Լրահոս
Օրվա լրահոսը

Չինարին այլևս չի կարող գնդակոծվել. ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորման մարտական ստորաբաժանումների գործողությունը

Օգոստոս 19,2019 11:26

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը գրում է. «Չինարին այլևս չի կարող գնդակոծվել։ Հայաստան մտնող գազամուղի անվտանգությունը ևս ապահովված է։

Փառք հայ զինվորին։ Փառք Հայոց բանակին»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը հաղորդել էր. «Հայոց Բանակը հերթական անգամ փաստում է, որ օպերատիվությամբ և խնդիրներն արդյունավետ լուծելու կարողությամբ՝ մնում է իր բարձրության վրա։ Վերջին ամիսներին, թշնամու սահմանապահների դեմ պայքարում, ՀՀ Զինված Ուժերը լուրջ հաջողություններ են գրանցել Տավուշի մարզի հյուսիսային հատվածում: Ադրբեջանի սահմանապահ ծառայության ստորաբաժանումները փորձել են միջդիրքային տարածքում առաջանալ և նոր բնագիծ զբաղեցնել «Բաբաքյար» կոչվող լեռան շրջակայքում, բայց հանդիպելով գնդապետ Գրիգորի Խաչատուրովի (լուսանկարում)  հրամանատարությամբ գործող ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորման մարտական ստորաբաժանումների դիմադրությանը՝ ստիպված են եղել մնալ իրենց տարածքում: Գերազանցելով հակառակորդին՝ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները, ըստ որոշ աղբյուրների, կարողացել են ավելի քան 140 հեկտար տարածքի վրա վերահսկողություն սահմանել (ազատագրել):

ՀՀ Զինված Ուժերի արդյունավետ գործողության արդյունքում հաջողվել է կասեցնել ոչ միայն թշնամու սադրանքը, որը նպատակ ուներ վերահսկողություն սահմանել Հայաստան-Վրաստան ավտոմայրուղու վրա, այլ նաև ադրբեջանական իշխանությունների և պետական քարոզչամեքենայի համար հանկարծակի շրջադարձի արդյունքում հայկական ուժերի զբաղեցրած գերադաս դիրքերից ուղիղ նշանառության տակ է հայտնվել Ադրբեջան-Վրաստան ավտոմայրուղին: Թիրախային գոտում է հայտնվել նաև ադրբեջանական Իքինջի Շըխլը գյուղը և գյուղի ողջ ցանքատարածություններն ու արոտավայրերը: Իսկ առավել կարևոր է այն հանգամանքը, որ եթե թշնամուն հաջողվեր իր ագրեսիվ մտահղացումը՝ ապա վտանգվելու էր Վրաստանով ՀՀ մտնող գազատար խողովակաշարի անվտանգությունը։ Սա կենսական խիստ անհրաժեշտ քայլ էր ՀՀ-ի համար։

Փորձելով կանխել խուճապի տարածումը սեփական բնակչության շրջանում, ինչպես նաև նրան ոգևորող կեղծ լուրեր մատուցելով՝ ադրբեջանական քարոզչամեքենան պարբերաբար դիմում է տեղեկատվական ձեռնածության՝ հրապարակելով տեղեկություն առ այն, որ իբրև թե Ադրբեջանի սահմանապահներն են հաջողություն և առաջխաղացում ունեցել: Իրականում վերջին շրջանում ադրբեջանական զինուժը կարողացել է փոքր տարածք զավթել, սակայն ոչ թե Հայաստանից, այլ հարևան Վրաստանից։ Այդ մասին կարող եք աղմկահարույց տարբեր նյութեր տեսնել վրացական մամուլում։ Իսկ Հայաստանի սահմանին էլ ավելի մոտենալ՝ թշնամուն չհաջողվեց:

Սովորաբար հայկական կողմը նման դեպքերում լռություն է պահում, բայց հաշվի առնելով իր բնույթով թշնամի հակառակորդի ապատեղեկատվական գործունեությունը մեր ուղղությամբ՝ կարծում եմ, որ ՀՀ բնակչությունն այս մասին պետք էր իմանար, որպեսզի ապատեղեկատվական քարոզչության զոհ չդառնա։

Այս վերջին գործողությունների արդյունքում ՀՀ Զինված Ուժերը ոչ միայն կարողացան ավելի ամրապնդել սահմանակից մեր գյուղերի և ավտոմայրուղու անվտանգությունը՝ առաջանալով նոր բնագծում, այլև վերահսկողության տակ առնել ադրբեջանական մայրուղին։ Բաքվի իշխանություններին սա պետք է դաս լինի։ Թող մեղավորներ փնտրի իրենց բարձրաստիճան ապաշնորհ զինվորականների շրջանում:

Այսպես պետք է պատժվի հակառակորդը՝ իր ամեն մի նախահարձակ գործողության արդյունքում, ստանալով արժանի հակահարձակում»:

ՀՀ պաշտոպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պաշտոնապես հաստատել էր այդ տեղեկությունը, բայց թվային տվյալներ հայտնելուց ձեռնպահ էր մնացել. «Բերեք ես հստակ թվեր, հեկտարներ չասեմ, ես հայտարարություն արել եմ հենց նույն օրը, որ եթե մենք Ադրբեջանի նման աղմուկ չենք բարձրացնում, դա չի նշանակում, որ մենք չենք իրականացնում դիրքերի բարելավում: Դա մշտական գործընթաց է եղել տարբեր հատվածներում, այդ թվում՝ անցած տարի, որ այսպես ասած, «սև փիառով» մեզ նախիջևանյան ուղղությամբ փորձեցին էսպես բաներ ներկայացնել, մենք էնտեղ էլ ենք դիրքեր բարելավում, դա զինված ուժերի մշտական աշխատանքն է»,- լրագրողների հետ զրույցում ասել է Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ՀՀ զինված ուժերի այս գործողություններն ու առաջխաղացումը հակառակորդի համար անսպասելի է եղել:

Հ. Գ. Արարատ Միրզոյանն ավելի ուշ ճշտեց ավելի վաղ արած իր գրառումը. «Առավել հստակ ձևակերպում ՊՆ֊ից. «Ճիշտ է հակառակորդի հետ շփման պայմաններում լիարժեք անվտանգ չի կարող լինել ոչ մի դիրք կամ բնակավայր, սակայն Չինարիի հատվածում հակառակորդը կորցրել է երբեմնի բացարձակ դիրքային առավելությունը, ինչն իր կողմից նախահարձակ լինելը դարձնում է անիմաստ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031