Չնայած մի տարի առաջ թավշյա հեղափոխությունը Հայաստանում բացահայտ հաղթանակի հասավ, ոչ ոք չի կարող հաստատ ասել, որ թավշյա հեղափոխությունն ավարտված է: Մի առիթով ինքը՝ վարչապետն էլ հայտարարեց, որ սկսվում է հեղափոխության երկրորդ փուլը:
Մեկ այլ առիթով վարչապետը հայտարարեց, որ մեր հեղափոխությունը կարող է բնական ու տրամաբանական շարունակություն ունենալ նաեւ Ղարաբաղում, որտեղ նույնպես հեղափոխական առողջ ուժեր կան, որոնք նույնպես դժգոհ են նախկին իշխանություններից եւ որոնք նույնպես ամեն ինչ կանեն, որպեսզի Արցախը մաքրվի նախկին արատավոր ավանդույթներից ու հիշողություններից:
Կարճ ասած՝ Նոր Հայաստանին զուգահեռ ու ներդաշնակ կարող է առաջանալ ու զարգանալ նաեւ Նոր Արցախի գաղափարն ու տեսլականը:
Բայց վերադառնանք Հայաստան: Ավելի ճիշտ՝ Նոր Հայաստան:
Կարդացեք նաև
Փաստորեն, Հայաստանն էլ, ինչպես քաղաքակիրթ աշխարհի մեծ մասը, օֆիցիալ կերպով չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը եւ այդ իմաստով թե՛ Հայաստանում եւ թե՛ Ղարաբաղում, սկսած Ղարաբաղյան շարժման առաջին իսկ տարիներից, Հայաստանն ու Ղարաբաղը դիտարկվում էին որպես մեկ միասնական երկիր, եւ «Միացումը» Ղարաբաղյան շարժման գլխավոր ու հիմնական կարգախոսն էր, եւ անկախության մասին խոսք չկար, եւ եթե անկախության մասին Հայրիկյանն ու ուրիշներ խոսք բացում էին, դա վերաբերում էր Հայաստանի անկախությանը, այլ ոչ թե՝ Ղարաբաղի, իսկ Ղարաբաղի ապագան դիտարկվում էր՝ որպես Հայաստանի հետ մեկ միասնական երկիր, եւ չնայած Հայաստանի քաղաքական բոլոր ուժերն անխտիր պնդում են, որ Ղարաբաղի հարցով Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ բանակցություններին պարտադիր նաեւ Լեռնային Ղարաբաղը ներկայացնող քաղաքական ուժերը պիտի մասնակցություն ունենան, այդուհանդերձ, բոլորը հասկանում են, որ հիմնականում հարցերը պիտի քննարկվեն Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ, եւ, փաստորեն, ողջ աշխարհն է Լեռնային Ղարաբաղը համարում Հայաստանի մաս, եւ ոչ միայն աշխարհն ու Հայաստանը, այլեւ Ղարաբաղն ինքն էլ է այդպես համարում:
Այսինքն, պատրաստվելով ու նախապատրաստվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընթացիկ նախագահական ընտրություններին՝ Արցախի ընտրողն ամենայն դուխով պատրաստվում ու նախապատրաստվում է ամենայն Հայոց թավշյա հեղափոխության ընթացիկ ու հերթական փուլին, որին նույնպես անհրաժեշտ է «դուխ» հանդես բերել, որովհետեւ Արցախի հերթական նախագահի թեկնածուները՝ Վիտալի Բալասանյան, Սամվել Բաբայան եւ համարժեք ուրիշներ, այնպիսի անհատականություններ են, որոնց հետ ոտք գցողն ու մրցողը պարտադիր պետք է լիարժեք ու մաքսիմալ դուխով օժտված լինի, եւ համոզված ենք, որ այդպես կլինի, որովհետեւ առ այսօր այդպես է եղել, ու նաեւ համոզված ենք, որ ազատության, արդարության ու ժողովրդավարության առումով էլ են այդ ընտրություններն աչքի ընկնելու, եւ ժողովրդավարության իմաստով էլ են առ այսօր Արցախի նախագահի ընտրություններն Ադրբեջանի նախագահի ընտրություններից ավելի աչքի ընկել, ու նաեւ դա է պատճառը, որ քաղաքակիրթ ու առաջադեմ աշխարհի համակրանքը Ղարաբաղի Հանրապետության ու ժողովրդի կողմն է, այլ ոչ թե՝ Ադրբեջանի, եւ դա չնկատելը մեր կողմից փարիսեցիություն ու աչքակապություն կլինի, որովհետեւ Ղարաբաղի ու ղարաբաղցիների հանդեպ քաղաքակիրթ աշխարհի համակրանքն ակնհայտ ու բացահայտ է, ինչպես որ ակնհայտ ու բացահայտ էր քաղաքակիրթ ու առաջադեմ աշխարհի համակրանքը մեր բացառիկ ու թավշյա հեղափոխության հանդեպ, եւ քաղաքակիրթ ու առաջադեմ աշխարհն իր էդ համակրանքն առանձնապես չի էլ թաքցնում՝ ոչ մեզանից եւ ոչ էլ ինքը իրենից, եւ շատ կարեւոր է, որ այն ամենը, ինչ կարեւորում է քաղաքակիրթ ու առաջադեմ աշխարհը, մենք ինքներս էլ կարեւորենք, եւ այդ դեպքում կարող ենք վստահ լինել, որ Ղարաբաղի նախագահի առաջիկա ընտրությունները վերստին կլինեն ազատ ու արդար, եւ մեր թավշյա հեղափոխության հաջորդ փուլերը նույնպես կլինեն «դուխով», թավշյա եւ առաջին փուլին ներդաշնակ ու համարժեք:
Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ
«Առավոտ» օրաթերթ
16.08.2019
‘… քաղաքակիրթ ու առաջադեմ աշխարհի համակրանքը Ղարաբաղի Հանրապետության ու ժողովրդի կողմն է’
… ճիշտ այնպես ինչպես հայ ժողովրդի կողմն էր 1915-ից առաջ, հետո, եւ մինչև այսօր (ինչպես միշտ, իրականում, խաչակիրների եւ մխիթարեան հայրերի օրերից): Մենք գիտենք դրա անուղակի հետևանքը սակայն (կամ այսպես ասած, օգտակարութւնն ու կշիռքը). արևմտահայ քաղաքակրթության վերջնական անհետացումը:
Կարևորը մեր ներքին կայունությունն ու համախմբվածությունն է, արեւմուտքի համակրանքը հինգերորդական հարց է եւ ինչ-որ չափով հույսը օտարի վրայ դնելու հաւասարազոր։ Առաջնորդների նախորդ սերնդին տեմոնիզացնելն ու պատմութեան աղբաման շպրտելը մեզ չի ուժեղացնում այլ պետութեան շարունակականութեան գաղաբարից է հեռացնում եւ հասարակութեան մէջ խիստ բաժանարար (ու վտանգաւոր) հիմքեր ստեղծում. նրանք արեցին այն ինչ կարող էին և գիտեին, իհարկե թերութիւններով: Էջը պետք է շրջել առանց ատելության կամ նվաստացման: