Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿԳՄՍՆ վարչության պետը` տնտեսագիտականի թնջուկի մասին

Օգոստոս 19,2019 14:34

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ազատված դասախոսների շահերը ներկայացնող փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել էր, որ Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանին հաղորդում է ներկայացրել ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի կողմից՝ ՀՀ Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով նախատեսված հանցանքների կատարման հիմքով: Նա նաեւ պնդում էր, որ ՀՊՏՀ-ն այլեւս չունի ռեկտոր:

Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) Բարձրագույն եւ հետբուհական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանից:

«Հունիս ամսվա ընթացքում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման խորհուրդը որոշում է կայացրել, որ բարձրագույն ուսումնական հաստատության կազմակերպաիրավական ձեւի փոփոխություն են իրականացնում եւ առաջարկել է լիազոր մարմնին, որպեսզի ՊՈԱԿ-ներից վերափոխի, վերակազմակերպի հիմնադրամների:

Ներկայացված առաջարկությունը մեր կողմից ընդունվել է, եւ սահմանված կարգով այս պահին արդեն շրջանառվում է համապատասխան գերատեսչություններում: Ամփոփվելուց հետո կուղարկվի կառավարություն: Նաեւ Հիմնադրամների մասին օրենքով, այդտեղ ըստ որոշման, հիմնադիրը պետք է նշանակի պաշտոնակատար, օրենքով սահմանված կարգով խորհուրդ կձեւավորվի, որը կհայտարարի մրցույթ, ապա բուհը կունենա ռեկտոր»,-ասաց պարոն Սուքիասյանը:

«Պետք է հիշենք, որ ոլորտը նաեւ կարգավորվում է նաեւ Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին օրենքով , որտեղ ասվում է, որ բուհերի ռեկտորներն ընտրվում են կառավարման համապատասխան օրենքով եւ բուհի կանոնադրությամբ սահմանված կարգով: Սա էլ այն օրենսդրությունը, որով մենք արդեն իսկ առաջնորդվում ենք: Շուտով կլինի կազմակերպաիրավական ձեւը, եւ սահմանված կարգով մրցույթ կհայտարարվի: Այսինքն` սա այն է, ինչ գրված է նախարարի հրամանում, որով նշանակվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարը, այսինքն` մինչև օրենսդրությամբ սահմանված կարգով մրցույթի անցկացումը»,-հավելեց ԿԳՄՍՆ վարչության պետը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` Ռոբերտ Սուքիասյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031