Լրահոս
Օրվա լրահոսը

Ջերմուկցիներ. «Նորագավիթում ոստիկանները չէին թողնում մոտենայինք Բաղրամյան 26-ին»

Օգոստոս 19,2019 14:48

Ամուլսարի հանքի շահագործման դեմ Երեւանում բողոքի ցույցին միացել են Ջերմուկի քաղաքացիները

Ջերմուկցիները վաղ առավոտից ճանապարհ էին ընկել դեպի Երեւան. այսօր վարչապետ Փաշինյանի հետ մի խումբ անձինք քննարկում են Ամուլսարի հանքի շահագործման խնդիրները:

«Նորագավիթում, «գայի պոստի» մոտ, ճանապարհային ոստիկանները մեզ կանգնեցնում էին, ու թույլ չէին տալիս, որ մոտենանք Բաղրամյան 26-ին՝ պատճառաբանելով, որ քաղաքը ներկա պահին ծանրաբեռնված է»,-պատմեցին ավտոերթով Երեւան եկած ջերմուկցիները: Նրանք այս պահին Բաղրամյան 26 հասցեում են, որտեղ բողոքի ցույց է ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման:

Քննչական կոմիտեն հայտնեց, որ Ամուլսարի փորձաքննության գործով քրեական հետապնդման հիմքեր չկան, եւ ներկայացրեց փորձաքննության արդյունքները, որտեղ նշված էր, թե հանքի շահագործման ռիսկերը վերահսկելի են, ծրագրի տարածքի եւ Ջերմուկի թերմալ, տաք աղբյուրների միջեւ ստորգետնյա ջրերի հոսքի եւ աղտոտման փոխանցման ուղիներ առկա չեն: Երկրաշարժի դեպքում ազդեցությունը կրած ստորգետնյա ջրերը Ջերմուկ չեն հասնի, բնապահպանները հակառակը հայտարարեցին:

Նրանք վստահեցնում են, որ փորձաքննությունը թերի է, եւ իրականում քննչականը ոչ թե մասնագիտական փորձաքննություն է իրականացրել, այլ ELAD ընկերությունն ընդամենը ստուգել է « Լիդիան Արմենիայի» տրամադրած տվյալները: Բնապահպանները պնդում են՝ «Լիդիանի» ներկայացրած ՇՄԱԳ-ը թերի է եւ ենթակա է ուժը կորցրած ճանաչելու»:

Դրանից հետո իշխանության ներկայացուցիչներն էլ հայտարարեցին՝ եթե անհիմն արգելվի հանքի շահագործումը, «Լիդիան Արմենիան» էլ դիմի միջազգային արբիտրաժին, ապա ՀՀ-ն 700-750 մլն դոլար տուգանք-փոխհատուցում պետք է վճարի:

Այս պահին Բաղրամյան 26-ում քաղաքացիները բողոքի ցույց են անում Բաղրամյան 26 հասցեում, որտեղ վարչապետը բնապահպանների եւ մի խումբ ջերմուկցիների հետ քննարկում էր հանքի շահագործման խնդիրները:
Ջերմուկցիներն ասացին, որ առայժմ խաղաղ ցույց են անում, աջակցում են իրենց համաքաղաքացիներին, որոնք վարչապետի հետ հանդիպման են. «Մենք դեմ ենք հանքի շահագործմանը: Նիկոլ Փաշինյանը թող լավ մտածի, ու բոլորին գոհացնող պատասխան տա հայ ազգին: Ջերմուկը պետք է պահպանվի ու զարգանա որպես զբոսաշրջության կենտրոն: Մեզ հանք պետք չի: Ասում են՝ կարող է էս ինչ բանը լինի, կարող է՝ չի լինի: Ոչ, չկա տենց բան, բնության դեմ ինչ են ուզում անել, «կարողաներով» չի կարելի հանք շահագործել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031