Լրահոս
Օրվա լրահոսը

«Երրորդ սեռից» մինչեւ առաջնորդ

Օգոստոս 19,2019 10:30

Հարցազրույց «ԱՐԻ» գրական գործակալության եւ «ԱՐԻ» գրականության հիմնադրամի հիմնադիր Արեւիկ Աշխարոյանի հետ

– Ձեր գործակալության ֆրանսաբնակ հեղինակի՝ Հովհաննես Թեքգյոզյանի, որը վերջին շրջանում հանդես է գալիս Ժան-Շա Թեքգյոզյան անվամբ, վերջերս հրատարակված «Երրորդ սեռ» վեպը Ֆեյսբուքում ըմբոստության ալիք է բարձրացրել…

-Միշտ չէ, որ գրքի վերնագրից կարելի է «թաղվել» բովանդակության մեջ: Սա ֆեմինիստական վեպ է, որը բացահայտում է հայ որոշ դերասանուհիների (որպես հերոսներ, նրանք ընտրված են Երեւանի պետական դրամատիկական թատրոնից եւ վեպում թեեւ չի նշվում ազգանունները, բայց անունները փոխված չեն, օրինակ՝ Էմմա, Վիոլետա, Էվելինա…) կյանքի մութ անկյունները, նրանց կյանքի դրամաները: Այդ պատմությունների միջոցով հեղինակը մեր իրականությունում առաջին անգամ ներկայացնում է նույնիսկ տասնամյակներ շարունակ այդ արվեստագետների շուրջ հասարակության մեջ տարածված խոսակցությունները, որոնք առանձին դեպքերում եղել ու կարող են ճակատագրական լինել: Այսօր էլ նման պատմությունները եւ հասարակության վերաբերմունքը կոնկրետ դերասանի կամ հանրային անձանց հանդեպ ակտուալ են:

– Ստացվում է, որ ուղղակի իմաստով չպետք է հասկանալ «Երրորդ սեռ» վերտառությունը: Գուցե ուղղակի իմաստով չպե՞տք է հասկանալ նաեւ ձեր գործակալության հիմնադրի վերջերս ԱՄՆ Դեպարտամենտի հրավերով այցը այդ երկիր, քանի որ, մեր տեղեկություններով, թեման էր՝ «Սոցիալական ձեռնարկատիրություն»:

– Սա բիզնես-մոդել է, որը կարող է առնչվել բոլոր ոլորտներին: Ծրագրի խորագիրն էր «Միջազգային այցելուների առաջնորդության ծրագիր», որի շրջանակներում տարբեր ոլորտների մասնագետներ երեքշաբաթյա ժամկետով այցելեցինք տարբեր նահանգներ՝ փորձի փոխանակման նպատակով: Այո՛, մեր ծրագրի թեման էր՝ «Սոցիալական ձեռնարկատիրություն»:

Իմիջիայլոց, սոցիալական ձեռնարկությունը աշխատում է հետապնդելով շահույթ, սակայն կազմակերպելով իր բիզնեսն այնպես, որ օգտակար լինի մարդկանց, չվնասի բնությունը եւ պահպանի մշակութային արժեքները: Բերեմ պատկերավոր մի օրինակ, ռեստորանի տերը տարվա ընթացքում շուրջ 150 անչափահաս դատվածություն ունեցողներին վարձում է որպես աշխատող, սովորեցնում է ռեստորանային բիզնեսի տարբեր մասնագիտություններ (մատուցող, խոհարար…) եւ հետեւում է, որ նրանք հաճախեն դպրոց, ստանան բժշկական ծառայություններ, իսկ անհրաժեշտության դեպքում օգտվեն հոգեբանի ծառայությունից: Սա փոխշահավետ է: Տեսեք, ռեստորանի տերը իր շահույթն է ունենում, երիտասարդներն էլ աշխատավարձ են ստանում եւ միաժամանակ գտնվում են մի միջավայրում, որն իրենց կտրում է փողոցից: Կան հարյուրավոր նման օրինակներ, երբ սոցիալական տարբեր խոցելի շերտերի ներկայացուցիչներ ներգրավվում են նման ձեռնարկություններում, որտեղ հնարավորություն են ունենում հաղթահարել իրենց խնդիրները վարձատրվող աշխատանքի միջոցով, այլ ոչ թե ապրում միայն նպաստների հաշվին, ինչը արժանապատվությունը նվաստացնող է: Նման ձեռնարկությունները իրենց աշխատանքները կազմակերպում են այնպես, որ հնարավորինս վնաս չպատճառեն բնությանը, էկոլոգիային: Այսինքն՝ ամբողջ աղբը վերամշակման են հանձնում, իրենց աշխատանքում չեն օգտագործում վնասակար նյութեր, իսկ թափոններն էլ ծառայեցնում են նոր արտադրանք ստեղծելուն: Օրինակ, ամերիկյան մի ընկերություն կարի տարբեր գործարաններից վերցնում էր թափոնները եւ ուսապարկեր կարում, որոնք հենց միայն նման գաղափարի հաշվին վաճառվում էին բավական թանկ գնով:

