Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Չինարիի հատվածում ՀՀ ԶՈՒ-ն ամրացել է լավ դիրքերում, բայց հակառակորդի կրակոցներն ամբողջությամբ բացառված չեն». փորձագետ

Օգոստոս 19,2019 16:17

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել է՝ Տավուշի սահմանամերձ Չինարին այլեւս չի կարող գնդակոծվել հակառակորդի կողմից: Ռազմական եւ քաղաքական հարցերի մեկնաբան Արթուր Եղիազարյանն էլ  պնդում է՝ դա ապատեղեկատվություն է. ըստ նրա՝ հայկական կողմն ունի դիրքային բարելավում, բայց դա չի նշանակում, թե գյուղն այլեւս զերծ է գնդակոծությունից:

«Արբանյակային լուսանկարներն այդքան էլ շատ բան ցույց չեն տալիս, բայց երեւում է, որ որոշակի շրջանում հայկական ուժերն ամրացրել են դիրքերը: Սակայն միայն այդ տվյալների հիման վրա զգալի փոփոխությունների մասին խոսելը, կարծում եմ, դեռ վաղ է»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Չինարիի հատվածում իրավիճակին, ասաց «Օրբելի» կենտրոնի Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը:

«Չեմ կարող միայն այդ լուսանկարների հիման վրա պնդել, որ Չինարիի հատվածում հակառակորդի հնարավոր սադրանքները չեզոքացել են ամբողջությամբ: Մեր ուժերի որոշակի բարելավում եղել է՝ ըստ մի քանի ամսվա լուսանկարների, բայց փոփոխությունը շատ մեծ չէ: Իսկ թե այս ընթացքում ինչ փոփոխություն է եղել, չեմ կարող ասել»,-նշեց մեր զրուցակիցը:

Տարոն Հովհաննիսյանի խոսքով՝ Չինարիի հատվածքում ՀՀ ԶՈՒ-ն ամրացել է բավականին լավ դիրքերում. «Բայց հակառակորդը եւս այդտեղ դիրքեր ունի՝ մոտակա բլուրների վրա, ուստի դժվար է միայն այս տվյալներով բացարձակ պնդում անել, թե Չինարիի վրա հակառակորդի կրակոցներն ամբողջությամբ բացառվել են»:

Հիշեցնենք, որ Չինարիի հատվածում իրավիճակի առնչությամբ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն Aravot.am-ի հետ զրույցում շեշտել էր. «Եթե անգամ հարցը ձեւակերպեք Չինարիի առնչությամբ, ես նույն պատասխանն եմ տալու՝ ես տեղ, դեպք եւ ժամանակ չեմ ասում: ԶՈՒ-ն իր առօրյա աշխատանքով է զբաղվում, եւ դիրքերի բարելավումը մշտական գործընթաց է՝ տարբեր հատվածներում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031