Համեղ եւ օգտակար եգիպտացորենն ուտելու համար, ըստ էության, շատ բան պետք չէ՝ խաշել կամ խորովել այն, վրան աղ ցանել եւ վայելել: Սակայն, երբեմն կարելի է նաեւ ավելի հետաքրքիր դարձնել առանց այդ էլ համեղ ուտեստը:
Անհրաժեշտ մթերքները
Եգիպտացորեն- 5-6 գլուխ
Կարագ-100 գրամ
Կարդացեք նաև
Սխտոր- 1 պճեղ
Կիտրոնի կեղեւ- 0,5 կիտրոնի
Թարմ կանաչի- մի քանի ճյուղ (սամիթ, համեմ, մաղադանոս)
Կծու թարմ կամ աղացած կարմիր պղպեղ
Աղ, սեւ պղպեղ- ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Եգիպտացորենի գլուխները խաշել կամ խորովել կրակի վրա: Նկատենք, որ հիմա շուկայում կամ սուպերմարկետներում վաճառվում է հիմնականում շուտ եփվող եգիպտացորեն, որը խաշվում է առավելագույնը 5-6 րոպեում, իսկ բաց կրակի վրա է՛լ ավելի շուտ է պատրաստվում: Այնպես որ, կարիք չկա շատ երկար եփելու: Չմոռանաք եփելիս առատ աղ ավելացնել ջրին:
Մինչ եգիպտացորենը եփվում է, պատրաստեք համեմված կարագը: Դրա համար անհրաժեշտ է շատ մանր կտրատել թարմ, լավ լվացած կանաչին, կծու թարմ չիլի պղպեղը (եթե թարմը չունեք, վերցրեք աղացածը), սխտորը,մանր անցքերով քերիչով քերեք կիտրոնի կեղեւը: Այս ամենն ավելացրեք սենյակային ջերմաստիճանի հասած կարագին, ավելացրեք մի փոքր աղ, սեւ պղպեղ, լավ խառնեք, լցրեք պոլիէթիլենային թաղանթի վրա, փաթաթեք ռուլետի տեսքով, դրեք սառնարան մի քանի րոպեով:
Եփված եգիպտացորենը կտրատեք 2 կամ 3 մասի, վրան դրեք համեմված կարագի փոքր կտորներ եւ մատուցեք: Կարագը հալվում է եւ հրաշալի համ է տալիս եգիպտացորենին:
Ավելացած կարագը պահեք սառնարանում եւ կարող եք ավելացնել խաշած կարտոֆիլին, բրնձին, տապակած սմբուկին, դնել ձկան, սթեյքի վրա կամ պարզապես տաքացրած հացին քսել եւ ուտել:
Բարի ախորժակ:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