– Մեզ մոտ էլ վերջին շրջանում շատ է խոսվում սոցիալական ձեռնարկատիրության մասին ու, կարծես, արդեն քայլեր արվում են:

– Վառ օրինակ է, երբ վարչապետը այցելել էր Կալավան գյուղ, որտեղ համայնքային ծրագրեր են իրականացվում…

– Ասեք խնդրեմ, ամերիկյան մոդելը կարելի՞ է օգտագործել ձեր հրատարակչական գործում:

– Միանշանակ, այո՛: Այդ մոդելով երկու նախագծերի մեկնարկն արդեն տրված է՝ մեկը ընթերցանության խթանման նպատակով պատվիրել ենք եւ վաճառում ենք շապիկներ Սեւադայի «Կախվածություն» եւ Պաչյանի «Ցտեսություն, ծիտ» գրքերի թեմաներով: Դրանք «ԱՐԻկարդանք» ծրագրի մաս են կազմում, որի վաճառքից գոյացած գումարով հոգալու ենք ընթերցանության խթանման նախաձեռնության որոշ ծախսեր:

– ԱՄՆ-ում այդ մոդելը պետական հովանավորություն ունե՞ր:

– Պետական հովանավորչությունը շատ փոքր ծավալի էր՝ հիմնական ֆինանսավորումը ձեռնարկությունները ստանում են հովանավորներից, ընդ որում՝ այն չի կարող գերազանցել ձեռնարկության բյուջեի 30%-ը:

– Ձեր նախաձեռնությամբ արտադրված շապիկները որտեղի՞ց են «սնվում»:

– Առայժմ մեր միջոցներից, բայց հովանավորների առկայության դեպքում ե՛ւ ծավալը կմեծանա, ե՛ւ ծրագրի ազդեցությունը:
ԱՄՆ-ից վերադառնալուց անմիջապես հետո մեր գործակալությունը պայմանագիր կնքեց աղբի վերամշակմամբ զբաղվող «Ապագա» հ/կ-ի հետ, որին հանձնում ենք թուղթ եւ պլաստիկ թափոններ:
Ի դեպ, մեր երկրորդ նախաձեռնությունը, որն անցկացնում ենք «Ընթերցողից առաջնորդ» խորագրով, դպրոցականների համար ընթերցանության ծրագիր է, որի միջոցով երեխաներին սովորեցնում ենք ճիշտ ընթերցանության հմտություններ, ասենք, ինչպես ընտրել իրենց հետաքրքրող գիրքը, կարդալ, վերլուծել այն եւ կարողանալ վերարտադրել ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր խոսքում: Այստեղ խոցելի խումբը հենց աշակերտներն են, որոնց մեծ հաշվով չի հետաքրքրում գրականության դպրոցական ծրագիրը, ինչի հետեւանքով էլ նրանց մոտ չի զարգանում տեքստի ընկալման ու վերլուծական հմտությունները: Մինչդեռ առաջնորդ դառնալու համար դրանք շատ կարեւոր են:

Զրուցեց
Սամվել  ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ»
17.08.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ԸՆԹԵՐՑՈՂ says:

    Այս Պարոնն ինչու է իրեն կատու դարձրել, այն էլ որձ կատու: Jean chat ֆրանսերեն նշանակում է Ժան-կատու, իսկ էգ կատուն chatte-ն է: Հաջորդ հարցազրույցի ժամանակ խնդրում եմ չմոռանաք այս հարցը տալ նրան:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031