Փաշինյան-բնապահպաններ հանդիպումից հետո Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ բողոքի ցույցի մասնակիցները Բաղրամյան 26 հասցեից շարժվեցին դեպի Ազգային ժողովի այգի: Նրանք այստեղ փորձեցին ԱԺ-ի դարպասներից ներս մտնել: Ոստիկանները, սակայն, փորձեցին խոչընդոտել ակտիվիստների մուտքը, ինչի հետեւանքով քաշքշուկ տեղի ունեցավ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ:
Բնապահպանները հայտնեցին, որ ոստիկանները բերման են ենթարկել 5-6 ակտիվիստի՝ Միքայել Մարգարյանին, Անի Խաչատրյանին, Հարություն Սիմոնյանին, Անի Հակոբջանյանին, Գեղամ Գևորգյանին, Ռոլանդ Վարդանյանին և Գեղամ Ադյանին:
ՀՀ ոստիկանությունից Aravot.am-ի հարցերին ի պատասխան, հաստատեցին, որ այս պահին Ազգային ժողովի բակից 6 քաղաքացի է տարվել ոստիկանության Արաբկիրի բաժին՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմքով:
Ցուցարարները փորձեցին փակել նաեւ Բաղրամյան փողոցը, սակայն ոստիկանները թույլ չտվեցին:
Կարդացեք նաև
Այս պահին էլ ԱԺ-ի շենքի դիմաց իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ոստիկանները պատ են կազմել թույլ չտալով ակտիվիստներին մուտք գործել Ազգային ժողովի բակ: Ավելի ուշ ԱԺ դարպասները փակվեցին:
Բնապահպանները տեղափոխվեցին Սարյանի պուրակ՝ բողոքի ցույցը շարունակելու:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