Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էդիկ Գեւորգյան. «Ոչ մեկի քիմքով պատմության դասագիրք չենք գրել»

Օգոստոս 18,2019 17:15

«Զանգակ» հրատարակչության պատմության դասագրքի համահեղինակ, պատմական գիտությունների թեկնածու Էդիկ Գեւորգյանը Aravot.am-ի հետ զրույցում հիշեցրեց, որ 9-րդ դասարանի Հայոց պատմություն առարկայի երկու դասագիրք է գործում, մեկը՝ «Մանմար» հրատարակչության հրատարակած դասագիրքը, մյուսը՝ «Զանգակինը»:

«2014 թ.-ին է հրատարակվել «Զանգակ» հրատարակչության  դասագիրքը, այն պարագայում, երբ «Մանմարի» հրատարակածը վաղուց դպրոցներում գործածվում էր: «Զանգակի» դասագիրքը մոտ երեք անգամ պակաս տպաքանակով է տպագրվել եւ հանրակրթական դպրոցների երեսուն տոկոսում է, որ անցնում են «Զանգակի» դասագրքով: Իբր ընթացակարգն այսպիսին է, որ ուսուցիչներն իրենք են ընտրում, թե որ դասագրքով անցնեն եւ մինչեւ ուսումնական տարվա սկիզբը դիմում են դասագիրքը ստանալու պահանջով: Իմ ունեցած տեղեկություններով, մեր դասագիրքը ընդամենը դպրոցների երեսուն տոկոսում է:

Յուրաքանչյուր դասագիրք թույլատրվում է գործածության հինգ տարի ժամկետով, եւ 2019-ին լրանում էր մեր դասագրքի ժամկետը, հետո այն պետք է վերախմբագրվի եւ վերահրատարակվի: 2014 թ.-ից սկսած մ դպրոցներից որոշակի արձագանքներ ենք ցանկացել ստանալ եւ մշտադիտարկում  ենք իրականացրել: Մեզ հետաքրքրել է ուսուցիչների, աշակերտների կարծիքը: Սուբյեկտիվ չլինելու համար արձագանքները չեմ հրապարակում: Կոնկրետ 2019 թ. փետրվարին ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով ստեղծվել է մասնագիտական հանձնախումբ, որն ուսումնասիրել է գործող դասագրքերը՝  եւ «Մանմարի», եւ «Զանգակի»:

Մենք ապրիլ  ամսին հանդիպում ենք ունեցել նախարարի հրամանով ստեղծված հանձնախմբի հետ՝ իրենց առաջարկությամբ: Մեզ են ներկայացվել առաջարկություններ, եւ նախարարի հրամանը եղել է այսպիսին՝ այդ հանձնախումբը պետք է ներկայացնի առաջարկություններ՝ ծրագրի եւ բովանդակության վերաբերյալ: Մեզ ներկայացվել են որոշ առաջարկություններ,  համահեղինակներս դեմ առ դեմ հանդիպում ենք ունեցել հանձնախմբի բոլոր անդամների հետ: Համահեղինակներն են՝ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Խաչատրյանը, Ամատունի Վիրաբյանը եւ ես, խմբագիրն էլ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանն է: Հանդիպման ժամանակ ունեցել ենք կառուցողական երկխոսություն, այդ առաջարկները, որոնց մեծ մասը տեխնիկական բնույթի է եղել, սիրով ընդունել ենք: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ «Զանգակ» հրատարակչության տնօրեն Սոկրատ Մկրտչանը:

Հանձնախմբի հետ մեր առանձին հանդիպման ընթացքում  նշել ենք, որ ներկայացվող պահանջները ծավալային առումով երբեմն թույլ չեն տվել շատ հիշարժան եւ կարեւոր նյութեր օգտագործել…Նորագույն շրջանը սկսվում է Առաջին Հանրապետության  կազմավորումից մինչեւ մեր օրերը: Առաջակները սիրով ընդունել ենք, եղել են մի քանի բովանդակային բնույթի առաջարկություններ, այնուհետեւ մինչեւ  մայիսի 15-ը: Մայիսի 15-ին մենք ներկայացրել ենք այդ փոփոխություններով հանդերձ ամբողջ աշխատանքը: Ես իմ եւ իմ համահեղինակ գործընկերների մասով կարող եմ ասել, որ մի շարք փոփոխություններ կատարեցինք, եւ շատ շնորհակալ ենք նախարարին, քանի որ պատեհ առիթ հանդիսացավ, որովհետեւ հրատարակչության տնօրենը մեզ խոստացավ, որ ծավալի հարցում սահմանափակում չի լինի, ինքը մեզ 15-20 %-ի չափով էլ մեզ ծավալվելու հնարավորություն կտա:

Առաջարկներից մեկը հետեւյալն էր՝ քանի որ 2014-ին է հրատարակվել դասագիրքը, բնականաբար հասնում էր մինչեւ 2014 թվականը, իսկ 11- 12-րդ դասարանների համար նախատեսված  դասագրքերում նյութերն անցնում էին մինչեւ 2016թ.: Մենք այդ դասագրքերը վերահրատարակել ու նյութերն ավելացրել  ենք, եւ որպեսզի միատեսակություն լիներ, առաջարկ եղավ, որ  դարձնենք մինչեւ 2016-ը: Եղավ առաջարկություն այն մասին, որ կարող ենք դարձնել մինչեւ 2018թ ընտրությունները:

