Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էդիկ Մինասյան. «Մի ժամանակ մեղադրում էին, թե չեք գրում Մարտյան դեպքերի մասին, հիմա էլ մեղադրում են, թե եզրակացություն չեք անում»

Օգոստոս 18,2019 14:40

Կրթության, գիտության , մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն օրերս հայտարարել էր, որ թույլ չի տվել 9-րդ դասարանի Հայոց պատմության դասագիրքը տպագրվի, քանի որ հանձնաժողովը որոշակի եզրակացության չի եկել եւ այնտեղ Մարտյան դեպքերի եւ ընտրությունների հետ կապված վիճելի հարցեր կան:

Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց «Մանմար» հրատարակչության հրատարակած դասագրքի հեղինակ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանից: Հարցրինք, թե դասագրքի վերաշարադրված տարբերակն ինչո՞վ չի բավարարել, որ խնդիրներ են առաջացել տպագրության հետ կապված:

«Քանի որ Մարտի 1-ի հետ կապված դատական գործընթացը դեռ ավարտված չէ, ընթանում է, բնական է, որ չես կարող վերջնական եզրակացություն գրել, դրա համար մենք միայն փաստերն ենք շարադրել: Նշել ենք փաստերը, որ ընդհարման արդյունքում եղան 10 զոհեր, եւ Երեւանում մտցվեց հատուկ դրություն, եւ գրել ենք, որ դա բացասական հետեւանքներ ունեցավ հանրապետության հեղինակության վրա: Գրված է նաեւ,  որ գործընթացը  դեռ ընթանում է, ուստի վերջնական եզրակացություն կտրվի դատաքննական եւ մնացած պրոցեսների ավարտից հետո: Չես կարող դասագրքում գրել մի բանի մասին, որը դեռ ավարտուն տեսք չի ստացել, քանի որ դատական գործընթացը դեռ ընթանում  է:

Հանձնաժողովի կողմից արվել են ինչ-ինչ դիտողություններ, հիմնականում տեխնիկական բնույթի թերություններ են եղել, որոնք բոլորը շտկվել են; Եվ եզրակացությունը, որքան գիտեմ, տրվել է: Բայց թե ինչու չի տպագրվում դասագիրքը, ինչ խնդիր կա, դա ես չեմ կարող ասել, երեւի կազմակերպչական բնույթի հարցեր են»,-ասաց պատմաբանը:

Նա նորից շեշտեց. «Դու չես կարող միայն այնպիսի բան գրել, որ հաճելի լինի, դա պատմության դասագիրք է, այնտեղ ընդամենը փաստերն են, որ Մարտի 1-ին տեղի ունեցավ բախում ոստիկանության հետ եւ այն ամենը, ինչ եղել է: Նշել ենք, որ զոհեր են եղել, ինչը, բնականաբար, դատապարտելի արարք է, բայց այսօր դրա վերաբերյալ վերջնական պատասխան տալ չենք կարող մինչեւ դատական գործընթացը չավարտվի:

Եթե խնդիր կա մեկնաբանության, ապա կարելի է հետագայում քննարկումներ կազմակերպել այդ թեմայով, բայց վերջնական եզրակացություն Մարտի 1-ի դեպքերի հետ կապված այս պահին դասագրքում գրելը ճիշտ չեմ համարում: Դասագիրքը մեկ տարվա համար չէ: Իհարկե, բաներ կան, որ դեռ շտկվելու են, նոր ձեւով են ի հայտ գալու, բայց հիմքերը, որ ընդհանուր փաստեր պետք է շարադրվի եւ առանց վերջնական եզրակացության, դա միանշանակ է»:

Էդիկ Մինասյանն ասում է, որ սխալ է նաեւ այն տեսակետը, թե վերջին շրջանի պատմությունները չպետք է տեղ գտնեմ դասագրքում. «Ինչպե՞ս կարելի է քո ապրած ժամանակաշրջանն ընդհանրապես բաց թողնել: Պետք է միայն փաստերը շարադրել…Մի ժամանակ մեղադրում էին, թե չեք գրում Մարտյան դեպքերի մասին, հիմա էլ մեղադրում են, թե եզրակացություն չեք անում»:

Նա համոզված է, որ չի կարելի ամբողջ պատմությունը կառուցել միայն մարտյան դեպքերի շուրջ, ասում է, ի վերջո Անկախություն է եղել, պետք է սերունդների մեջ սերմանել ու շեշտադել, որ Անկախությունը պետք է պահպանել ու պետությունը փայփայել:

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031