Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները՝ Ամուլսարի խնդրի մասին

Օգոստոս 18,2019 10:43

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մի քանիսն անդրադարձել են Ամուլսարի խնդրին՝ արտահայտելով իրենց տեսակետը ֆեյսբուքյան գրառումների միջոցով։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանն ասել է․

Սիրելի ընկերներ,

Ինձ ճանաչողները, իմ լրագրողական գործունեությանը գոնե վերջին 15 տարիներին երբեւէ հետեւած մարդիկ իհարկե գիտեն, որ բնապահպանական, հատկապես հանքարդյունաբերության հետեւանքով ծագած բնապահպանական խնդիրները միշտ եղել են իմ ուշադրության կենտրոնում` սկսած Քաջարանի ահռելի պոչամբարների խնդրից, Ալավերդիի, Սոթքի, Թեղուտի բնության անդառնալի վնասներից մինչեւ Ամուլսարի նոր մետաղական հանքի բացման անընդունելի ծրագիր, որի ՇՄԱԳ-ը դեռ տարիներ առաջ կարդալուց հետո հասկացա, որ Հայաստանում առկա այս ոլորտի օրենսդրական կարգավորումներով, կոռուպցիոն ահռելի ռիսկերով, ոլորտը կարգավորող ինստիտուտների թերզարգացած, վերահսկող ողջ համակարգի գրեթե չգոյության պայմաններում հնարավոր չէ ունենալ պատասխանատու հանքարդյունաբերություն։

Այսօր իրավիճակն ավելի բարդ է, ժառանգել ենք մի ծրագիր, որը ոչ միայն բնապահպանական մարտահրավերների առաջ է կանգնեցնում, այլ նաեւ էապես քաղաքական է, միջազգային բազմաթիվ գործընկերների շահերի բախման կիզակետում` ներդրումային միջավայրն ու վարկանիշը վնասելու լուրջ վտանգներով։
Բայց այս ամենին երբեք չի կարող ստորադասվել Հայաստանի ազգային անվտանգությունը, իսկ բնապահպանական անվտանգությունը, հատկապես ջրային ռեսուրսների թեկուզ հնարավոր նվազագույն վնասը, ազգային անվտանգության առանցքային դրույթ պետք է լինի։ Որեւէ որոշում կայացնելուց առաջ, հետագայում նաեւ որեւէ նոր հանքի թույլտվություն տալուց առաջ նախ պետք է վերափոխենք ոլորտը կարգավորող ողջ իրավական ու գործառնական համակարգը, վերանայենք ընդերքօգտագործման քաղաքականությունը, ռազմավարությունն ու սկզբունքները, նոր միայն ձեռնամուխ լինենք այս հարցերի քննարկմանը։

Մի քանի նախնական դիտարկում.