Ի դեպ, այդ պայմանավորվածությունները եղել են բանավոր՝ հանձնախմբի հետ միասին: Մենք մինչեւ 2018-ի դեկտեմբերը ներառյալ, արել ենք, եւ  թող նախարարությունն ու հանձնախումբը դիտարկեն՝ արդյոք հարմար են գտնում մտցնել դասագրքի մեջ»,- հայտնեց հայոց պատմության դասագրքի համահեղինակը:

Էդիկ Գեւորգյանը հավելեց. «Մեզ ասվեց, որ մարտի 1-ը մի քիչ թերի է ներկայացվել: Մենք իններորդ դասարանի դասագրքում գրել էինք, որ ընտրության արդյունքները վիճարկվեցին ընդդիմության կողմից: Եղավ ճիշտ առաջարկություն, որ դա չի կարելի միայն ընդդիմությանը վերագրել, քանի որ հանրության որոշակի մասը դժգոհություն ուներ: Այստեղ ձեւակերպումների խնդիր կար:

Ամեն դեպքում, մենք պոզիտիվ կերպով ներկայացրել ենք իրադարձությունները, եւ կոնկրետ ես՝ որպես համահեղինակ, այդ դասագրքում 1991 թ․ հոկտեմբերի 16-ի ընտրություններից հետո նշում եմ, որ այդ ընտրությունների ժամանակվանից սկսած, բացառությամբ խորհրդարանական ընտրությունների (խոսքը չի վերաբերում 1990թ. մայիսի 20-ի ընտրություններին), մեր բոլոր համապետական ընտրություններում խախտման բազմաթիվ դեպքեր են գրանցվել; Հետագայում, երբ անդրադարձել ենք ընտրություններին, նշել ենք, որ ԿԸՀ-ի տվյալներով,  նախագահ ընտրվեց այսինչը կամ այնինչ մարդը:

Հանձնախումբը կոնկրետ մեր դասագրքի վերաբերյալ տվեց գրավոր եզրակացություն, որ «Զանգակ» հրատարակչության դասագիրքն ավելի մատչելի է, բովանդակային առումով ավելի լավն է, բառարաններ կան եւ այլն, որի համար շնորհակալ ենք: Հետագայում տեղեկացել եմ՝ հետեւելով նախարարի հայտարարություններին, որ առայժմ հնարավոր է դասագիրքը չհրատարակվի:  Ընդ որում, հիշեցնեմ, որ առաջարկություն եղավ, դասագրքերը ծավալուն չլինելու համար բաժանել երկու մասի՝ կիսամյակային առումով, եւ մենք մեր իններորդ դասարանի դասագիրքն արդեն երկու մասի բաժանել էինք: Եվ վիճելի խնդիրների մասին նյութերը լինելու էին երկրորդ կիսամյակում:

Թե նախարարությունն ինչու չի հրատարակում դասագիրքը, ինչ է պատճառը,  չգիտենք: Մենք փորձում ենք նախարարի հետ հանդիպում ունենալ: Ընդ որում, մենք չենք փորձում վիճարկել նախարարի որոշումը: Որպես համահեղինակ, մի բան ենք ուզում իմանալ՝ հանձնաժողովը մեզ առաջարկություններ է ներկայացրել, մենք դրանք իրականացրել ենք եւ վստահ էինք, որ նույն հանձնախումբը պետք է նաեւ ծանոթանա դրանց, բայց պարզվեց, որ հանձնախումբը կոչված է միայն առաջարկություններ ներկայացնելու: Եթե մնացածը իրենց գործառույթներից դուրս է,ուրեմն կներեք, առաջարկություններ միշտ էլ լսել ենք, քանի որ դասավանդում ենք,  տեսնում ենք՝ ինչը կարելի է, ինչը՝ ոչ»:

Մեր զրուցակիցն ընդգծում է. «Դասագրքերը բոլոր ժամանակներում էլ՝  անկախ հասարակական-քաղաքական կարգից, կատարելագործման կարիք ունեն։ Մենք գործ ունենք գիտության այն ճյուղի հետ, որն անընդհատ զարգանում է:  Ես չեմ ասում մենք դասակարգային մոտեցումով գրենք դասագիրք կամ մեկի քիմքով… Վստահաբար ասում եմ, որ մենք որեւէ մեկի քիմքով դասագիրք չենք գրել»:

Պատմաբանն ասում է, որ նախարարը հայտնել է, թե կարծիքներ կան, որ վերջին քսան-երեսուն տարիների պատմությանը կարելի է ընդհանրապես չանդրադառնալ, բայց Էդիկ Գեւորգյանը վստահ է, որ օրինակ Արցախյան շարժումը, որ հայ ժողովրդի համար դարակազմիկ նշանակություն է ունեցել, պետք է անպայման  տեղ գտնի պատմության դասագրքերում:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031