Լրահոս
Օրվա լրահոսը

Նազենի Վարդանյան. «Վարչապետը հայտարարեց՝ նոր փորձաքննություն կլինի»

Օգոստոս 19,2019 16:05

Բաղրամյան 26-ում Ամուլսարի հանքի շահագործման շուրջ վարչապետի հետ քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում էկոլոգ-իրավաբան Նազենի Վարդանյանն ասաց. «Այն, ինչ նախատեսվում էր, որ քննարկում լինի մասնագետների մասնակցությամբ՝ չեղավ: Չնայած հնարավորություն եղավ պնդումները շատ արագ ներկայացնել, բայց արդեն ոնց որ այդ հարցը որոշված էր, որ ամեն ինչ պետք է արվի քրեական գործի սահմաններում: Քրեական գործը լրիվ դատավարության նորմերի խախտումով է արվում եւ «Էլարդի» ուսումնասիրության հիման վրա չի կարելի հայտարարել, որ այս գործը պետք է կարճվի: Ես կսպասեմ, որ այս գործը կարճվի, նոր արդեն իրավաբանական, փաստաբանական հայտարարություն կանեմ»:

Նոր փորձաքննության անհրաժեշտության մասին հարցին ի պատասխան էլ Վարդանյանն ասաց. «Նույնիսկ իրենք էլ երեւի չեն հասկանում ինչ են ասում, մի նախադասությամբ ակնարկեց, որ նոր փորձաքննություն կլինի: Պարոն վարչապետը հայտարարեց, որ նոր փորձաքննություն կլինի»:

Վարչապետի հետ քննարկումից հիասթափված է «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը. Նա եւս քննարկման մասնակիցներից էր, ասաց. «Սա քննարկում չէր, հանդիպում էր: Այն, որ քննչական կոմիտեն պետք է պատասխան տար, որ ինքը կառավարությանը թյուրիմացության մեջ է գցում, սխալ տեղեկատվություն է տալիս, այնպիսի եզրահանգումներ է անում ԷԼԱՐԴ-ի տված եզրակացությունից, օրինակ՝ ոչ մի աղտոտված ջուր հանքավայրից դուրս չի գա, բայց նրանք էլ գրում են, որ կլինի եւ շատ զգալի: Շատ հիասթափեցնող հանդիպում էր, բայց վարչապետին պետք է աջակցել, եթե քննչական կոմիտեն նրան խաբում է, եթե բնապահպանության նախարարը, որ հրաշալի գիտի խնդիրը, ու վճիռներ չի կայացնում, Փաշինյանն էլ հո ամենագետը չէ: Շատ ողբերգական վիճակ է ստացվել»:

Նշենք, քննչական կոմիտեն հայտնել է, որ Ամուլսարի փորձաքննության գործով քրեական հետապնդման հիմքեր չկան, եւ ներկայացնելով փորձաքննության արդյունքները, նշել՝ հանքի շահագործման ռիսկերը վերահսկելի են. «Ծրագրի տարածքի եւ Ջերմուկի թերմալ, տաք աղբյուրների միջեւ ստորգետնյա ջրերի հոսքի եւ աղտոտման փոխանցման ուղիներ առկա չեն: Երկրաշարժի դեպքում ազդեցությունը կրած ստորգետնյա ջրերը Ջերմուկ չեն հասնի..»: Բնապահպաններն էլ վստահեցնում են՝ փորձաքննությունը թերի է, եւ իրականում քննչականը ոչ թե մասնագիատական փորձաքննություն է իրականացրել, այլ ELAD ընկերությունն ընդամենը ստուգել է «Լիդիան Արմենիայի» տրամադրած տվյալները: Բնապահպանները պնդում են՝ Լիդիանի» ներկայացրած ՇՄԱԳ-ը թերի է եւ ենթակա է ուժը կորցրած ճանաչելու»:

Դրանից հետո իշխանության ներկայացուցիչներն էլ հայտարարեցին՝ եթե անհիմն արգելվի հանքի շահագործումը, «Լիդիան Արմենիան» էլ դիմի միջազգային արբիտրաժին, ապա ՀՀ-ն 700-750 մլն դոլար տուգանք-փոխհատուցում պետք է վճարի:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031