  • Այս հարցը երբեք չպետք է դարձնել քաղաքական մանիպուլյացիաների գործիք, դա դարձնողներ ու դրա վրա քաղաքական դիվիդենտներ վաստակողներ անշուշտ կլինեն, սակայն իրապես մտահոգ քաղաքացիները լուծումը կտեսնեն խնդիրների մանրամասն քննարկման, ռիսկերի, այդ թվում նաեւ արբիտրաժում հնարավոր կորուստների վերացման շուրջ մոբիլիզացիայի ճանապարհով, ի վերջո, վստահ եմ, որ կասկած չունեք, որ բոլորիս նպատակը մեր պետական, հանրային գերակա շահի պաշտպանությունն է։
  • ԷԼԱՐԴ-ի զեկույցը` նշված բոլոր ռիսկերով, մեծ հաշվով նորություն չէր, քանի որ տարիներ առաջ նշված ռիսկերի մասին պարբերաբար միջազգային փորձագետները հնչեցնում էին, բայց կարեւոր է, որ կրկին հստակ շեշտվում է, որ ՇՄԱԳ-ում բազմաթիվ թերացումներ են առկա, հատկապես ջրային ռեսուրսների վրա ազդեցության, ԹԱԴ-երի հետեւանքների ուսումնասիրության մասով։
  • Զեկույցից ակնհայտ է դառնում, որ 2016-ին դրական եզրակացություն ստացած ՇՄԱԳ-ում կարեւորագույն փորձաքննություններ տեղ չեն գտել, կամ չեն իրականացվել պատշաճ կերպով, որն էլ հենց խիստ կասկածի տակ է դնում քրեական գործի կարճման հնարավոր որոշումը։
  • Թթվային ապարների դրենաժի (ԹԱԴ) -ի հետեւանքների մասով ուսումնասիրության լուրջ թերացումների խնդիրը ներկայացվում է նաեւ այս զեկույցում, իսկ ԹԱԴ-ը ամբողջ աշխարհում այսօր ամենամեծ բնապահպանական խնդիրներից է, փակված, լքված հանքերում և հանքավայրերում եթե անգամ հնարավոր է լինում բնապահպանական աղետը վերացնել, ապա ահռելի, միլիարդավոր դոլարների ծախսմամբ միայն։
  • Զեկույցը հստակ շեշտում է նաեւ, որ հետփակման ընթացքի, տեխնիկական սպասարկման եւ մոնիթորինգի վերացման համար Լիդիանը ընդամենը հինգ տարի է նախատեսել, մինչդեռ վնասները հարյուրամյակներ են լինելու, սա նաեւ միջազգային պրակտիկայում առկա խնդիր է, մեծ է ռիսկը, որ հանքի փակումից հետո ջրերի մշակման ծախսը ընկնի Հայաստանի կառավարության վրա: Ըստ միջազգային փորձագետների, միջազգային պրակտիկայի հարյուրավոր օրինակները փաստում են, որ ընկերության շահույթները նվազում են ծախսերի մակարդակից ներքև, իսկ տեղի (հայկական) ընկերությունը իրեն հայտարարում է սնանկ՝ մի քանի տասնյակ տարիներով ԹԱԴ-ի վերահսկողությունը թողնելով կառավարությանը։ Առկա նախադեպերը հուշում են, որ եթե ՀՀ-ն հետագայում ստանձնի հետեւանքների վերացման բեռը, ընթացիկ ծախսերը հանքի գործունեության դադարեցումից հետո կարող են էապես գերազանցել շահագործման ժամանակ պետության ստացած եկամուտները:
  • Ամենամեծ մտահոգությունը ջրային ռեսուրսների վրա ազդեցությունն է, որի վերաբերյալ այս զեկույցում հստակ ներկայացված են բազմաթիվ ռիսկեր, սա կենսական հարց է, նորից եմ շեշտում ազգային անվտանգության խնդիր, որի բոլոր վտանգները հնարավորինս բաց, թափանցիկ, առանց հուզականության ու շահարկումների պետք է քննարկենք, նոր միայն որոշում կայացնենք։

https://www.facebook.com/gayane.abrahamyan.9/posts/10217562522348625?__xts__[0]=68.ARB2cg3OrPctJoaUDR-IMm35MEPE-Oa10CvkPwoUsFEiT0oePyGfdPH3NhNZ7IRjrOydqrA7EJJQL-HwxFgPJ73QYbGE1UuTdNEukpeN99Ges6YYYWMEcDDNLil70oP-c83PC0HwYFuYExV1a9p3R3CQh5ZdkunrSV2JHYi4W1Tbcxm-DRy_sF-vQIqpr1_OZlnpvmtusjC7cUKgqg&__tn__=-R

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանն էլ, անդրադառնալով Ամուլսարի խնդրին, մասնավորապես հայտնել է հետևյալ կարծիքը․

Քաղաքականությունը բարդ իրավիճակներում առանց ավելորդ զգացմունքայնության ու փաստարկված որոշումներ ընդունելու ունակությունն է։ Ցանկացած հանքի գործարկում ունենում է բացասական որոշակի հետևանքներ։ Հարցն այն է, թե որքանով են դրանք կառավարելի: Ներկայիս օրենսդրությունն անգամ թույլ է տալիս ցանկացած պահի ցանկացած շեղման դեպքում կանխարգելիչ քայլեր ձեռնարկել, ավելին՝ հետագա խստացումներ ևս սպասվում են շուտով։

Նման իրավիճակում պետք է անկեղծ լինենք իրար առջև, բաց խոսենք, փաստերով ու նաև ի վիճակի լինենք քաղաքական որոշումների պատասխանատվություն կրել։ Այս պահի դրությամբ հանքի չշահագործման հիմք, բացի այն, որ ոչ մեկս չենք ուզում նոր հանք բացվի, չկա։ Բայց կան հիմքեր հնարավոր խնդիրների դեպքում արագ կանխարգելիչ քայլեր ձեռնարկել։ Իմ բազմաթիվ ընկերներ հավանաբար չեն հասկանա ինձ, բայց հավատացեք ցանկացած բարդ որոշումից առաջ մտածում եմ՝ ինչ կասեն իմ ապագա երեխաներն ու թոռները ինձ տարիներ անց, ու ինչպես ես կփաստարկեմ իմ քայլերը։ Դուրս գանք զգացմունքայնության ու մեղադրանք/մուննաթի դաշտից ու անցնենք փաստերի ու դիսկուրսների։

https://www.facebook.com/haytatev/posts/2550802354971293

Պատգամավոր Միքայել Զոլյանը նույնպես չի շրջանցել այդ թեման՝ ֆեյսբուքյան իր էջում կատարելով հետևյալ գրառումը․

