Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Գասպարյան. «Նախապես գիտեինք, որ արտակարգ դրություն պետք է հայտարարվեր»

Օգոստոս 18,2019 12:36

1in.am-ը  հրապարակել է Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում 2008թ. ՊՆ Ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի նախաքննական ցուցմունքը: Ներկայացնում ենք հարց ու պատասխանից մի հատվածի սղագրությունը՝ առանց խմբագրման:

– Որո՞նք են հանդիսանում 2008թ դրությամբ գործող Ռազմական ոստիկանության օրենքով վերապահված խնդիրները:

– Ռազմական  ոստիկանությունը զբաղվել է բանակով եւ բոլոր զինվորականների կողմից հանցագործությունների կանխումը, նախականխումը, զինվորականներով մենք ենք զբաղվել: Հետաքննությունն էլ իրականացվել է, այդ ժամանակ արդեն քննչական մարմինն առանձնացվել էր:

– Ռազմական ոստիկանության մասին ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ Ռազմական ոստիկանությունը գործում է ՀՀ պաշտպանության բնագավառում լիազոր մարմնի համակարգում եւ կոչված է ՀՀ զինված ուժերում իրականացնելու սույն օրենքով իրեն վերապահված խնդիրները: Այդ խնդիրները հստակ սահմանված են նույն օրենքի 4-րդ հոդվածում: 2008թ մարտի 1-ին եւ  2-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ Ձեր գլխավորած Ռազմական ոստիկանությունը, օրենքով վերապահված իր լիազորությունների շրջանակում, օրենքով սահմանված խնդիրներից հատկապես ո՞րն էր իրականացնում:

Դուք ու ձեր ղեկավարած ստորաբաժանումն ի՞նչ դերակատարություն եք ունեցել ինչպես  2008թ մարտի 1-ի, այնպես էլ դրան նախորդող եւ հաջորդած օրերին տեղի ունեցած իրադարձություններին: Առաջարկում եմ նկարագրել ձեր գլխավորությամբ կոնկրետ Ռազմական ոստիկանության գործողությունները՝ ըստ ժամանակագրության՝ ծառայության մեկնելու առաջին պահից՝ մինչեւ ծառայության ավարտը:

-2008թ մարտի 1-ի գիշերը, երբ Ազատության հրապարակում ոստիկանությունը ցուցարարներին… ես այդ մասին իմացել եմ վարչություն աշխատանքի ներկայանալուց հետո: Մասնավորապես, երբ ներկայացել եմ աշխատանքի,  ինձ ասացին, որ Ֆրանսիայի դեսպանատան հարակից հրապարակում ցուցարարներ են հավաքվել, երբ հետաքրքրվեցի, թե ինչ ցուցարարներ են, ինձ պատասխանեցին, որ առավոտյան Ազատության հրապարակում, առավոտ լուսաբացին ժամը 6-ին, 7-ին ոստիկանության կողմից ցուցարարներին ցրել են, իսկ ցուցարարների մի մասը ցրվել է, մյուս մասն էլ տեղափոխվել է Ֆրանսիայի հրապարակ: Էտի՝ էդ ժողովուրդն են:

Այդ մասին ինձ տեղեկացրել է իմ տեղակալներից մեկը, ինչպես նաեւ այլ աշխատակիցներ, ովքեր այդ տեղեկությունները ստացել են այնքանով, ինչքանով աշխատանքի ներկայանալիս տեղեկացել են: Դա մեր ֆունկցիան չէր, քաղաքում միտինգ անում են, միտինգը ցրում են, թե ինչ են անում, մենք գործ չենք ունեցել միտինգների հետ, բացարձակ դուրս ենք եղել այդ քաղաքական բաներից: Ես օրերը չեմ կարող հիշել, թե երբ Շտաբ ստեղծվեց, այդ Շտաբը նստած էր Կառավարության շենքում, Խաչատուրովը շտաբի ղեկավարն էր: Բոլորն այնտեղ էին, իսկ Շտաբն առանձնացված տեղ ուներ, այնտեղ էր տեղակայված: Ռազմական ոստիկանության վրա դրվել է խնդիր՝ ապահովել անվտանգությունը, ապահովել հերթափոխով: Ռազմական ոստիկանության  100 ծառայող եկել է ծառայության, ապա որոշ ժամանակ անց  նույն քանակով փոխարինվել է:

Ռազմական ոստիկանությունը Կառավարության շենքն ապահովում էր հնարավոր հարձակումներից, ներխուժումներից եւ այլ ոտնձգություններից: ԱԱԾ-ի ՊՊԾ-ն եղել է շենքի ներսում, իսկ  Ռազմական ոստիկանությունը՝ դրսում, քանի որ այդ շենքում էր Շտաբը: Ինձ ասել են՝ պահեմ շենքը, ես էլ իմ զորքի կողքն եմ եղել, կատարել ենք այդ հանձնարարությունը:

