կը լինէր նրան մի թեթեւ բացատրէին՝ որը որից յետոյ է:

    Եւ առհասարակ, կրթուել է պէտք, թէ ինչը կարելի է ասել, ինչը չպէտք է ասել: Ասելիս էլ՝ ինչքան, ինչպէս եւ երբ ասել:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031