Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս օրինագիծն իրականում ՍԴ դատավորների կենսաթոշակի մեխանիզմի մասին չէ»

Օգոստոս 19,2019 13:00

Ըստ սահմանադրագետ Արամ Վարդեւանյանի՝ այս օրինագիծը ենթադրում է
քաղաքական ձեւակերպում

ՀՀ արդարադատության նախարարությունն օրերս հանրային քննարկման է դրել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որի օրինագծերից մեկը սահմանում է՝ եթե ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորներն օգոստոսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 31-ը հրաժարական տան, մինչեւ իրենց պաշտոնավարման տարիքը լրանալը կստանան աշխատավարձ, կշարունակեն օգտվել դատավորի սոցիալական բոլոր երաշխիքներից, իսկ պաշտոնավարման տարիքը լրանալուց հետո՝ կստանան կենսաթոշակ: Սահմանադրագետ Արամ Վարդեւանյանը կարծում է, որ այս օրինագիծն իրենից չի ենթադրում իրավական կամ սահմանադրաիրավական ձեւակերպում:

«Այն ենթադրում է քաղաքական ձեւակերպում, որը ճիշտ չէ եւ եվրոպական ստանդարտների տեսանկյունից կիրառելի չէ դատական իշխանության հանդեպ օրենսդրական քաղաքականություն մշակելու գործընթացում»,-«Առավոտի» հետ զրույցում այսպիսի համոզմունք հայտնեց Արամ Վարդեւանյանը: Նրա բնորոշմամբ՝ օրինագծի վերաբերյալ արդարադատության նախարարության պաշտոնական պարզաբանումը, ըստ էության, փորձում է ՍԴ-ի հետ կապված այս նախաձեռնությունը մեկնաբանել վաղ կենսաթոշակի մեխանիզմի լույսի ներքո, որն իրականությանը չի համապատասխանում:

«Նախ, ՍԴ դատավորներից որեւէ մեկը կենսաթոշակի տարիքում չէ: Երկրորդ, Սահմանադրությամբ է նախատեսվում ՍԴ դատավորների կենսաթոշակի տարիքը, իսկ Սահմանադրությունում տարիքի վերաբերյալ փոփոխություն չի կատարվել: Հետեւաբար, վաղ կենսաթոշակի մասին խոսելու իրավական հիմքեր չկան: Այս նախագիծն էլ իրականում դրա մասին չէ: Ի դեպ, պատահական չէ, որ նախագծում օգտագործում են ոչ թե «կենսաթոշակ»-ը, այլ «աշխատավարձ»-ը, որը պետք է տրամադրվի մինչեւ հրաժարական ներկայացրած ՍԴ դատավորի լիազորությունների ժամկետի ավարտը: Հետեւաբար, կենսաթոշակն առհասարակ կիրառելի չէ այս դեպքում, բայց ի՞նչն է հետաքրքիր: Արդարադատության նախարարությունը հղում է անում Լեհաստանում կիրառված վաղ կենսաթոշակի մեխանիզմին, որը Եվրամիության Արդարության դատարանը, որը ԵՄ անդամ-երկրների դատարանն է, դիտարկել է որպես հիմնարար ժողովրդավարական արժեքներին հակասող ինստիտուտ: Հետեւաբար, այս պարագայում ինչպե՞ս կարելի է հղում անել Լեհաստանի փորձին»,-հարցադրում արեց մեր զրուցակիցը:

Արամ Վարդեւանյանը մեկ այլ խնդիր մատնանշեց, որը, իր գնահատմամբ, որոշակիորեն ստվերվում է. «Մտահոգությունս վերաբերում է նրան, որ ըստ օրինագծի՝ ՍԴ դատավորների՝ իրենց պաշտոնեական կարգավիճակի հետ չկապված գործողություններում մեղադրվելու դեպքում քրեական հետապնդման հարուցման պարագայում լիազորությունները մեխանիկորեն կասեցվում են: Դատական օրենսգրքի 165-րդ հոդվածի հետ, որն, ի դեպ, նախատեսում է, որ դատավորի լիազորությունները կասեցվում են Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, երբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն է տրվում: Մինչդեռ այս դեպքում ՍԴ-ի համաձայնությունը չի պահանջվում, դատական որեւէ վերահսկողություն չի պահանջվում: Պարզապես քննիչի որոշմամբ ՍԴ դատավորի լիազորությունները կասեցվելու են: Ինչպե՞ս կարող է սա ընդունելի լինել»:

Ըստ Արամ Վարդեւանյանի՝ արդարադատության նախարարության մշակած՝ ՍԴ դատավորներին առնչվող նշյալ օրինագիծը գուցե պայմանավորված է նրանով, որ կառավարությունն ուզում է ՍԴ գործող կազմն այլ անձանցով համալրել. «Կարծում եմ՝ ցանկացած քաղաքական զարգացում իրենից կարող է եւ նման մտադրություն ենթադրել, եւ Հայաստանը բացառություն չէ: Կարող եք ուսումնասիրել ԱՄՆ փորձը, երբ նախագահները Գերագույն դատարանի անդամների շարքում ցանկացել են տեսնել փոփոխություն, բայց դա չի իրացվել, քանի որ դատական իշխանությունը քաղաքական զարգացումներից միշտ զերծ է եւ երաշխավորված՝ քաղաքական միջամտություններից զերծ մնալու հարցում: Հետեւաբար, նման ցանկությունները սահմանադրաիրավական կատեգորիա չեն: ՍԴ կազմը փոփոխվում է Սահմանադրությամբ նախատեսված կարգի համաձայն, այն է՝ լիազորությունների ավարտից հետո ՍԴ յուրաքանչյուր դատավորին փոխարինում է այլ դատավոր»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ»

17.08.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031