Քանի որ բանակի խնդիրն էր բարձրացվել, , ասեցին, եթե հարձակում լինի, այդ շենքը ոնց են պահելու , ասեցին, որ Ռազմական ոստիկանությունը թող շենքի պահպանությունն իր վրա վերցնի: Շտաբի պետը Խաչատուրովն էր, այնտեղ կային փոխնախարարներ, ես, այսինքն՝ կոլեգիայի անդամները: Այնտեղ այդ ժամանակ մասսայական անկարգությունների ժամանակ շատ օբյեկտներ են վերցվում պաշտպանության տակ; Այդ ժամանակ Ռազմական ոստիկանությունը պետք է իր տեղում գտնվի, զորամասերում գտնվի, ռազմական ոստիկանության ռեգիոններում, մնացել էին ռազմական ոստիկանության վարչության սպեցնազը  մոտ յոթանասուն հոգի՝ ինքնաձիգներով, հեռուստատեսությամբ էլ  ցուցադրել են: Այս տղաները եղել են պատրաստվածները, իսկ մյուսները՝ մոտ 100-120 հոգին եղել են շտաբնիկներ: Ռազմական ոստիկանությունը որեւէ գործողության չի մասնակցել:

2008թ մարտի 1-ին օրվա երկրորդ կեսին են բան արել, որ հավաքվեն Շտաբում, Ռազմական ոստիկանության ծառայողներով եղել ենք Կառավարության շենքի դիմաց, որտեղ ծառայել ենք մինչեւ հաջորդ օրը՝ մարտի 2-ի երեկո, երբ արդեն քաղաքում ամեն ինչ հանդարտվել էր: Այդ ժամանակ ասացին, որ այլեւս անհրաժեշտություն չկա, ինչից հետո Ռազմական ոստիկանության ծառայողներին հանգիստ եմ տվել: Ռազմական ոստիկանությունը չի մասնակցել ոչ մի միջոցառումների, բացի Կառավարության շենքի պաշտպանությունից, որի ժամանակ դեպքեր եւ պատահարներ չեն արձանագրվել:

-Դուք նշեցիք, որ բանակի ներգրավման հարց էր առաջացել, ասացեք՝ ի՞նչ հանգամանքներով էր պայմանավորված բանակը ներգրավելու հարցը, ո՞վ էր նման հրաման արձակել: Ըստ այդ հրամանի՝ բանակը եւ ռազմական ոստիկանությունն ինչ հրահանգավորում են ստացել: Կոնկրետ որ դեպքում ինչ գործողություններ պետք է իրականացվեին…

– (Պատասխանի այս հատվածը լուսապատճենում բացակայում է-խմբ․)…մեր լուծման խնդիրը չէր, մեր մակարդակով չէր լուծվում: Կա  Գերագույն գլխավոր հրամանատար, ոստիկանությունը միջոցառումներ է կայացվել: Որոշում է կայացվել, որ ՄՎԴ-ն տարբեր օբյեկտների պահպանությունն է իրականացրել: Այլ ուժեր չէր հերիքում, հարցրեցին, թե ռազմականի՞ց… Ես ասեցի մի 150-160 հոգի են: Այդպես Ռազմական ոստիկանությունն իր ծառայությունն է իրականացրել: Շտաբում էին գտնվում ԱԻՆ տեղակալները, ոստիկանության պետի տեղակալները, որոնք տեղից իրականացնում էին օպերատիվ կառավարումը: Ռազմական ոստիկանությունը Կառավարության շենքը պահպանելու ցուցումը տվել է Խաչատուրովը, ով ղեկավարում էր Շտաբը: Բերել էին քարտեզներ, ինչ-որ բաներ էին պլանավորում, որ փողոցները չգիտեին, դրա համար չեմ խառնվել, չեմ միջամտել:

– Ի վերջո բանակը ներգրավե՞ց, թե՛ ոչ, եթե այո, ապա ինչ իրադրությունից ելնելով, ո՞ւմ որոշմամբ, ի՞նչ նպատակով, ի՞նչ գործողություններ պետք է կատարեին:

– Ես չեմ կարող հիշել, թե երբ, բայց արտակարգ իրավիճակ հայտարարվելուց հետո ներգրավվեց; Օրը չեմ հիշում, թե կոնկրետ երբ է բանակը ներգրավվել, այնուամենայնիվ տարիներ են անցել, հիմա էլ չեմ հիշում օրերը: Թե բանակը դրանից հետո ինչ պետք է կատարեր, այդ հարցը ինձ չպետք է տալ, այդ հարցին կարող են պատասխանել նրանք, ովքեր հայտարարել են արտակարգ դրությունը, կառավարել են այդ իրադրությունը: Դրանք իմ հետ՝ կոնկրետ Ռազմական ոստիկանության հետ կապ չունեցող հարցեր են եղել: Մենք խնդիրներ ենք ունեցել, մեր գործով ենք զբաղվել:

