Լրահոս
Օրվա լրահոսը

Չի հիշում «Պաչիկ» գնացել է, թե ոչ, որովհետեւ խմած է եղել

Օգոստոս 19,2019 11:30

Համաներվել են…չհիշելո՞ւ համար

Գեղարքունիքի մարզի դատարանը մարտ ամսին ճանաչել եւ հռչակել է Սերգեյ Ստեփանյանի եւ Բաբկեն Սարգսյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ: Նրանց նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո կվերացվի:

Քրեական վերաքննիչ դատարան դիմած մեղադրողը պահանջում է ամբողջությամբ բեկանել եւ փոփոխել ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը եւ ամբաստանյալ Բաբկեն Սարգսյանին դատապարտել տուգանքի 300.000 ՀՀ դրամի չափով: Միեւնույն ժամանակ կիրառել 2018թ. նոյեմբերին ընդունված «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքը եւ ամբաստանյալներին ազատել պատժի կրումից:

Ըստ հինգհատորանոց մեղադրանքի, Սերգեյ Ստեփանյանը երեք տարի առաջ նոյեմբերի 6-ին, ժամը 22:00-ի սահմաններում, Բաբկեն Սարգսյանի, Կ. Սիմոնյանի եւ Ս. Շուշանյանի հետ գնացել են Սեւան քաղաքում գործող «Պաչիկ» սրճարան, գարեջուր պատվիրել: Սրճարանի մատուցողուհի Նադեժդա Սերեբրակովան նրանց մատուցել է գարեջուրը, հեռացել` սպասք լվանալու: Ոգելից խմիչքի ազդեցության տակ գտնվելով, Սերգեյը վիճաբանության մեջ է մտել Կարեն Սիմոնյանի հետ, ձեռքերով եւ ոտքերով հարվածել է նրան, հայհոյել: Մատուցողուհին լսելով ձայները՝ մտել է սրահ, ուր գտնվում էր նաեւ մատուցողուհի Սուսաննան: Վերջինս Սերգեյ Ստեփանյանին մի կողմ տանելով՝ խնդրել է դադարեցնել վիճաբանությունը, սակայն ամբաստանյալը, «հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու խուլիգանական դրդումներով», բռնություն է գործադրել նաեւ Սուսաննայի նկատմամբ` ձեռքերով հարվածել է նրան:

Կռվին միջամտել է սրճարան եկած Սուսաննայի եղբորորդին` Շալիկոն, ով Սերգեյ Ստեփանյանից պահանջել է դադարեցնել մատուցողուհիների ներկայությամբ կատարվող խուլիգանական գործողությունները: Սերգեյը բռունցքով հարվածել է Շալիկոյի բերանին, որին հետեւել է Շալիկոյի բռունցքով հարվածը Սերգեյի դեմքին:

Սերգեյի սեղանակից Բաբկեն Սարգսյանը, դարձյալ հարբած, բռունցքներով հարվածել է Շալիկոյին: Ըստ ականատեսների, վեճը տեւել է շուրջ 10-15 րոպե:

Ամբաստանվողներն իրենց մեղավոր չէին ճանաչել եւ հրաժարվել էին ցուցմունք տալուց: Նախաքննության ընթացքում ցուցմունք տված, որեւէ տեղ չաշխատող Սերգեյը հայտնել էր. «2016 թվականի նոյեմբերի 6-ին, ժամը 22-ի սահմաններում, գնացել եմ «Պաչիկ» սրճարան` սուրճ խմելու: Սրճարանում անծանոթ մի քանի երիտասարդներ կային: Քանի որ մենակ էի, որոշեցի միանալ նրանց` մենակ չնստել: Երբ նստեցի այդ տղաների սեղանին, խոսակցություն էր ծավալվում ՀՀ-ում տիրող քաղաքական իրավիճակի շուրջ: Քանի որ համակարծիք չէին սեղանակիցները, իրենց ձայների տոնայնությունները բարձրացան: Եվ քանի որ խոսում էին ոգեւորված, խոսակցության ժամանակ կատարել են ձեռքերով շարժումներ օդի մեջ: Այդ պահին Սուսաննան մոտեցավ, կարծելով, թե իրենք վիճում կամ կռվում են, նկատողություն արեց իրենց, ասելով՝ մի վիճեք ու մի կռվեք: Այդ ժամանակ վերկացա տեղից եւ տիկին Սուսաննայից ներողություն խնդրեցի առաջացած տհաճության համար»:

Ինչ վերաբերում է Սուսաննայի ազգական Շալիկոյին, ըստ արդարացվածի, ազգականը «հավանաբար կարծելով, թե ինքը վիճում է Սուսաննայի հետ, իրեն իր համար տհաճ ձեւով նկատողություն է արել, ասելով, որ անհարմար է իրենից մեծ կնոջ հետ վիճաբանելը»: Նրան դուր չի եկել Շալիկոյի խոսելաձեւը, որի համար էլ ինքը նրան պատասխանել է, որ իրենք չեն վիճում: Ինքը ձեռքը պարզած էր խոսում, «հավանաբար Շալիկոն կարծել է, թե հարվածում կամ փորձում եմ հարվածել իրեն»: Շալիկոն բռունցքով մեկ անգամ հարվածել է իրեն` դեմքի հատվածում, որից ինքը որեւէ մարմնական վնասվածք չի ստացել, ինքն էլ, նրա հարվածին ի պատասխան, բռունցքով մեկ անգամ հարվածել է Շալիկոյի դեմքին:

«Գրանդ Հոլդինգ» ՓԲԸ-ի մենեջեր Բ. Սարգսյանը նախաքննության ժամանակ ցուցմունք էր տվել, որ ճանաչում է Սեւանցի Սերգոյին, «Չաղ» մականունով Կարենին, ով իր ընկերն է եւ Սոսին՝ հարեւանին, Շալիկոյին, որպես մատուցողի, նրանցից որեւէ մեկի հետ անձնական որեւէ թշնամություն չի ունեցել: Դեպքի օրը խմած է եղել: Նա մենակ է մտել «Պաչիկ» սրճարան գարեջուր խմելու: Երբ մտել է սրճարան, տեսել է, որ այնտեղ է Սերգոն: Մոտեցել է նրան, որը նույնպես մենակ էր նստած: Նստել է նրա հետ, գարեջուր է խմել: Այդ ամենը տեւել է մոտ 30 րոպե, ապա գնացել է տուն:

Ինչ վերաբերում է դեպքի օրը «դեբոշներ» անելուն, ամբաստանյալը հայտնել էր, որ այդ օրը Սերգեյ Ստեփանյանի, Ս. Շուշանյանի, Կ. Սիմոնյանի հետ «Պաչիկ» չի գնացել: Հիշել է, որ «Պաչիկ»-ում այդ օրն ինքը Սերգոյին մեկ անգամ է տեսել երեկոյան ժամերին, բայց չի հիշում՝ դրանից առաջ «Պաչիկ» գնացե՞լ է, թե՞ ոչ, որովհետեւ խմած է եղել, չի հիշում: Ինքը ոչինչ չի իմանում նշված օրն ինչ-որ միջադեպի մասին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

17.08.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031