Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր պատերազմ՝ նոր տարածքներ բանաձեւը սկսել է լիարժեք աշխատել. Շահան Գանտահարյան

Օգոստոս 19,2019 14:09

Տավուշի մարզի հյուսիսային հատվածում հայկական զինյալ ուժերի իրականացրած գործողության իբրեւ արդյունք 140 հեկտար տարածք ազատագրվել է եւ անցել հայկական ուժերի վերահսկողության տակ։ Գործողությունը եղել է հակադարձություն, երբ Ադրբեջանի սահմանապահ ծառայության ստորաբաժանումները փորձել  են միջդիրքային տարածքում առաջանալ և նոր բնագիծ զբաղեցնել «Բաբաքյար» կոչվող լեռան շրջակայքում։ Առաջին իսկ ընկալումով փաստորեն  գործնական տեսք է ստացել ՀՀ պաշտպանության նախարարի հայտարարած  «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» բանաձեւը։

Հակադարձ այս գործողությունը սակայն ազատագրման իրագործմանն առընթեր նվաճել է ռազմավարական կարեւորագոյւն կետեր։ Ադրբեջանական նկրտումների դիմաց՝ վերահսկողության տակ է հայտնվել Հայաստան-Վրաստան մայրուղին, հայկական ուժերի զբաղեցրած գերադաս դիրքերից  ուղիղ նշանառության տակ՝ Ադրբեջան-Վրաստան մայրուղին։ Մայրուղիների վերահսկողության կամ նշանառության տակ հայտնվելու ուղղությամբ հայկական կողմը ձեռք է բերել ռազմավարական առավելություններ։

Ռազմավարական առավելությունները համալրվել են, երբ նկատի ունենանք նաեւ այն, որ թիրախային գոտում հայտնվել է  նաեւ ադրբեջանական Իքինջի Շըխլը գյուղը և գյուղի ողջ ցանքատարածություններն ու արոտավայրերը: Եւ կարեւորագույն հանգամանքը՝ որ եթե թշնամուն հաջողվեր իր հարձակողապաշտ մտահղացումը՝ ապա այդ դեպքում պիտի վտանգվեր Վրաստանի ճանապարհով ՀՀ մտնող գազատար խողովակաշարը։ Իսկ դա կենսական նշանակություն ունի ՀՀ-ի համար։

Բաքու-Թբիլիսի քաղաքական որոշակի լարվածության պատճառներից էր, ադրբեջանական սահմանապահ զորքերի դեպի վրացական տարածքներ տեղաշարժը, ինչը Բաքուն ներկայացնում էր իբրեւ հայկական տարածքների գրավում։ Այս ապատեղեկատվությունը խորքի մէջ չեզոքացվում էր նաեւ հայկական զինյալ ուժերի իրականացրած գործողությամբ։ Վրաստանի հետ երկու ուղղությամբ մայրուղիներից ադրբեջանական վերհսկողության վտանգի չեզոքացումը քաղաքական ուղերձ է նաեւ Թբիլիսիին։ Զուտ քաղաքական տրամաբանության ընկալումով Բաքու-Թբիլիսի լարվածությունը ենթահող է հարթում Թբիլիսի-Երեւան հավելյալ մերձեցման. իսկ այս գործողությունը համահարթեցնում է այդ ենթահողը դրական շեշտերով։

Բայց միայն Վրաստանի ուղղությամբ չէ իհարկե կատարված ազատագրական գործողության ձեռք բերած առավելությունները։ Թե՛ Տավուշի եւ թե՛ Նախիջեւանի ուղղություններով ադրբեջանական զորքերի աշխուժացումը, սահմանին կատարված զորավարժական հանդեսների կազմակերպումները միտում են Արցախ-Ադրբեջան հակամարտության իրավաքաղաքական բնութագիրը փոխել եւ այն վերածել հայ-ադրբեջանականի։

Հերթական անգամ, երբ միջազգային մակարդակում արցախյան հակամարտության հանգուցալուծմանն ուղղված դիվանագիտական եռուզեռ է ստեղծվում, Բաքուն ՀՀ-ի հետ պետական սահմանային միջադեպեր է բեմադրում։ Ռազմական այս բեմադրությունը այս անգամ թանկ արժեցավ Բաքվին, որ ռազմավարական նշանակություն ունեցող զինվորական հենակետեր եւ տարածք զիջեց հայկական կողմին։ Նոր պատերազմ՝ նոր տարածքներ բանաձեւը սկսել է լիարժեք աշխատել։ Իսկ այս բանաձեւը իհարկե չի վերաբերում միայն Տավուշի սահմանային գոտուն. այլ ամբողջ պետական սահմանին եւ Արցախ-Ադրբեջան շփման գծին։

 

Շահան ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031