 -Ռազմական ոստիկանության մասին ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված են Ռազմական ոստիկանության խնդիրները, որոնց թվում է զինծառայողների կողմից նախապատրաստվող կամ կատարվող հանցագործությունների նախականխումը, կանխումը եւ խափանումը, զինված ուժերի տրանսպորտային միջոցների նպատակային շահագործումը  եւ անվտանգ երթեւեկությունը:  Արտակարգ դրություն հայտարարելուց հետո, երբ բանակը ներգրավել է, ապա արդյոք Ռազմական ոստիկանությունն անելիք չունե՞ր Երեւան քաղաքում տեղակայված զինծառայողների կողմից նախապատրաստվող կամ կատարվող հանցագործությունների նախականխումը, կանխումը եւ  խափանումը, զինված ուժերի տրանսպորտային միջոցների նպատակային շահագործումը եւ անվտանգ երթեւեկության ապահովման ուղղությամբ: Ինչ կասեք այս կապակցությամբ, որ Երեւան քաղաքում զինծառայողների առկայության դեպքում առկա էր Ռազմական ոստիկանության կողմից իր խնդիրների իրականացման անհրաժեշտությունը: Այդ խնդիրները իրականացվե՞լ են, թե ոչ, եթե այո, ապա որտեղ, ինչ եղանակով, ինչ ուժերով:

-Դրանից հետո, երբ պարետային ժամ է հայտարարվել, ՎԱԻ-ն իրականացրել է պատրուլ ծառայություն, այսինքն՝ մեր պատրուլ խմբերը դուրս են եկել այն տարածքներ, որտեղ եղել են զինծառայողներ, իրականացվել է պարեկային ծառայություն: Մեր պատրուլն, իհարկե, իրականացվել է: Մենք քաղաքացիների հետ գործ չենք ունեցել, մեր գործը զինվորականների հետ էր, հետեւել ենք, որ զինվորականների կողմից իրավախախտումներ չկատարվեն…

-Քննությամբ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ներգրավել են մինչեւ արտակարգ դրություն հայտարարելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի հրապարակումը: Այդ հանգամանքը չեք հերքել նաեւ դուք: Մասնավորապես 1in.am կայքին տված հարցազրույցում հայտարարել եք «…երբ տեսնում ես էքստրեմալ իրավիճակ է, ի՞նչ է նշանակում թուղթը կես ժամ  հետո ստորագրեցին»: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ:

-Եթե որոշումը կա, ուրեմն պետք է  նախապատրաստական աշխատանքները կատարել: Կազմակերպելու ուժերը, հաշվարկելու խնդիրը, իրավիճակը վերլուծելու գործողությունները նախապես ծրագրավորվել է: Դրա համար եմ ասել, որ ի՞նչ կապ ունի, թե թուղթը երբ է ստորագրվել:

– Այսինքն ձեզ նախապես հայտնի՞ է եղել, որ ՀՀ նախագահը Արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիր էր ստորագրելու, ինչին ներգրավվելու էր նաեւ բանակը, այդ թվում՝ Ռազմական ոստիկանությունը, ինչին էլ նախապատրաստվել եք: Այդպե՞ս է:

-Իհարկե նախապես գիտեինք, որ արտակարգ դրություն պետք է հայտարարվեր, նման խոսակցություններ են եղել, եւ դրան նախապատրաստվել ենք:

-Ե՞րբ է նման խոսակցություն շրջանառվել:

-Այն ժամանակ երբ Զինված ուժերը զորանոցային վիճակի բերելու հրաման էր տրվել:

-Ըստ էության, նշված 0038 հրամանով ստեղծվել է զինվորական կառավարման նոր մարմին, ինչից ենթադրվում է, որ այդ մարմինն ունեցել է ռազմական գործողությունների ծրագիր, այլ խոսքով՝ պլան: Նշված ծրագրի մասին հայտնել եք նաեւ դուք՝ հիշյալ հարցազրույցի ժամանակ, որում մասնավորապես հայտարարել եք. «ես հայտարարում եմ, որ բանակի ծրագրային ֆունկցիան եղել է մնալ կառավարության շենքում»: Ասացեք՝ եթե դուք որպես Ռազմական ոստիկանության պետ, հրահանգ եք ունեցել մնալ կառավարության շենքում, ապա բանակային մյուս ստորաբաժանումները որտե՞ղ են տեղակայվել, Երեւան քաղաքի որ հատվածում, որ օրը եւ որ ժամերին,որոնք էին ծրագրով բանակային ստորաբաժանումներին վերապահված գործառույթները:

-Խոսքը պետք է վերապահել Պաշտպանության նախարարության ղեկավարությանը, ովքեր տեղաբաշխումներ են արել: Ինձ՝ ռազմական ոստիկաններին տեղաբաշխել են այնտեղ, որտեղ ծառայել են, մյուսներին էլ տվել են իրենց տեղաբաշխումները՝ իրենց ծառայության կոնկրետ վայրերում: Այդ տեղաբաշխումներին, թե որ ստորաբաժանումները որտեղ պետք է լինեին, ես տեղյակ չեմ: Այդ որոշումները կարող էին փոփոխվել: Ես կոնկրետ ունեի իմ տեղակայման վայրը…

 

Ըստ ցուցմունքի արձանագրության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031