Սիրելի ընկերներ։
Երեկվա իմ գրառումից հետո տրամաբանական է, որ ես ներկայացնեմ իմ կարծիքը Ամուլսարի հարցի շուրջ։ Առավել ևս որ արդեն շատերի համար այն գաղտնիք չէ, և ավելի ազնիվ կլինի պարզ ասել ամեն ինչ։ Ես իրավիճակը հասկանում եմ այնպես, որ Էլարդի եզրակացությունը եթե ոչ ամբողջապես բացասական է, ապա առնվազն ավելի շուտ բացասական է, քան դրական։ Այսինքն, այդ եզրակացությունը հիմք չի տալիս պնդելու, որ ռիսկերը կառավարելի են։

Մի խոսքով, քանի դեռ ինձ հակառակում չեն համոզել, դեմ եմ հանքի շահագործմանը։ Անշուշտ, ես փորձագետ չեմ այս հարցում։ Ավելին, ես դեռ շարունակում եմ ուսումնասիրել Էլարդի եզրակացությունը և բաց եմ ցանկացած փաստարկների և նոր ինֆորմացիայի համար։ Բայց այս պահին ինձ հասանելի տեղեկատվության հիման վրա կարող եմ ասել, որ իմ կարծիքը սա է։

Ամեն դեպքում, պետք է շարունակել ուսումնասիրել խնդիրը, լսել փաստարկներ բոլոր կողմերից, քննարկել հնարավոր ելքերը և հետևանքները։ Այդ գործընթացը պետք է հնարավորինս բաց և հասկանալի լինի հանրության համար։ Համոզված եմ, որ անկեղծ ու կառուցողական քննարկումների արդյունքում ի վերջո կգտնենք ամենաօպտիմալ լուծումը։ Եկեք չմոռանանք, որ մենք բոլորս՝ անկախ նրանից հանքին դեմ ենք թե կողմ, մտածում ենք Հայաստանի բարօրության մասին։

https://www.facebook.com/mikael.zolian/posts/10156555960396824

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը գրել է․

Ուշադիր կարդացի (ես աբսոլյուտ դիլետանտ եմ) «Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու գործով փորձաքննության եզրակացության» (Էլարդի եզրակացություն) 3-րդ և 4-րդ գլուխները: 4-րդ գլուխը՝ երկու անգամ:

Այս պահին արդեն ունեմ ձևավորված միջանկյալ կարծիք, քանի որ ունեմ հարցեր: Միջանկյալ կարծիքս է, որ հանքը չպետք է բացվի: Նորից շեշտեմ, որ սա միջանկյալ կարծիք է, ըստ այդմ՝ կարող է նույնը մնալ, կարող է և փոխվել տարբեր պարզաբանումներից հետո, այս կարծիքը նաև կապ չունի հանքարդյունաբերության մասին իմ կամ իմ թիմի ընդհանուր պատկերացումների հետ ու չի ձևավորվել որևէ ճնշման հետևանքով:

Խնդրով երկար զբաղված սիրելի #saveamulsar-ականներ (մարդկանց պայմանական խումբ, որոնք թվային միջավայրում ապահովում են հանրության տվյալ կարծիքի ներկայությունը), խնդրում եմ ինձ ողողել մասնագիտական և փորձագիտական բացատրություններով:

Բայց քանի որ հիմա շատ զբաղված եմ Հեռուստատեսության ու ռադիոյի մասին օրենքով, և ապակենտրոնացած եմ, շատ եմ խնդրում՝ արդյունավետության համար այդ «հեղեղումներն» անել առանց զգացական ֆոնի, հոգեբանական ճնշման և հնարավորինս կոնսպեկտած ու դիպուկ: Ես էլ իմ հերթին կաշխատեմ այլ փորձագիտական կարծիքներ լսել կամ կարդալ:

https://www.facebook.com/vahagn.tevosyan/posts/10157893062384026

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031