Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի հետ հանդիպումից դուրս եկած Ջերմուկի քաղաքապետ. Զբոսաշրջությունն անհամատեղելի է հանքարդյունաբերության հետ

Օգոստոս 19,2019 15:47

Քիչ առաջ Բաղրամյան 26-ում ավարտվեց բնապահպանների եւ Ջերմուկի ներկայացուցիչների հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նրանք քննարկում էին Ամուլսարի շահագործվել-չշահագործվելու հարցը:

Բնապահպանական ակտիվիստ Թեհմինե Ենոքյանի խոսքով, իրենց հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը,կառավարության ներկայացուցիչներն ասել են, որ այս պահին որեւէ հիմնավորում չունեն «Լիդան» ընկերության արտոնագիրը չեղյալ համարելու համար. «Մինչդեռ մեր փաստաբան Նազենի Վարդանյանը մեկ տարուց ավելի դատարանում է եւ այդ հիմքը ցույց է տալիս»:
Հարցին՝ վարչապետն ի՞նչ ասաց, Թեհմինե Ենոքյանը պատասխանեց՝ նրա համար ուրիշ փաստարկ գոյություն չունի, բացի Քննչական կոմիտեի հիմնավորումներից. «Պետք է այդ քննիչների կոմպետենտությունը ստուգվի, նրանք շատ կոռումպացված են եւ դուրս են եկել իրենց լիազորություններից»:


Թեհմինե Ենոքյանի խոսքով, «Լիդիան» ընկերության շրջակա միջավայրի ազդեցության գնահատականի՝ ՇՄԱԳ, փաստաթուղթը վաղուց ուժը կորցրած է:

Հանդիպմանը ներկա Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանի խոսքով, հստակ չի շեշտվել, որ հանքը պետք է շահագործվի: Նրա խոսքով, վարչապետը խոստացել է, որ կհանդիպեն Ջերմուկում, կքննարկեն. «Կան իրավաբաններ, կան մասնագետներ, ես մասնագետ չեմ»:


Այն դիտարկմանը, որ վարչապետն ասել ՝է հիմքեր չկան, որ «Լիդիանը» դադարեցնի շահագործումը, քաղաքապետն ասաց,որ սա Ջերմուկ քաղաքի բնակչության կյանքի, առողջության, հետագա ապրելու հետ կապված հարց է եւ հանձնված է կառավարության դատին: Ըստ քաղաքապետի հարցը պետք է նրանց հետ քննարկել. «Մենք հրավիրելու ենք վարչապետին, նորից քննարկենք, մանրամասն ուսումնասիրեն, մենք վստահում ենք մեր կառավարությանը»:
Պարոն Հովհաննիսյանն ասաց, որ բնակչության մի մասը կատեգորիկ դեմ է, կան մարդիկ էլ, որոնք ցանկանում են հանրաքվե անցկացնել, իսկ ոմանք էլ դեմ չեն, որ հանքը շահագործվի:


Հանդիպման մեկ այլ մասնակից, որը ներկայացավ ջերմուկցի, ասաց՝ ավելի ուշ կերեւա, դեռ ոչ մի հստակ բան չկա, բայց՝ հանքի շահագործմանը դեմ է: Քաղաքապետն ասաց, որ իրենց պատկերացմամբ անհամատեղելի է զբոսաշրջությունը հանքարդյունաբերության հետ:

Վայոց Ձորի մարզի Կարմրաշենի դպրոցի տնօրենն ասաց, դեռ քննարկումները պետք է շարունակվեն: Դպրոցի տնօրենը հույս հայտնեց,որ կառավարությունը ճիշտ քայլ կկատարի:

Հարցին՝ եթե կառավարությունը որոշի, որ հանքը շահագործվելու է, ի՞նչ գործողությունների են դիմելու, ի պատասխան տնօրենն ասաց, որ պայքարը շարունակելու են: Նաեւ ասաց, որ վստահում են կառավարությանը, որ ինչ որոշել է բնակչությունը՝ կկատարվի:

Ջերմուկի ավագանու անդամ Արտյուշ Սիմոնյանն էլ ասաց, որ այս պահին դեռ որոշում չկա՝ հավելելով, որ հանդիպումից գոհ չէ:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031